Սինգապուրյան աժիոտաժ Հայաստանում. Ահա թե ինչու

    • Մի քանի հարց Հայկ Կոնջորյանի հետ - 15 Սեպտեմբերի 2016, 15:59

Կարեն Կարապետյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության վարչապետ: Այս ընթացքում սոցիալական ցանցերում եռում էին սինգապուրյան կրքեր: Բանն այն է, որ հանրապետական պատգամավոր Մկրտիչ Մինասյանն ասել էր, թե հուսով է, որ Կարեն Կարապետյանը Հայաստանը կդարձնի Սինգապուրի պես երկիր:

Սինգապուրը երեք անգամ փոքր է Վայոց Ձորի մարզից, բայց այս քաղաք պետության համախառն ներքին արդյունքը կազմում է 471 միլիարդ դոլար: Համեմատության համար նշենք, որ Հայաստանի ՀՆԱ-ն կազմում է ընդամենը 25 միլիարդ դոլար:

Այսքանից հետո, իհարկե պետք է հումորով մոտենալ ՀՀԿ-ի կողմից Հայաստանը Սինգապուր դարձնելու մտքին, բայց ինչ որ չափով Հանրապետական կուսակցությունը Հայաստանն արդեն դարձրել է Սինգապուր: Բանն այն է, որ Սիգապուրում փաստացի գործում է միակուսակցական համակարգ. 1965-ից Սինգապուրում իշխում է Ժողովրդական գործողություն կուսակցությունը:

Չնայած երկրում անվանապես անցկացվում են ընտրություններ, բայց իշխանությունները գրեթե միշտ կեղծում են ընտրությունների արդյունքները, իսկ ընդիմադիրներին ենթարկում են հետապնդումների:

Սինգապուրում գոյություն չունի մամուլի ազատություն, իշխանությունները տոտալ վերահսկողության են ենթարկում մամուլը: Ըստ Լրագրողներ առանց սահմանների կազմակերպության՝ Սինգապուրը 2016թ.-ին, մամուլի ազատության մակարդակով 180 երկրների մեջ զբաղեցրել է 154-րդ տեղը՝ զիջելով նույնիսկ Թուրքիային և Տաջիկստանին:

Գուցե հենց սա նկատի ուներ Հանրապետական պատգամավորը, երբ ցանկանում էր, որ Հայաստանը նմանվի Սինգապուրին:

Բայց կան ավելի շատ լավ բաներ, որ կարելի է Սինգապուրից սովորել՝ առանց Սինգապուր դառնալու: Դրանց մեջ հատկապես կարևոր են երեքը, և եթե Կարեն Կարապետյանն այս երեքն էլ անի, հայրենիքը նրան չի մոռանա:

Առաջին՝ Սինգապուրում գործում է ազատ շուկայական տնտեսություն, հավասար բիզնես պայմաններ և մրցակցություն: Ըստ Համաշխարհային բանկի Doing Business ինդեքսի, 2015թ. Սինգապուրն աշխարհում 1-ին տեղն է բիզնեսով զբաղվելու հեշտությամբ, իսկ 2016թ. Սինգապուրը ճանաչվել է աշխարհի  2-րդ ամենաազատ տնտեսությունը:

Երկրորդ՝ Սինգապուրն իսկական ներդրումային դրախտ է բազմաթիվ ընկերությւոնների համար: Միայն 2014թ. Սինգապուրում կատարվել են 81 միլիարդ դոլարի օտարերկրյա ուղիղ ներդրումներ, և դրանով երկիրն առաջ է անցել Բրազիլիայից, Կանադայից և Մեծ Բրիտանիայից: Սինգապուրում գործում են ավելի քան 7000 արտասահմանյան ընկերություններ, որոնց համար ստեղծված են հավասար մրցակցային պայմաններ:

Եվ երրորդ՝ ամենակարևորը՝ Սինգապուրը աշխարհի ամենաքիչ կոռումպացված երկրներից է: Ըստ Trancparency International կազմակերպության՝ 2015թ. կոռուպցիայի ընկալման ինդեքսով Սինգապուրը 168 երկրների մեջ զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը: Եվ սա այն դեպքում, երբ իր ստեղծման պահին Սինգապուրը համարվում էր աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկը:

Ավելի մանրամասն՝ տեսանյութում