Տիկնիկային թատրոնում տարվա ընթացքում 400 ներկայացում է բեմադրվել

  • Հասարակություն - 29 Դեկտեմբերի 2017, 18:33

Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տարվա ընթացքում չորս նոր ներկայացում է բեմադրվել: Թատրոնը հյուրախաղերով եղել է ինչպես ՀՀ մարզերում, այնպես էլ Արցախում:

Այս մասին դեկտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանը:

«Այս տարին բավականին հետաքրքիր էր: Մասնակցել ենք փառատոների Ռուսաստանում, Կանադայում և այլ երկրներում` ցուցադրելով տարբեր ռեժիսորների ներկայացումներ: Մասնակցել ենք տիկնիկային, դրամատիկ, էքսպերիմենտ բեմադրություններով: Բոլոր փառատոներից մրցանակներով ենք վերադարձել: Պրահայի թատերական փառատոնին արժանացել ենք գլխավոր մրցանակի», «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Բաբայանը:

Տիկնիկային թատրոնում այս տարի 400-ից ավելի ներկայացումներ են խաղացել, ունեցել 60 000-ից ավելի հանդիսատես:

Բաբայանի խոսքով` թատրոնում շատ ակտիվ են աշխատում երիտասարդները, ինչը կարևոր է:

Խոսելով ամանորյա ներկայացումների մասին` գեղարվեստական ղեկավարը շեշտեց, որ շատ հետաքրքիր գործեր են բեմադրվում: «Պետք է խոստովանեմ, որ վերջին երեք տարիներին ինձ շատ են դուր գալիս այդ բեմադրությունները, շատ ժամանակակից են, ուրախ, գեղեցիկ, ամենակարևորը` մարդկային», ասաց նա:

«Արի միասին պարզենք, թե ով է գողացել նվերները» ամանորյա բեմադրությունը, որը դեկտեմբերից մինչ հունվար կլինի թատրոնի բեմում, զրոյից հարյուր տարեկան մարդկանց համար է: Այն սեր ու բարություն է քարոզում: «Եթե ցանկանում ես փոխել մարդուն, պետք է դա սիրո միջոցով անել: Այդ ժամանակ աշխարհը փոխվում է», ընդգծեց Ռուբեն Բաբայանը:

Ամենաընթերցվածը