Սևանում մեկնարկած Ստարտափ Սամմիթը կանցկացվի նաև Գոայում

  • Հասարակություն - 28 Դեկտեմբերի 2017, 16:09
Արթուր Ջանիբեկյանի և Հակոբ Հակոբյանի կողմից հիմնադրված «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի «Սևան Ստարտափ Սամմիթ» ամենամյա բիզնես ֆորումը արդեն զուտ հայկական ֆենոմեն չէ, այն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ» անվամբ նախատեսվում է իրականացվել ԱՄԷ-ում, Հնդկաստանում, Իսպանիայում, Սինգապուրում և մի շարք այլ երկրներում: «Սիսայդ ստարտափ սամմիթ»-ի համաշխարհային պրոյեկտ դառնալու նպատակով «Գրանատուս վենչուրս» առաջին հայկական վենչուրային ընկերության հետ համատեղ հիմնադրվում է «Սիսայդ Ստարտափ Հոլդինգս» ընկերությունը։ Այս համագործակցությունը կարևոր հիմք է դնում ծրագրի հետագա զարգացման և տարածման համար։

-2016 թվականին առաջին «Սևան ստարտափ սամմիթ»-ից հետո ակնհայտ դարձավ, որ ստարտափ համայնքը ոչ ֆորմալ պայմաններում հաղորդակցվելու և նոր գիտելիքներ ձեռք բերելու մեծ կարիք ունի: Այժմ մենք հասել ենք նրան, որ աշխարհի մի շարք երկրներից ներդրողներ առաջարկում են մեզ նույն ձևաչափով ստարտափ հավաքներ անցկացնել նաև իրենց երկրներում,-նշեց «Ստարտափ Արմենիա»-ի համահիմնադիր Տիրան Հակոբյանը։

-«Սևան ստարտափ սամմիթ»-ի միջազգայնացումը հնարավորություն կտա հայկական ստարտափ էկոհամակարգին ուղիղ կապ հաստատել միջազգային ներդրողների և ստարտափ համայնքների հետ: Մենք նախատեսում ենք սիսայդ սամիթների լավագույն մասնակիցներին հնարավորություն տալ մասնակցելու «Սևան ստարտափ սամմիթ»-ին, որը լինելու է տարվա գլխավոր միջոցառումը։ Հայաստանն արդեն իսկ ունի արդի տեխնոլոգիական լուծումներով ստարտափների շարք, որոնց բարդ տեխնիկական լուծումները տեղական մասնագետների յուրահատուկ որակների վրա են հիմնված: Մենք նպատակ ունենք Հայաստանը դարձնել համաշխարհային ստարտափ էկոհամակարգի կարևոր հանգույցներից մեկը և այդ կերպ աշխարհի տարբեր երկրներից ներգրավել օտարերկրյա կապիտալ,-նշեց «Գրանատուս Վենչուրս»-ի կառավարող գործընկեր Մանուկ Հերգնյանը:

Ծրագրի գլոբալացման գաղափարը արդեն տվել է իր առաջին պտուղները։

Ֆորումի հեղինակները արդեն հայտարարել են 2018 թվականի փետրվարի 8-12-ը Արաբական Միացյալ Էմիրություններում «Սիսայդ ստարտափ սամմիթ» անցկացնելու մասին, որտեղ ներկայացված կլինեն ամբողջ Մերձավոր Արևելքի հեռանկարային ստարտափները: Այսօր հայտարարվեց նաև Հնդկաստանի Գոա քաղաքում մարտ ամսին «Սիսայդ ստարտափ սամմիթ» անցկացնելու մասին: Գոայում ներկայացված են լինելու հնդկական ստարտափ էկոհամակարգի հիմնական դերակատարները, ինչպես նաև մի շարք թիմեր Հեռավոր Արևելքի երկրներից:

Ամենաընթերցվածը