Կարեն Կարապետյանի նախատոնական անեկդոտը

    • Հասարակություն - 28 Դեկտեմբերի 2017, 13:09
Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության դեկտեմբերի 28-ի տարեվերջյան նիստում նախարարներին ասել է, թե ինչ են անելու հունվարի առաջին եւ երկրորդ կեսին. «Հունվարի առաջին 15 օրն ամփոփում ենք, ներկայացնում ենք հանրությանն ինչ ենք արել, հաջորդ 15 օրը բոլոր նախարարություններով ու գերատեսչություններով ֆիքսում ենք 2018 թվականի անելիքները»:

Վարչապետի այդ պլանավորումը հիշեցնում է մի ոչ անհայտ խորհրդային անեկդոտ: Խորհրդային ձեռնարկություններից մեկում նշանակվում է նոր ղեկավար, որը ձեռնարկության կոլեկտիվին ներկայացնում է նոր աշխատակարգը, շաբաթվա պլանավորումը, զայրացած ասելով, որ այլեւս չեն կարող աշխատել նախկինի պես բարձիթողի, քանի որ ձեռնարկությունը վատ վիճակում է: «Եվ այսպես, նոր աշխատանքային շաբաթվա ժամանակացույցը. երկուշաբթի՝ հաշվետվություն հանգստյան օրերի մասին, երեքշաբթի՝ նախապատրաստում աշխատանքային շաբաթվա, չորեքշաբթի՝ աշխատանքային շաբաթ, հինգշաբթի՝ հաշվետվություն աշխատանքային շաբաթվա մասին, ուրբաթ՝ նախապատրաստվում ենք հանգստյան օրերին», նոր շաբաթական աշխատակարգն է ներկայացնում կոլեկտիվին նոր տնօրենը:

«Իսկ երկար ե՞նք մենք այդպես բանելու չորեքշաբթի օրերին», շարքերի վերջից լսվում է կոլեկտիվի անդամներից մեկի ձայնը:

Կառավարությունը փաստորեն 2018 թվականի առաջին 15 օրը հանրությանը փորձելու է համոզել, թե ինչքան լավ է աշխատել եւ ինչպես է դեպի լավը փոխվում հասարակության ու պետության կյանքը:

Հետո հաջորդ 15 օրերին որոշելու են, թե ինչ են անելու:

Ու դա կառավարության նիստի մակարդակում բարձրաձայնվող պլանավորում է, այն էլ մի դեպքում, երբ 2018 թվականի հունվարը մեկնարկում է հասարակության եւ բիզնեսի համար մի քանի մարտահրավերով, այդ թվում Հարկային օրենսգրքի գործողություն եւ ԵՏՄ մի շարք մաքսատուրքերի կիրառում, որոնք սպառնում են գնաճային լուրջ ճնշմամբ:

Ինչ խոսք, գուցե առաջնորդվելով սպասումների տեսությամբ, Կարեն Կարապետյանը փորձում է խուսափել բացասական սպասում առաջացնող ազդակներից, օրինակ գնաճի ռիսկերի մասին ավելորդ գնահատականներից, որոնք կարող են միայն էլ ավելի մեծացնել այդ ճնշումը:

Բայց միթե կառավարության նիստի մակարդակում հնարավոր չէ նոր տարվա մեկնարկի համար պլանավորել կառավարության ավելի իմաստալից անելիք, քան ասենք 15 օր շարունակ հասարակությանը հեքիաթ պատմելը: Հեքիաթ, որովհետեւ եթե հանրությունն ինքը չի զգում կառավարության աշխատանքի էֆեկտը, ապա ինչ էլ որ նրան պատմեն, միեւնույն է, դրանից չի ստացվելու ոչինչ:

Հովիկ Աբրահամյանն իր վարչապետության շրջանում նախարարներին կշտամբում էր, որ հանրությանը բավարար աշխուժությամբ չեն ներկայացնում տնտեսական աճի, դրական զարգացումների ցուցանիշները: Չի բացառվում իհարկե, որ Աբրահամյանը ակնարկում էր սաբոտաժի մասին, բայց հազիվ թե նրան փրկեր այն, որ նախարարները սկսեին առավել ինտենսիվ ու ակտիվ ներկայացնել հանրությանը, թե ինչ են արել կամ անում:

Դա չի փրկելու նաեւ Կարեն Կարապետյանին, եթե բանը հասնի նրան, որ իշխանության համակարգում հասունանա նրա վարչապետությունն արգելակելու քաղաքական որոշումը, եւ հազիվ թե 2018 թվականի հունվարի առաջին 15 օրերի քարոզչությունը որեւէ բան փոխեն այդ հարցում:

Չի բացառվում նաեւ, որ Կարեն Կարապետյանն ունի այլ հաշվարկ: Հաշվի առնելով այն, որ Հայաստանի հասարակությունն այդուհանդերձ ձգտում է հնարավորինս առատ սննդով ու խմիչքով դիմավորել Նոր Տարին եւ նշել այն մի քանի օր շարունակ, ընդհուպ մինչեւ հին նոր տարի, այսինքն հունվարի 13, դա թերեւս դիտվում է հասարակությանը կյանքի վերափոխման եւ աշխույժ զարգացումների մասին հայտնելու ամենապատեհ ժամանակաշրջանը, քանի որ տոնական թմբիրին դեռեւս հաջորդած չի լինի հետտոնական դեպրեսիան:

Ամենաընթերցվածը