Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանը երիտասարդ գրողների ստեղծագործական մրցույթ է հայտարարել

  • Հասարակություն - 27 Դեկտեմբերի 2017, 11:20
Գալիք տարում Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանը նոր և արդեն իսկ ծանոթ ծրագրեր կիրականացնի, որոնք կհետաքրքրեն ոչ միայն երեխաներին, այլև մեծահասակներին: 2018 թ. փետրվարի 19-21-ը գրադարանում գրքերի ցուցահանդես-վաճառք կանցկացվի: Դրա շրջանակում հայտարարվել է ստեղծագործական մրցույթ:

Այս հարցերի շուրջ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանի հետ:

«Տոնավաճառում ներկայացվում է մանկապատանեկան գրականության ողջ դաշտը: Այն ասես տարվա ընթացքում վերոնշյալ գրականության հետ կապված աշխատանքի յուրօրինակ հաշվետվություն լինի. պարզ է դառնում, թե ինչ գրականություն է հրատարակվել, որ ստեղծագործություններն են ժողովրդականություն վայելել և այլն»,-ասաց Տոնոյանը:

Նրա խոսքով՝ այդ օրերին 3000-ից ավելի այցելուներ են գալիս գրադարան, տոնավաճառին զուգահեռ տարբեր միջոցառումներ են իրականացվում՝ հեքիաթապատումներ, կլոր սեղան-քննարկումներ, զրույցներ և այլն: Հրատարակիչները 20-30 տոկոս զեղչով են վաճառում ներկայացված գրքերը:

Հաջորդ տարի անցկացվելիք տոնավաճառին մասնակցելու համար կազմակերպիչները օտարերկրացի հետաքրքիր հյուրերի են հրավիրել: Կազմակերպիչները դեռ բանակցում են նրանց հետ: Գալու դեպքում հյուրերից յուրաքանչյուրն իր լեզվով «Հեքիաթի դեսպաններ» խորագրի ներքո հեքիաթ կկարդա երեխաների  համար:

Տոնավաճառի շրջանակում նաև ստեղծագործական մրցույթ կանցկացվի:  «Արտբրիջ» գրախանութ-սրճարանի և IBBY Հայաստանի (Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի հայաստանյան մասնաճյուղ) հետ համատեղ կազմակերպված մրցույթը կանցկացվի մանկական պատմվածք, հեքիաթ և բանաստեղծություն ժանրերում: Կարող են մասնակցել 16-25 տարեկան ստեղծագործող շնորհալի պատանիներն ու երիտասարդները:

Աշխատանքները պետք է ներկայացնել 2017-ի դեկտեմբերի 15-ից մինչև  2018-ի հունվարի  25-ը Խնկո-Ապոր գրադարանի համապատասխան բաժնում:

Լավագույն ստեղծագործությունները կտպագրվեն: Աշխատանքները կգնահատվեն ըստ հետևյալ չափանիշների` ստեղծագործության ինքնատիպություն և գեղարվեստականություն, մանուկների համար հետաքրքրաշարժ և ուշագրավ դիպաշարի առկայություն:

Ռուզան Տոնոյանն ընդգծեց, որ մրցույթի նպատակն է նպաստել Հայաստանում մանկագրության զարգացմանը, երիտասարդ հեղինակների հետաքրքրությունը մեծացնել մանկապատանեկան գրականության նկատմամբ:

«Ցանկանում ենք, որ մրցույթը դառնա ամենամյա: Դրա միջոցով մենք կարող ենք երիտասարդ մանկագիրների գտնել, խրախուսել: Մեր ներկայիս մանկագիրները հասուն են, երիտասարդները քիչ են գրում և շահագրգռված չեն ստեղծագործել երեխաների համար, ուստի այդ դաշտը բաց է: Մենք փորձում ենք լրացնել այն»,-եզրափակեց գրադարանի տնօրենը:

Ամենաընթերցվածը