Ոսկե ծիրան կինոփառատոնը նամակ է ստացել ռուս նշանավոր կինոռեժիսոր, Ոսկե ծիրան 9-րդ երևանյան միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուր Ալեքսանդր Սոկուրովից, որը սիրով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
Սրտանց շնորհակալ եմ ձեր գեղեցիկ կինոփառատոնին մասնակցելու հրավերի, Հայաստանին և նրա պատմությունն ու մշակույթը հիշող և մեծարող մարդկանց հետ ծանոթանալու առիթի համար:
Վերստին խորին երախտագիտությունս եմ հայտնում իմ աշխատանքին տրված բարձր գնահատականի` Հայ Առաքելական Ս. Եկեղեցու սահմանած Եղիցի լույս մրցանակի համար:
Սա իմ առաջին այցելությունն էր ձեր զարմանալի երկիր, ուր ես իմ աչքերով տեսա, թե որքան դժվար է այդ մարդկանց կյանքը:
Բայց նրանց արիությունն ու միասնականությունն օրինակելի են շատ այլոց համար. հիրավի սա ոգեկոչման դաս էր:
Ձեր փառատոնը ճշմարիտ վեհ գործ է, քանի որ մարդկանց հաղորդակից է դարձնում աշխարհի լավագույն ֆիլմերին, կրթում նրանց ճշմարիտ կինոարվեստի մթնոլորտում, որը զերծ է բարոյական տկարությունից և էժանագին հնարքներից: Եվ ամենակարևորը` ձեր փառատոնն աջակցում է տարբեր երկրների հայերին` նրանց ներկայացնելով հայրենիքի հետաքրքրությունն իրենց աշխատանքի և կինոստեղծագործությունների հանդեպ: Հիրավի դա մեծ գործ է:
Հատկապես կուզենայի առանձնացնել ձեր հրաշալի երիտասարդությանը. տա Աստված, որ նրանք իրենց եռանդի կիրառման հնարավորությունն հայրենիքում ունենան, որ կարողանան աշխատել նրա բարորության համար:
Այդ մի քանի օերերի ընթացքում ես հասցրեցի սիրել ձեր երկիրը, և նրա հրաշալի մայրաքաղաքը` ջերմ ու գեղեցիկ Երևանը:
Ձեր փառատոնին մաղթում եմ հետագա ծաղկում և կատարելագործում: Երախտապարտ եմ զգալի օգնության համար, որ ցուցաբերեցիք հյուրընկալման ժամանակ:
Ալեքսանդր Սակուրով
Հուլիս, 2012, Սանկտ Պետերբուրգ
