Մինչեւ նոյեմբեր շահագործման կհանձնվի 11-րդ դարում կառուցված Գառնիի կամուրջը։ Շինարարական աշխատանքները սկսվել են հուլիսի 2-ից եւ առաջին փուլը կավարտվի օգոստոսի 15-ին։ Ընկերության պատասխանատուները վստահեցնում են, որ այն ամբողջությամբ պատրաստ կլինի նախանշված ժամկետից շուտ։ Պատմամշակութային այս եզակի հուշարձանը վերանորոգելու մասին հուշագիրն անցյալ տարի ստորագրել են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը։ Ամերիկյան հիմնադրամն այդ նպատակով հատկացրել է 110 հազար ԱՄՆ դոլար գումար։ Աշխատանքների պատվիրատուն «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանություն ծառայության» ՊՈԱԿ-ն է, իսկ մրցույթով ընտրված կապալառուն «Տիգրան-Ավիկ» ՍՊԸ-ն: Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ու ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչները եղան Գառնիում՝ տեղում ծանոթացան շինարարական աշխատանքների ընթացքին։
«Կամրջի վերականգնումը կարող է վերածվել «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի և «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքներում գտնվող նշանավոր հուշարձանային համալիրների կապակցման արդյունավետ եղանակի՝ պահպանելով հուշակոթողը և այն օգտագործելով կրթամշակութային, զբոսաշրջային նպատակներով։ Կամրջի վերականգնումը կարող է նաեւ խթան հանդիսանալ համայնքի բնակիչների սոցիալ-տնտեսական զարգացման համար», - լրագրողների հետ զրույցում ասաց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը։
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի մշակույթի հարցերով կցորդ Շոն Օ Հարայի համոզմամբ, Հայաստանն օրհնված երկիր է, քանի որ մեծ թվով պատմամշակութային արժեքներ ունի, որը պիտի պահպանի։
«800 տարի գոյություն ունեցող հուշարձանը, կարծում եմ առնվազն 800 տարի էլ կանգուն կլինի։ Այս հուշարձանը մի կողմից կամուրջ է Հայաստանի ու միացյալ նահանգների, մյուս կողմից՝ Հայաստանի անցյալ ու ապագայի միջեւ»- իր խոսքում նշեց Շոն Օ Հարան։ Դեսպանատան ներկայացուցիչն աշխատանքների այս փուլի ընթացքը գոհացնող համարեց։
Կամուրջը կվերկանգնվի նույն գույնի տուֆով ինչպիսին ունեցել է կամարն ու թառը։ Հիշեցնենք, որ Ազատ գետի վրա կառուցված կամուրջը Գառնի գյուղը կապում է գետի ձախ ափին գտնվող Հավուց Թառ և այլ նշանավոր վանական համալիրների և հուշարձանների հետ: Կառուցված է կրաշաղախով կապակցված բազալտով, իսկ թաղը և ճակատային որմնակամարները կարմիր և սև սրբատաշ տուֆե շարվածքով: Կամուրջը նախկինում մի քանի անգամ վերանորոգվել է /XVII-XVIII դարերի ընթացքում/, իսկ 2009թ. Պետբյուջեից հատկացված միջոցներով սրբատաշ տուֆ քարով երեսպատվել և արդեն մասնակի վերանորոգվել է կամրջի մի մասը, որը սակայն, վթարային վիճակում էր հայտնվել։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանություն ծառայության» ՊՈԱԿ
