Գյուղացիներին բաժանված ցորենի անորակ սերմնացուից ստացված ցածր բերքի վերաբերյալ դժգոհությունը դեռ չավարտված, գյուղացիները կրկին ահազանգում են: Այս անգամ նրանց ահազանգի թեման գյուղատնտեսական մշակաբույսերի նոր վնասատուի` ցեցի տարածումն է:
Ամենայն հավանականությամբ, ցեցը բանջարեղենի սերմերի հետ ՀՀ տարածք է ներթափանցել հարևան Թուրքիայից:
Ցեցը արդեն մեծ վնաս է հասցրել կարտոֆիլին, լոլիկին, և այլ մշակաբույսերի: Ցեցի տարածմանը նպաստում են շոգ եղանակը, մոլախոտերի տարածվածությունը, գյուղատնտեսական վնասատուների դեմ համատարած պայքարի միջոցառումների կիրառման բացակայությունը ևայլն:
Յուրաքանչյուր օրը, ժամը, րոպեն մեծ նշանակություն ունեն ցեցի բազմացման և տարածման տեսանկյունից: Որքան ցեցի դեմը շուտ առնենք, այնքան շատ քանակության գյուղմթերք կփրկենք վնասվելուց, և չենք թողնի,որ ցեցի համաճարակը տարածվի երկրով մեկ:
Հարց է առաջանում` ինչպե±ս եղավ, որ ցեցը ներթափանցեց Հայաստանի տարածք: Որտե±ղ էին գյուղնախարարության սննդի անվտանգության պետական ծառայության համապատասխան աշխատակիցները, ովքեր սահմանի վրա կամ լավ չեն աշխատել (ներմուծման թույլտվություն տալուց առաջ ինչպես հարկն է, չեն ստուգել բանջարեղենի սերմերը) կամ էլ` մաքսանենգ ճանապարհով (առանց ստուգման), բանջարեղենի սերմերի հետ միասին, ցեցը ներթափանցել է ՀՀ տարածք:
Բազմիցս նշել եմ, որ բանջարեղենի սերմերի ներկրումը Հայաստան լավ չի վերահսկվում: Այդ սերմերի հիմնական մասը մեր երկրի տարածք է ներթափանցում մաքսանենգ ճանապարհով: Այս հարցում համոզվելու համար կարելի է ցանքից առաջ շրջայց կատարել բանջարեղենի սերմերի վաճառքի շուկաներ: Այնուհետև, փորձեք սերմը գնելուց հետո սերմվաճառողներից պահանջել սերմի ձեռքբերման փաստաթուղթ կամ հաշիվ-ապրանքագիր: Սերմեր վաճառողների հիմնական մասը չունեն սերմերի ձեռքբերման անհրաժեշտ ուղեկցող փաստաթղթերը: Լավագույն դեպքում նրանք ձեզ կտրամադրեն ՀԴՄ կտրոններ:
Ի վերջո հարց է առաջանում`ո±վ է պատասխան տալու երկրի տարածք այդ վնասատու միջատի մուտքի համար:
Հիշենք, որ մի քանի տարի առաջ Վրաստանի սահմանով ՀՀ տարածք ներթափանցեց խոզերի աֆրիկյան ժանտախտ հիվանդությունը, որի պատճառով համաճարակի զոհ դարձան երկրի խոզերի գլխաքանակի կեսից ավելին: Սակայն մինչ օրս ոչ ոք պատասխան չի տվել այդ աղետի համար, ավելին` համար առաջին պատասխանատու, գյուղնախարարության անասնաբուժության պետական տեսչության պետ Գ. Բաղիյանը նշանակվեց գյուղնախարարի առաջին տեղակալ:
Մնում է սպասել և տեսնել` հիմա± ում պաշտոնն են բարձրացնելու: Թե± այնուամենայնիվ պայքարի լուրջ միջոցառումների միջոցով կանխվելու է եկող տարի սպասվելիք, օրինակ, կարտոֆիլի բերքի իսպառ ոչնչացումը:
Սարգիս Սեդրակյան
“Ֆերմերայինշարժում” ՀԿ նախագահ
«Կայուն զարգացման ծրագրի»
Քաղաքացիական համագործակցության նախագահ
