ԱՄՆ ներկայացուցիչները հաստատել են, որ հակազդելու են համացանցի նկատմամբ վերահսկողությունը ՄԱԿ-ին փոխանցելու փորձերին: Ներկայում տեխնիկական առանձնահատկությունների եւ դոմենային անունների վերահսկողությունն իրականացնում են մի քանի ամերիկյան կազմակերպություններ, գրում է BBC-ն:
Նրանց գործունեությունը կարգավորում է առեւտրի նախարարությունը, սակայն դրանք իշխանությունների ուղղակի վերահսկողության տակ չեն գտնվում:
Վերջին ժամանակներս մի շարք ենթադրություններ են հնչել, որ որոշ երկրներ փորձելու են հասնել նրան, որ համացանցի վերահսկողությունը փոխանցվի ՄԱԿ-ին: Այդուհանդերձ, ոչ ոք չի կարող ստիպել ԱՄՆ-ին գնալ այդ քայլին:
Դեկտեմբեր ամսին Դուբայում տեղի է ունենալու հանաժողով, որտեղ 178 երկրների փորձագետներ քննարկելու են Միջազգային էլեկտրակապի կանոնակարգի բարեփոխման հարցը, որն ընդունվել է 1988 թվականին: Այն հաստատում է հեռահաղորդակցության տարբեր ցանցերի միջեւ տվյալների փոխանակության կանոնները:
ԱՄՆ ներկայացուցիչները նշել են, որ գոյություն ունեցող կազմակերպությունները ոլոտի շահագրգիռ ներկայացուցիչների եւ քաղաքացիական հասարակության հետ միասին միշտ արդյունավետ են գործել եւ ապագայում էլ ապահովելու են համացանցի անխափան աճն իր բոլոր առավելություններով:
