ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դեռ չի պատրաստվում ուսումնասիրել հացի շուկան:
«Եթե խիստ ստուգումներ իրականացվեն հացի շուկայում, ապա հաց արտադրողների կեսից ավելիի, եթե ոչ 80 տոկոսի գործունեությունը պետք է կասեցնեն»,-«Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում նշեց Սպառողների իրավունքների պաշտպանություն ՀԿ փոխնախագահ Կարեն Չիլինգարյանը: Ըստ նրա՝ հացի գնի, քաշի և որակի հետ կապված խնդիրները մեզանում վերածվել են մշտական խնդրի:
«Մշտական է դառնում միևնույն խնդիրը՝ կապված հացաթխման, հացի տեղափոխման և փաթեթավորման սանիտարահիգիենիկ պայմանների հետ: Նորմերը գրեթե ամեն տեղ խախտվում են: Հայաստանում կան հաց արտադրող բազմաթիվ ընկերություններ, հենց այդ պատճառով էլ դժվարանում է հացի շուկայի վերահսկման գործընթացը»,- նշեց Կ. Չիլինգարյանը:
Ըստ նրա՝ գնորդը պետք է իրազեկ լինի հացի որակի, բաղադրության, թարմության, քաշի, պահպանման ժամկետի մասին, ինչն արտադրողները խուսափում են նշել։
«Հատուկենտ արտադրողներ կան, որ սպառողին տեղեկացնում են այդ մասին: Վերջերս էլ հացի շուկայում թանկացում եղավ: Որոշ արտադրողներ թանկացրին հացը, որոշներն էլ գերադասեցին քաշը նվազեցնել: Բայց թե որքան՝ պարզ չէ»,- նշեց Կ. Չիլինգարյանը:
Խնդրի առնչությամբ պարզաբանում ստանալու համար դիմեցինք ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն:
Մամուլի պատասխանատու Բաբկեն Պիպոյանը «Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում նշեց, որ խնդիրն իսկապես արդիական է և լուրջ քննարկման կարիք ունի: Այնուամենայնիվ, ըստ նրա՝ Հանրային կոմիտեի նախորդ նիստի ընթացքում որոշվել է առաջին աշխատանքներն անել ռիսկային շուկաներում, հետո միայն անդրադառնալ հացի շուկային: Բ. Պիպոյանի խոսքով՝ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն այժմ ուսումնասիրում է մսամթերքի և պաղպաղակի շուկան: Դրանից հետո անգամ հերթը թիվ 1 սննդամթերքինը չի լինելու:
«Մեզ համար առաջնային է սննդի անվտանգությունը: Մսամթերքի և պաղպաղակի շուկայի ստուգումներից հետո կուսումնասիրվեն կաթի և կաթնամթերքի շուկան: Եթե 100 գրամանոց հացն ասենք վաճառվում է 200 գրամի փոխարեն, ինքներդ որոշեք՝ արդյոք դա ավելի շատ սննդամթերքի անվտանգությա՞ն խնդիր է»,- նշեց ծառայության մամուլի պատասխանատուն:
Ըստ նրա՝ հացը կարող է փաթեթավորված չլինել, բայց պետք է ունենա համապատասխան փաստաթուղթ, որում նշված լինի կշիռը, ինչպես նաև թե երբ է այն վառարանից դուրս բերվել: «Օրենքով սահմանված կարգով այդ ամենը պետք է նշված լինի, բայց ես տեղյակ եմ, որ հաց արտադրողների մի մասը դա չի անում»: «Արդյոք այդ տեղեկությունը հիմնված է նախկինում կատարված ստուգումների վրա» հարցին ի պատասխան՝ Բ. Պիպոյանը նշեց .«Ոչ, պարզապես ես անձամբ գիտեմ»:
Հիշեցնենք, որ դեռ անցած տարի ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության սննդի անվտանգության և որակի վերահսկողության տեսչության պետ Արթուր Վարժապետյանն անդրադառնալով հացի որակի, բաղադրության, թարմության, քաշի հետ կապված խնդիրներին, տեղեկացրել էր, որ այս ուղղությամբ աշխատանքներ տարվում են, և առաջիկայում սպառողները կնկատեն դրական արդյունք։ Առաջիկա ասվածը երևի լայն հասկացություն է:
