Lragir.am-ի խմբագրությունը նամակ է ստացել vartan hambartsumyan [hambvart@yahoo.com] էլեկտրոնային հասցեից, որում նշվում է.
Էրեբունու վարչական շրջանի Նոր Արեշ 50 փողոցի վերջնամասում (նախկին «բոլտի» գործարանի անմիջապես դիմացը) տարիներ շարունակ եղել է գործող կանաչապատ մանկական այգի, որն ունեցել է բազմաթիվ ծառեր եւ որտեղ գտնվել են մանակական կարուսելներ, նստարաններ: Համայնքի բնակիչների համար այդ այգին եղել է հանգստի միակ վայրը, իսկ երեխաների համար՝ միակ խաղահրապարակը:
Սակայն վերջի տարիների ընթացքում այգին սկսեցին զավթել: Նախ այգու մի հատված պարսպապատվեց, կտրվեցին բոլոր ծառերը ու հանվեցին նստարաններն ու ճոճանակները եւ տեղը կառուցեցին «վուլկանիզացիա»: Ապա այգու մյուս սկզբնահատվածը բռնազավթեցին ու այդ տեղում, իհարկե կանաչ տարածքի հաշվին, կառուցեցին «մոյկա»:
Մի քանի օր առաջ «վուլկանիզացիայի» ու «մոյկայի» արանքում գտնվող տարածությունում սկսցեցին ինտեսիվ շինարարական աշխատանքներ. կառուցում են հերթական օբյեկտը: Ճիշտ է, դեռ այս շինարարության ժամանակ ծառերը չեն հատվել, բայց երկու ծառ գտնվում է անմիջապես շինության ներսում, ինչից պարզ է դառնում, որ ծառերը հատվելու են:
Բռնազավթել են նաեւ այգու հետին հատված, ջարդել-հանել են մանկական կառուսելները եւ կրկին ինտենսիվ շինարարական աշխատանքներ են կատարվում:
Շինությունների կողմից զավթվել է մայթը, որի պատճառով բնակիչները ստիպված են քայլել փողոցի մեջտեղով՝ վտանգելով իրենց կյանքը: Խնդրի կապակցությամբ դիմել եմ ՀՀ Կառավարությանը, Բնապահպանության նախարարությանը, Քաղաքաշինության նախարարությանը, Երեւանի քաղաքապետարանի թեժ գծին, լրատվական բաժնին եւ ճարտարապետական բաժնին, Էրեբունու վարչական շրջանի թեժ գծին, սակայն քար լրություն:
Խնդրում եմ բոլորիդ օգնությունը՝ խնդիրը բարձրաձայնելու եւ պատասխանատու մարմինների ուշադրության կենտրոնում պահելու համար:
