Հուլիսի 27-ի երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպությունը անցկացրեց ակցիա հեռուստասերիալներում կանանց նկատմամբ բռնության դեմ:
Ակցիայի սկզբում կազմակերպության անդամները բաժանեցին տեղեկատվական թռուցիկներ «Դժվար ապրուստ» սերիալում գենդերային տեսանկյունից իրականացված վերլուծության մասին, անցորդներին նվիրեցին թևնոցներ և հուշանվերներ, որոնց վրա գրված էր «Տարբեր սեռեր, հավասար հնարավորություններ»: Միևնույն ժամանակ սկսվեց ստորագրահավաք հեռուստասերիալներում կանանց նկատմամբ բռնությունը, սեքսիստական և դիսկրիմինացիոն դրսևորումները վերացնելու պահանջով: Մեկ ու կես ժամվա ընթացքում հավաքվեց ավելի քան 200 ստորագրություն, իսկ ստորագրահավաքի սեղանիկի մոտ առաջին իսկ պահից հերթ էր գոյացել, և անցորդները ստիպված էին սպասել՝ ստորագրելու համար:
«Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության վերլուծության համաձայն՝ ուսումնասիրվել է Դժվար ապրուստի 730 րոպե, կանանց մասնակցությամբ տեսարանները կազմել են 550 րոպե: Կանանց նկատմամբ բռնությունների, լացի և ընկճվածության տեսարանները 550 րոպեի մեջ կազմել են 328 րոպե (60%): Կանանց նկատմամբ ֆիզիկական բռնությունը՝ 6.2% (34 րոպե), հոգեբանական բռնությունը՝ 22% (120 րոպե), սեռական բռնությունը՝ 0.7% (4 րոպե) և կանանց լացը և ընկճվածությունը՝ 31% (170 րոպե):
Ուսումնասիրված 10 կին գլխավոր հերոսուհիներից 10-ը ենթարկվում են բռնության, ոչ ոք չի աշխատում բացառությամբ մեկ հերոսուհու, ով կարճ ժամանակահատվածով աշխատել է որպես սպասուհի և հյուրանոցում մաքրող: Ուսումնասիրված 10 կին գլխավոր հերոսուհիներից ոչ ոք չունի սեփական որոշում կայացնելու իրավունք:
Բացի այդ, կազմակերպության անդամները իրականացրին ֆլեշմոբ: Մասնակիցներից յուրաքանչյուրը մարմնավորում էր սերիալի գլխավոր հերոսներից մեկին: Ամեն մի հերոսի կողքին գրված էր համապատասխան կարգախոս, ինչպես օրինակ՝ «Ֆելիքս-ծեծելով մորը չեն մեծարում, Սոնա-Բռնությունը հանդուրժող մոր կերպարը ընտանիքին նվիրվածության նշան չէ, Ալբերտ-Ծեծող ամուսինը լավ հայր չի կարող լինել, Գոռ-Դրական կերպարը բռնարար չի լինում, Մերի-Կնոջ սխալները ծեծելով չեն հարթում» և մի շարք այլ կարգախոսեր:
Ակցիայի ընթացքում ցույց տրվեց նաև հոլովակ, որը ներկայացնում էր «Դժվար ապրուստ»-ից տեսարաններ և ստատիստիկ տվյալներ: Հոլովակը կարող եք դիտել այստեղ՝ http://www.youtube.com/watch?v=jdgvHI-4638: Այն ակցիայից անմիջապես հետո տեղադրվեց համացանցում և կարճ ժամանակում հավաքեց դիտողների բավականին մեծ քանակ:
«Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպությունը երկուշաբթվանից սկսելու է նաև առցանց ստորագրահավաք: Մասնավորապես՝ ստորագրահավաքի հաղորդագրությունը լինելու է հետևյալը. «Ներկայումս հայաստանյան հեռուստաընկերությունների եթերը մեծամասամբ ողողված է կանանց նկատմամբ բռնության ընգծված դրսևորումներ պարունակող սերիալներով: Եթե կարծում եք, որ ժամանակն է եկել վերջ տալու հեռուստասերիալներում կանանց նկատմամբ բռնության տեսարաններին, սեքսիստական արտահայտություններին, խտրական վերաբերմունքին, կանանց մշտական լացին ու ընկճվածությանը, ապա միացեք մեզ՝ ստորագրելով ներքոհիշյալի տակ. ԵՍ ԴԵՄ ԵՄ, որ եթերով հեռարձակվեն կանանց նկատմամբ բռնության մշակույթ քարոզող սերիալներ: Որպես ՀՀ քաղաքացիներ՝ մենք ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ դադարեցնել կանանց նկատմամբ բռնության պրոպագանդան եթերով»:
