Այսօր հայկական լրատվամիջոցներն ավետեցին ամենակարեւոր լուրը՝ Անժելա Սարգսյանի տղամարդը դադարեցրել է հացադուլը: Սա քաղաքական հանգստի սեզոնի սկիզբն է: Եթե նա դադարեցրել է հացադուլը, ուրեմն քաղաքական դաշտում սպասվում է հարաբերական անդորր:
Անժելա Սարգսյանի թեման վերջին մոտ մեկ տարվա ընթացքում դարձել է Հայաստանի քաղաքական կյանքի անբաժան ուղեկիցը, եւ ինչ որ չափով նաեւ ինդիկատորը: Բավական է, որ Հայաստանում տեղի ունենա որեւէ նշանակալի, աղմկոտ ներքաղաքական իրադարձություն, անմիջապես լրահոսում է հայտնվում Անժելան իր «տղամարդով»;
Անժելան ու նրա «տղամարդն» ընդհանրապես դարձան hայաստանյան կյանքի գեներատորը վերջին տարվա ընթացքում: Շատերն իհարկե ամոթանք էին տալիս Անժելային, բայց նա մի շարք դրական ձեռքբերումներ արձանագրեց: Ընդ որում ոչ թե անձնական, այլ հասարակական նշանակության ձեռքբերումներ:
Այդ դերասանուհին Հայաստանում խթանեց հետաքրքրությունը թատրոնի նկատմամբ, որովհետեւ շատերը, որ թատրոնը շփոթում էին պատրոնի հետ, սկսեցին հետաքրքրվել, թե այդ ինչ է, որի դերասանուհի է Անժելան: Մարդիկ սկսեցին Անժելային փնտրել թատրոններում: Եվ գուցե որոնողներից շատ շատերը թատրոնում Անժելայից բացի նաեւ շատ այլ հետաքրքիր բաներ գտան ու հիմա կապվել են թատրոնի հետ, դարձել ամենօրյա այցելուն:
Շատ շատերը սկսեցին համակարգիչներով եւ ինտերնետով հետաքրքրվել, համակարգչային դասերի գնալ, որպեսզի կարողանան տիրապետել Անժելայի լուսանկարները գտնելու հմտություններին: Այդպիսով, Անժելան խթանեց հետաքրքրությունը ոչ միայն թատրոնի, այլ նաեւ ինտերնետի հանդեպ:
Անժելան նաեւ իր մասով փլուզեց Հայաստանում բազմաթիվ մասերով պահպանվող ԽՍՀՄ-ը, ցույց տալով, որ ի տարբերություն ԽՍՀՄ-ի, Հայաստանում սեքս կա, ընդ որում ոչ միայն սեքս, այլ նույնիսկ պոռնո կա: Այդպիսով, Անժելան պայքարեց խորհրդային կարծրատիպերի դեմ: Միգուցե պատահական էլ չէր, որ հենց Անժելայի պատմությունից հետո Հայաստանում սկսվեց հարսների ազատագրական պայքարը դաժան սկեսուրների եւ ամուսինների դեմ, որ դրսեւորվեց մի քանի աղմկոտ լրատվական պատմություններով:
Ըստ այդմ, Անժելայով Հայաստանում սկիզբ առավ էմանսիպացիայի եւ գենդերիզմի մի անկասելի ալիք, մանավանդ կարմիր խնձորի ծանրությունից կքած աղջիկների շրջանում, այն աստիճան, որ իշխանությունը աղջիկների ամուսնության թույլատրելի տարիքը 17-ից բարձրացրեց 18-ի:
Անժելա Սարգսյանն ու նրա “տղամարդը” ահագին գործ արեցին Հայաստանում փոփոխությունների համար: Մեկ տարվա ընթացքում նրանք ավելի շատ բան արեցին, քան տարիների ընթացքում արել են եկող ու անցող տասնյակ քաղաքական գործիչներ ու փրկիչներ ընդդիմադիր եւ իշխանական դաշտում, որոնց գործունեության բնույթը խոշոր հաշվով չի էլ տարբերվում Անժելայի եւ նրա “տղամարդու” «գործի» բնույթից:
Թերեւս հենց դրա համար Անժելան կարողացավ հաջողությամբ մրցակցել նրա հետ, նույնիսկ առանց խոսքի, ընդամենը լուսանկարներով, այն դեպքում, երբ քաղաքական «տղամարդիկ» խոսում էին ու լուսանկարվում, լուսանկարվում էին ու խոսում, չհաշված տեսագրություններն ու ձայնագրությունները: Ավելին, Անժելան ու նրա «տղամարդը» հաղթեցին այդ մարդկանց այդ մրցակցության մեջ, ինչպես ցույց էին տալիս տարբեր կայքերում Անժելայի մասին տեղեկությունների վարկանիշային ցուցանիշները:
Հաղթեցին երեւի այն պարզ պատճառով, որ ավելի ազնիվ էին իրենց գործի բնույթում, եւ չկար ոչ մի շղարշ ու կեղծիք:
Այժմ «տղամարդը» դադարեցնում է հացադուլը, եւ ըստ երեւույթին Անժելայի հետ կպատրաստվեն քաղաքական նոր եթերաշրջանին: Նրանց անշուշտ սպասում է բավական թեժ մրցակցություն, որովհետեւ քաղաքական այրերն անակնկալներ են խոստանում լսարանին: Ստիպված անակնկալներ պետք է պատրաստեն նաեւ Անժելայենք: Թեեւ կարծես թե արդեն իսկ սերմերը ցանվել են, Անժելայի սիրուհու մասին հայտաարության տեսքով, որ արձակուրդից առաջ արեց նրա «տղամարդու» մայրը: Ըստ երեւույթին, սիրուհին կաճի արձակուրդի ընթացքում, դառնալով նոր եթերաշրջանի հերոսը:
