Ֆրանսիան հուլիսի 14-ին տոնում է իր գլխավոր ազգային տոնը՝ Բաստիլի գրավման օրը: Ելիսեյան դաշտերում ռազմական շքերթին մասնակցում է 5 հազար զինծառայող եւ 450 միավոր տեխնիկա, ինքնաթիռներ, ուղղաթիռներ, նախագահ գվարդիայի ձիավորները, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Շքերթից անմիջապես հետո Օլանդը կպատասխանի ֆրանսիացի հեռուստալրագրողների հարցերին: Նոր նախագահը որոշել է վերականգնել հուլիսի 14-ի հարցազրույցի ավանդույթը, որը ներմուծել էր Ֆրանսուա Միտերանը եւ որից հրաժարվել էր Նիկոլա Սարկոզին: Երեկոյան Փարիզում եւ Ֆրանսիայի այլ քաղաքներում տեղի կունենան համերգներ եւ զբոսանքներ:
Տոնի արմատները հետ են գնում մինչեւ 1789թ, երբ հուլիսի 14-ին ապստամբած փարիզցիները գրոհով վերցրին Բաստիլ բանտ-ամրոցը՝ թագավորական բռնատիրության խորհրդանիշը: Ընդունված է համարել, որ հենց այդ օրն է սկսվել Ֆրանսիական մեծ հեղափոխությունը: Օրը տոն հռչակելու մասին հրամանագիրը ստորագրվել է 1880 թվականին:
