Այս օրերին հայկական մամուլն անդրադառնում է Աբովյան քաղաքի միջքաղաքային երթուղիների խնդրին: Բանն այն է, որ խորհրդարանի ընտրությունից առաջ երթուղիները սպասարկող ընկերություններից մեկի սեփականատերը՝ Պալաչ մականունով, ով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի սանիկն է, անդամակցել է ՀՀԿ-ին, որից հետո սկսվել են հակասություններ: Գագիկ Ծառուկյանը նույն երթուղիներով գործի է դրել բարեգործական ավտոբուսներ, որոնք անվճար տեղափոխում են մարդկանց, որի հետեւանքով Պալաչի ձեռնարկությունը լուրջ վնասներ է կրել:
ԲՀԿ պատգամավորներն ասում են, որ Պալաչը վատ ձեռներեց է, եւ այդտեղ պետք է փնտրել պատճառները, իսկ ԱԺ մարդու իրավունքի հանձնաժողովի ԲՀԿ-ական նախագահն էլ ասում է, որ բարեգործությունները շարունակվելու եւ կրկնապատկվելու են: Իր հերթին, Պալաչի կողմնակիցները պնդում են, որ Ծառուկյանի «ակցիան» օրենքի խախտում է, եւ դիմել են պատկան մարմիններին:
Ակնհայտ է, որ Ծառուկյանը պատժում է իր սանիկին «դավաճանության» համար, որը կասկածի տակ է դրել իր բացարձակ դիրքը մասնավորապես իր «կալվածքում»՝ Աբովյանում: Դա Ծառուկյանի համար ավելի վտանգավոր է, քան եթե Պալաչն ասենք անվճար գազալցակայաններ բացեր Ծառուկյանի լցակայանների հարեւանությամբ: Այդպիսին է Հայաստանում տարիներով կերտված համակարգի էությունը:
Ըստ այդմ, այս ողջ վեճում, որում կողմերը փորձում են ցուցադրել մի կողմից իրենց «բարեգործությունն ու մարդասիրությունը», մյուս կողմից՝ «օրինականությունը», հանրությանը կարող է հետաքրքրել հետեւյալը՝ ինչու ասենք Աբովյանում պետական պաշտոնները, բիզնես հնարավորությունները բաժին են հասնում միայն նրանց, ովքեր Ծառուկյանի բարեկամ-սանիկ-մերձավորներն են, իսկ մյուսներին բաժին է հասնում միայն «բարեգործություն»:
Այդպես է ոչ միայն Աբովյանում, այլեւ Հայաստանի բոլոր մարզերում, Երեւանում: Երկրի բոլոր քաղաքական ու տնտեսական հնարավորությունները կենտրոնացվել են մի քանի ընտանիքների ձեռքում, որոնք տնօրինում են երկրի ողջ ռեսուրսը, իսկ պետական մարմիններն էլ սպասարկում են նրանց: Հայաստանում չկան պայմաններ մարդկանց ազատ դրեւորվելու, իրենց պոտենցիալն իրացնելու համար: Փոխարենը, նրանք ստիպված են կամ հարել այդ ընտանիքներից որեւէ մեկին կամ նրանց սպասարկող կուսակցություններին, կամ հեռանալ երկրից, կամ էլ սպասել ողորմության իրենց բաժնին:
Նման համակարգը չի հանդուրժում նաեւ իր «հարազատ զավակներին», եւ դառնում է նրանց «դահիճը», քանի որ այնտեղ իշխում է ոչ թե օրենքը, այլ քավոր-սանիկային «ախպերությունը», հավատարմություն-դավաճանությունը եւ նման հասկացություններ:
