Հարսնաքարի դեպքի վերաբերյալ Ռուբեն Հայրապետյանի տեքստը հուզիչ էր: Եթե չլինեին ասենք Հայրապետյանի նախկին ասուլիսները, ապա դժվար չէր լինի նաեւ տեքստում արտահայտված ֆոնին հավատալը: Ընդ որում, ասուլիսներն այստեղ էական են: Հայրապետյանը հայտարարում է, թե շատ կուզեր դեպքի ժամանակ եղած լիներ Հարսնաքարում եւ կանխեր այն, բռներ ծեծողների ձեռքը, իսկ հիմա ավաղ՝ չգիտե ինչպես նայել Վահեի հարազատների աչքերին:
Բանն այն է, որ ամենեւին կարիք չկար լինել Հարսնաքարում եւ բռնել քաղաքացուն դաժանորեն ծեծող թիկնապահների ձեռքը: Ընդամենը պետք էր այլ օրինակ տալ այդ թիկնապահներին, պետք էր հրապարակային ասուլիսներում ինքնագոհ դեմքով չհայտարարել աջ ու ձախ պատժելու իրավունքի մասին՝ ամենաթողության եւ անպատժելիության զգացում ներշնչելով թիկնապահներին, ընդամենը պետք էր ժամանակին այդ թիկնապահների հետ միասին չառեւանգել ընդդիմության վստահված անձանց եւ չծեծել, չծեծել ու չահաբեկել այլ քաղաքացիների՝ տարբեր այլ առիթներով, որոնցից շատ ու շատ դեպքեր երեւի թե չեն էլ իմացվել:
Եթե Ռուբեն Հայրապետյանը ժամանակին աներ այդ ամենը, ապա նրա ոչ մի թիկնապահ չէր համարձակվի այդ կերպ վարվել որեւէ քաղաքացու հետ: Բայց նա անում էր հակառակը, եւ խոփը քարին դեմ առավ: Պարզապես ցավալին ու ծանրն այն է, որ այդ խոփի գինն էր երիտասարդ մարդու կյանքը, ընտանիքի դժբախտությունը, երկու մանուկների որբությունը:
Հետեւաբար Ռուբեն Հայրապետյանի մեղայական հայտարարության արժեքը զրո է, որքան էլ այն հուզիչ ու որակյալ է զուտ որպես տեքստ:
Կների՞ արդյոք նրան Վահեի ընտանիքը: Դա Վահեի ընտանիքի գործն է, ու որեւէ մեկն իրավունք չունի գնահատել այդ գործը, ինչպիսի դրսեւորում էլ այն ունենա:
Բայց, պե՞տք է ների արդյոք Ռուբեն Հայրապետյանին հասարակությունը: Սա իսկապես բարդ հարց է: Ընդ որում, բոլոր մակարդակներում, փիլիսոփայականից մինչեւ կենցաղային: Բայց ներելու համար պետք է պարզ լինի ապաշխարողի անկեղծությունը, այլապես ներումը կարճ ժամանակ անց կվերածվի նոր հանցանքի:
Իսկ անկե՞ղծ է արդյոք Ռուբեն Հայրապետյանը:
Այստեղ հարցն ունի թերեւս երկու հարթություն:
Հայրապետյանը գուցե ամենայն անկեղծությամբ զղջում է, որ իր թիկնազորը սպանել է անմեղ երիտասարդին: Հայրապետյանը երեւի թե իսկապես անկեղծ է, երբ ասում է, որ շատ կուզեր լիներ այնտեղ եւ կանխեր կատարվածը:
Բայց հարց է առաջանում, իսկ զղջո՞ւմ է արդյոք Ռուբեն Հայրապետյանը այն կենսակերպի համար, որ նա եւ թիկնազորը դրսեւորել են մինչեւ այժմ: Թե՞ զղջում է, որովհետեւ խանգարվեց այդ կենսակերպի հանգիստ ընթացքը:
Իսկ ապաշխարանքի էջում կարծես թե այդ կենսակերպի մասին չկա որեւէ խոսք եւ գնահատական, որեւէ ներողություն:
Ուրեմն, պետք է ենթադրել, որ համատեքստի առումով իրականությանը չի համապատասխանում Ռուբեն Հայրապետյանի ապաշխարանքը, հետեւաբար հասարակությունը չունի այն ընդունելու հիմքեր եւ պետք է շարունակի հետամուտ լինել պատասխանատվության խնդրին՝ թե իրավական, թե բարոյական հարթության վրա, որպեսզի չստացվի “վայր դիր մանդատդ, ու քնիր հանգիստ” տարբերակը:
Այլապես “հանգիստ քնել” չի կարող հասարակությունը, որովհետեւ ինչպես ցույց է տալիս համակարգային փորձը, երբ որեւէ մեկը մի տեղ ստիպված զիջում է հասարակությանը, նրան որեւէ այլ տեղ տրամադրվում է փոխհատուցում: Իսկ դրանք Հայաստանում սովորաբար տրամադրվում են հասարակության ու պետության հաշվին:
