Հայոց բանակի շուրջը ծավալվող քննարկումների շրջանակը թևակոխեց որակապես նոր փուլ, ընդ որում ոչ միայն Lragir.am էջերում, այլ էապես ավելի լայն` համացանցերում:
Թվում է, թե բանակը բոլորինս է և նրա ցավն ու խնդիրները նույնպես, և խիստ բնական էր, որ հասարակության տարբեր շերտեր` նախևառաջ համացանցի փաստացի տերերը դարձած երիտասարդական կառույցների, հասարակական-իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները, խոսելով բանակի մասին, համոզված էին, որ նպաստում են նրա կատարելագործմանը:
Սակայն, արի ու տե՛ս, որ նրանց խոսքը բանակում շատ անգամ վրդովմունք է առաջացնում, ընդ որում ոչ միայն չարաշահումների, անօրինությունների մեջ մեղադրվողների շրջանակում: Վրդովվում էին նաև ազնվագույնները, նվիրյալները, ովքեր լուռ, անտրտունջ, ամբողջ պատերազմի ընթացքում կրել են ռազմի դաշտի խաչը, հերոս են եղել` առանց փառքի և պարգևների, կորցրել են ընկերներ, մահ ու տառապանք տեսել… Եվ նրանք չեն պատկերացնում, թե ինչպես այդ ամենի և դրա ծնունդ բանակի մասին կարող է խոսել մեկը, ով այդ ամենը չի տեսել, չի զգում և արտասանում է ինչ-որ անհեթեթ, կաղապար բառեր ու արտահայտություններ…
Եվ հանկարծ, մի ակնթարթում, այս անհաղթահարելի թվացող անջրպետը կոտրվեց, մի կողմ նետվեց:
Խոսք վերցրին պատերազմի մասնակիցները: Բանակի մասին սկսեց խոսել Արցախյան պատերազմը ռազմադաշտը:
Առաջին խոսքը Նորա Մայրիկինն էր: Արցախցի զոհված հերոս-ազատամարտիկ Աշոտ Պետրոսյանի մայրը, ի պաշպանություն բանակում չարաշահումներին կոշտ հակադրված և դրա արդյունքում հետապնդվող փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանի, դիմեց ազատամարտի բոլոր մասնակիցներին.
- Ո՞րդ չի ճանաչում Փարուխի Խաչիկին… ինչո՞ւ եք լռել:
Եվ համացանցում սկսեց արձագանքների տարափը:
«…Ռազմադաշտում բոլորս իրար ճանաչում էինք. եթե ոչ անձնապես, ապա մարտերից` որպես նույն ոգու կրողներ: Մինչպատերազմական կյանքի թուլությունը, անհավատությունը, կասկածամտությունը, փոքրոգությունը մնացին անսահման հեռու: Կարողացանք հաղթել անհավասար մարտում և… եկան հետպատերազմյան տարիները…»:
«Հիմնականը մոռացանք, ընկանք մանր-մունր բաների հետևից: Նպատակ, իմաստ, երկիր մի կողմ դրեցինք, սկսեցինք իրարից պոկել, հարստություն դիզել… մի խոսքով բորենիությունը գլուխ բարձրացրեց…»:
«Գիշատչությունը ներխուժեց նաև բանակ: Ուրիշ կերպ չէր էլ կարող լինել, որովհետև մեր բանակը մեր այս նույն երկրում է: Բորենիությունը մեզնից դուրս էր, բայց ներթափանցեց, դարձավ մեր կյանքի բաղկացուցիչ մասը: Այն բանակի, որը հաղթեց, որովհետև մեջը մի կաթիլ անգամ գիշատչություն, բորենիություն չկար…»:
«Իհա՛րկե, բանակը մնում է Արցախյան հերոսամարտի ավանդույթների, ոգու կրողը, սակայն ներխուժած կեղտը խայթում և թունավորում է նրան, հատկապես նորակոչիկներին: Խաչիկ մեկնէր այդ ավանդույթը կրող հրամանատարներից, որ իրեն կարգուկանուն հաստատելու համար վստահված գումորտակը որոշեց ազատել կեղտից : և դարձավ կեղտի համակարգի թիրախը…»:
Իհարկե խմբագրությունը բծախնդրորեն կշարունակի այս հարցի ուսումնասիրությունը: Մոտակա օրերին կփորձենք կապվել և՛ Խաչիկ Ավետիսյանի, և՛ դատախազության, և՛և ՊՆ-ի և այս հարցին առնչվող այլ մարդկանց հետ…
ԵՎ թող այս խնդիրը դառնա մեր կայքի խմբագրության և պատերազմի մասնակիցների առաջին համատեղ քայլը մեր երկրի և ժողովրդի կարևորագույն հիմնասյուներից մեկի բանակի հետագա կայացման և բյուրեղացման գործում:
