Ֆրանսերենի Petit Robert բառարանի նոր հրատարակության մեջ հեղինակները մոտ 300 նոր բառ կավելցանեն, որոնց մեծամասնությունը վերցված է անգլերենից, գրում է The Local-ը:
Նոր բառերի մեծամասնությունը վերաբերում է համացանցին ու տեխնոլոգիաներին: Մասնավորապես, այդ բառերի շարքում են «նեթբուքը» եւ «թվիթերը»: Բառարանում կհայտնվի նաեւ Lol (laugh out loud-բարձր ծիծաղում եմ) բառը: Ի դեպ, այն մեկ տարի առաջ հայտնվել է նաեւ անգլիական Oxford English Dictionary բառարանում:
Ֆրանսիացի հայտնի լեզվաբան Ալեն Ռեն, ով խորհրդատվություն է տալիս բառարան կազմողներին, անգլիական փոխառությունների ներմուծում բացատրել է այն բանով, որ հեղինակներն առաջնորդվել են այդ բառերի հաճախակի օգտագործմամբ, որի դեմ «ոչինչ չես կարող անել»:
Ֆրանսիացիները երկար տարիներ փորձել են պաշտպանել իրենց լեզուն չափից դուրս արտաքին ազդեցություններից: 1994թ երկրում ընդունվել է «Տուբոնի օրենքը», որը խթանում է գովազդում, աշխատավայրում, կյանքի այլ ոլորտներում ֆրանսերենի օգտագործումը: Օրենքի ընդունման պատճառը անգլիցիզմների դեմ պայքարն է: Բացի այդ, ֆրանսիական ռադիոյով հեռարձակովող երգերի առնվազն 40%-ը պետք է ֆրանսերենով լինի:
