Հունիսի 14-ին Իտալիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Իտալական աշխարհագրական ընկերությունը կազմակերպել է իտալացի լեռնագնաց Տիտո Դե Լուկայի «Արարատ` Նոյյան տապանի հետքերով» գրքի շնորհանդեսը:
Իր ելույթում դեսպան Կարապետյանը մասնավորապես նշել է, որ այս ձեռնարկը նվիրված է բացառիկ հետաքրքություն ներկայացնող մի թեմայի, որը մեծ նշանակություն ունի ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ մարդկության համար: Դեսպան Կարապետյանը շեշտել է, որ շատերը գիտեն Նոյյան տապանի բիբլիական պատմությունը, որը համաշխարհային ջրհեղեղից հետո իր հանգրվանը գտավ Արարատ լեռան վրա: Սակայն քչերին է հայտնի, որ Արարատը գտնվում է պատմական Հայաստանի սրտում, որ բիբլիական սարի փեշին փռված Արարատյան դաշտավայրը դարձավ Նոյի տունը, իսկ Հայաստանը՝ նրա հայրենիքը:
Միջոցառմանը, որը տեղի է ունեցել Հռոմի կենտրոնում գտնվող Իտալական աշխարհագրական ընկերության պատմական նստվայր հանդիսացող Վիլլա Չելիմոնտանայում, մասնակցել են Իտալիայում հավատարմագրված դիվանագետներ, մշակույթի և գիտական շրջանակների, իտալական մամուլի, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
