Բաց նամակ Սերժ Սարգսյանին, կամ կդառնա՞նք արդյոք պետություն

    • Հասարակություն - Շաբաթ, 16 Հունիսի 2012, 10:09

Պարոն նախագահ, ուզում եմ հավատալ, որ մենք էլ ենք պետություն, կամ ուզում ենք պետություն դառնալ: Բա որ պետություն ենք, այդ ինչպես է, որ Հունգարիայի Հանրապետության նախագահին 20 տարի առաջ կատարած գրագողության համար զրկել են գիտական աստիճաններից, կոչումներից և հանրապետության նախագահի պաշտոնից, իսկ մեզ մոտ ԵՊՀ Կենդանաբանության ամբիոնի դասախոս Էդուարդ Եղիազարյանին ոչ միայն չեն զրկում գիտական աստիճաններից, կոչումներից ու պաշտոնից, այլև ՀՀ ԿԳ Նախարարության ԲՈՀ-ի նախագահությունը (նախագահ Արտյուշա Ղուկասյան) պաշտպանության տակ է առել նրան, այն դեպքում, երբ ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Դավիթ Դավթյանը 19.04.2011 որոշումով փաստել է որ Էդուարդ Եղիազարյանը կատարել է հանցագործություն, որը նախատեսված է ՀՀ քր. օրենսգրքի 158 հոդվածի առաջին մասով:

Դեռևս երեք տարի առաջ բացահայտել եմ, որ ԵՊՀ Կենդանաբանության ամբիոնի դասախոս Էդուարդ Եղիազարյանը դիմել է խարդախությունների և գրագողությունների, ստեղծել մի շինծու աշխատանք և այն պաշտպանել և երկու մասնագիտության գծով (կենդանաբանություն, էկոլոգիա) ստացել կենսաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (խորհրդի նախագահ ակադեմիկոս Ս.Մովսիսյան, գիտքարտուղար. Հ.Խաչատրյան):

Էդուարդ Եղիազարյանը ռուս կենդանաբան Ս.Կուզմինի Земноводные бывшего СССР 1999 թ. գրքից արտագրել է Հայաստանում տարածված յոթ տեսակի երկկենցաղների մասին գրված ամբողջ նյութը 67 էջ (30-91 և 302-307): Առավել խայտառակություն է այն, որ նա վերցրել է նաև նշված գրքի գրականության ցանկը և այն տեղափոխել (սքան արել) իր «ատենախոսության» մեջ (62 էջ, 696 անուն գրականություն): «Ատենախոսության» 307 էջից 129 էջ արտագրված է Ս. Կուզմինի, իսկ 6 էջն էլ իմ և Ա. Հայրապետյանի գիտական հոդվածից: Սա եզակի, աննախադեպ գրագողություն է: Սակայն 90-ից ավելի բարձրաստիճան կենսաբաններ «չեն նկատել» այդ անարխիան և բարձր գնահատական են տվել այդ շինծու աշխատանքին:

Խնդրել եմ ԲՈՀ-ի նախագահությունից ստեղծել չեզոք հանձնաժողով, պարզել այդ խայտառակությունները և պատժել մեղավորներին: Սակայն ԲՈՀ-ի նախագահությունը հանձնաժողով է ստեղծել այն նույն չարաբաստիկ գիտական խորհրդից, որտեղ կատարվել է խայտառակ պաշտպանությունը: Հանձնաժողովը թույլ է տվել երկրորդ անթույլատրելի զեղծարարությունը: Նա փորձել է կոծկել կատարված անարխիան: Հանձնաժողովը գրել է. «Թեև Ս. Կուզմինի գրքից արվել է որոշ փոխառումներ, սակայն աշխատանքը և ծավալի և բովանդակության առումով չի կորցրել իր նշանակությունը»: Սա գրագողությունը պաշտպանելու զեղծարարություն է: Եթե աշխատանքի 307 էջից 129-ը արտագրված է Ս.Կուզմինի գրքից, եթե աշխատանքը չունի սեփական գրականության ցանկ, ինչպես այն կարող է և ծավալի և բովանդակության առումով պահպանել իր նշանակությունը:

Տեսնելով, որ ԲՈՀ-ի նախագահությունը ոչ միայն չի ցանկանում պարզել այդ խայտառակությունների շարքը, այլև ամեն կերպ պաշտպանում է կատարված զեղծարարությունները, ես 20-ից ավելի դիմում-բողոքներ են ուղարկել ՀՀ նախագահի աշխատակազմին (չորս), վարչապետին (երեք), ՀՀ ԳԱԱ-ն (երկու), ԵՊՀ ռեկտորին (երկու և այլն): Բոլոր այդ դիմում-բողոքներին տրվել են կամ խուսափողական պատասխաններ, կամ վերահասցեագրել են ԲՈՀ-ի նախագահությանը: Երբ ՀՀ նախագահի աշխատակազմից ստացել եմ հերթական պատասխանը հետևյալ բովանդակությամբ, որ իմ բոլոր նախորդ նույնանման նամակներին տրվել են սպառիչ պատասխաններ, ես հեռաձայնել եմ դիմումի պատասանը կազմող աշխատակցուհուն և հանդիմանել նրան, թե ինչպես կարելի է գրագողությունը հաստատող բազմաթիվ փաստերին նման անհեթեթ պատասխան տալ, նա ինձ պատասխանել է հետևյալը. «Ես ունեմ ղեկավար, և նա ինչ ասում է, ես այն էլ պատասխանում եմ»: Կարծում եմ, որ բարձրաստիճան ղեկավարության այսպիսի վերաբերմունքի դեպքում մենք ոչ միան պետություն չենք կառուցի, այլև եղածն էլ կքանդենք:

Այժմ ինձ մոտ բազմաթիվ հարցեր են առաջացել, որոնց պատասխանները ուզում եմ ստանալ պետություն կառուցող բարձրաստիճան ղեկավարներից: Ինչպե՞ս է ԵՊՀ Կենդանաբանության ամբիոնը (ամբիոնի վարիչ պրոֆ. Ֆ.Դանիելյան) և ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի գրեթե բոլոր ամբիոնները այդ շինծու աշխատանքը երաշխավորել պաշտպանության:

Ինչպե՞ս է, որ երեք ընդդիմախոսները` ակադեմիկոս Միսակ Դավթյան, կենս. գիտ, դոկտոր Բարդուխ Գաբրիելյան, պրոֆ. Միխաիլ Վասիլև (ՄՊՀ) «չեն նկատել» գրագողությունները, այլ կատարելով թամադայի դեր` գովաբանել են:

Ինչպե՞ս է, որ Խ.Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի էկոլոգիայի և բնապահպանության ամբիոնը (որպես առաջատար կազմակերպություն), դարձյալ «չի նկատել» աշխատանքի շինծու լինելը:

Ինչպե՞ս են ԱՊՀ բարձրաստիճան գիտնականները և բազմաթիվ մասնավոր անձինք դրական գնահատական տվել այդ գրագողությանը:

Ինչպե՞ս է ԲՈՀ-ի 036 խորհուրդը երկու մասնագիտությունների գծով (կենդանաբանություն, էկոլոգիա) շնորհել կենսաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

Ինչպե՞ս է ԲՈՀ-ի նախագահությունը կարճ ժամանակամիջոցում ոչ միայն հաստատել 036 խորհրդի որոշումը, այլև շնորհել պրոֆեսորի կոչում և միանգամից նշանակել 036 գիտական խորհրդի անդամ:

Վերջապես, ինչպե՞ս է ՀՀ ԿԳ նախարարությունը հանդուրժում գիտության համակարգում տիրող նշված աննախադեպ անարխիան, ամենաթողությունը, անպատժելիությունը և կոռուպցիոն մեծ ռիսկերը:

Պարոն նախագահ, ուզում եմ նաև հավատալ Ձեր նախընտրական այն խոստմանը, որ կոռուպցիան վերացնելու համար կիրառվելու է վիրահատական եղանակ, սակայն տեսնելով, որ ԲՈՀ-ի նախագահ է նշանակվել Արտյուշա Ղուկասյանը, ես կորցնում եմ հավատս ու ասում, որ կոռուպցիան վերին էշելոններում ծաղկում է ապրելու: Ահա թե ինչու մինչ օրս ՀՀ ԿԳ նախարարությունը գնահատական չի տվել այդ խայտառակություններին:

Բերված փաստերից ելնելով պահանջում եմ`

1. Գնահատական տալ այդ խայտառակություններին և պատժել մեղավորներին:

2. ԲՈՀ-ը որպես հիմնական գործառույթը տապալած, պետական բյուջեն անտեղի վատնող կառույց ենթարկել լուծարման:

Լ.Մելքումյան, Պրոֆ. կենս. գիտ, դոկտոր

  1. Առևանգվել է սիրիահայ գրող Հակոբ Միքայելյանը
    ՀԲԸՄ Հալեպի տեղական վարչության ատենապետ Հակոբ Միքայելյանը Հալեպ-Բեյրութ ճանապարհին առևանգվել է ծայրահեղ իսլամիստական Ալ Նուսրա խմբի կողմից:
    10:08 23/05/2013
  2. Ամառային հանգստի մի քանի տարբերակներ
    Մի քանի տարբերակներ, թե որտեղ անցկացնել ամառային հանգիստը
    19:30 22/05/2013
  3. «Եվրատեսիլ»-ի կազմակերպիչները հաստատում են, որ Ռուսաստանը Ադրբեջանից չի ստացել և ոչ մի միավոր
    «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթի կազմակերպիչները մտադիր չեն լրացուցիչ կարգով ստուգել շվեդական Մալնե քաղաքում 2013թ.-ին անցկացված եզրափակչի տվյալները և վերանայել քվեարկության արդյունքները:
    12:35 22/05/2013
  4. Հրանուշ Հակոբյանի խորհրդավոր հետազոտությունը
    Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում խոսել է Եվրատեսիլի այսպես ասած «մութ» կողմերի մասին
    12:01 22/05/2013
  5. Հայաստանն այս տարի ևս միացել է Համաեվրոպական գրական գիշեր նախաձեռնությանը
    Միացյալ Թագավորության գրական գոհարները հայ դերասանները կընթերցեն մայիսի 23-ից -25-ը Երևանի տարբեր անկյուններում:
    11:30 22/05/2013
  6. Հունիսին խոշոր ցնցում է սպասվում Հայաստանում
    «Էվոլյուցիայի» հետեւանքներն այսօր ամենուր են՝ «էլիտայի» տեսքով՝ խորհրդարանում, կառավարությունում, հեռուստաեթերին
    11:28 22/05/2013
  7. «Սատանայի փաստաբանը»
    Խորհրդարանում ցանկացած հարցի քննարկում վեր է ածվում իսկական լեզվակռվի: Առավել եւս, երբ քննարկվում է կառավարության ծրագիրը:
    09:47 22/05/2013
  8. Ռուսաստանի հայերի միությունը եւ Սփյուռքի նախարարությունը հայտարարում են 2013թ. ստեղծագործական և գիտական աշխատանքի միջազգային մրցույթ
    ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ նպատակն է նպաստել Հայաստանի գիտական և ստեղծագործական մտավորականության գործունեության ակտիվացմանը, խթանել երկրի մտավոր կյանքի աշխուժացումը:
    19:41 21/05/2013
  9. Ձերբակալվել է Վրաստանի նախկին վարչապետը
    Վրաստանի իրավապահ մարմինները ձերբակալել են Ազգային միասնական շարժման գլխավոր քարտուղար, Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլուն:
    19:28 21/05/2013
  10. Սառնարանում սպանված երկու երեխաների մայրը ծննդաբերել է տարբեր տարիների
    Այսօր ռուսական լրատվամիջոցները հաղորդել են, որ երկու նորածիններին սառնարանում սպանած 30-ամյա Իրինա Տիմոշենկոն իր տղաներին ծննդաբերել է ոչ թե միևնույն օրը, այլ տարբեր տարիների:
    19:06 21/05/2013