Այսօր Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի յուրաքանչյուր նոր զարգացում աներկբա հասարակության կողմից ընկալվում է որպես գույժ:
Դրա պատճառները նման փոքր տարածք ու խիտ բնակչություն ունեցող երկրի համար, ակնհայտ են:
Օվշորային ներդրումների ու օլիգարխիկ շահերի սպասարկման արդյունքում մենք կստանանք կարճաժամկետ ու կասկածելի տնտեսական էֆեկտ և այդ ամենի դիմաց`
- դամոկլյան սրի պես սերունդների գլխին կախված հարյուրավոր հեկտարներ զբաղեցնող թունավոր պոչամբարներ;
- բնական միջավայրի խաթարում, ապականում ու ավեր;
- ոռոգման ու խմելու ջրերի աղտոտում` կոնցեռոգեն ծանր մետաղներով ու թունավոր նյութերով;
- մշակովի, բերրի հողերի, խոտհարքերի, արոտավայրերի անապատացում ու անտառային տարածքների ամայացում;
- օդային ավազանի թունավորում:
Նման սահմռկեցուցիչ տեսարանների ականատեսը կդառնանք մի քանի տարի անց` այցելելով Հայաստանի` թերևս ամենագեղեցիկ` փարթամ անտառներով, քաղցրահամ ու թերմալ ջրերով հարուստ, բազում սերունդների պատանեկան երազների օրրան` Հանքավանի ձոր:
Մի քանի հանրագիտարանային տեղեկություններ մեջբերենք Հանքավանի ձորի մասին:
Ինչպես հայտնի է, այն գտնվում է Հայաստանի կենտրոնական հատվածում` տարածվելով Փամբակի լեռնաշղթայի հարավային ու Ծաղկունյաց լեռնաշղթայի հյուսիսարևելյան ու հյուսիսային լանջերն ի վար, դեպի Մարմարիկ գետը` իր բազմաթիվ վտակներով:
Տարածքում գրանցված են Փամբակի և Ծաղկունյաց լեռնաշղթաների լանջերին գտնվող Կովկասյան մրտավարդենու, Հանքավանի ջրաբանական, Արզականի և Մեղրաձորի, Մարգահովիտի պետական արգելավայրերը, ինչպես նաև` Դիլիջանի ազգային պարկը: Ավելացնենք նաև, որ ձորը հանդիսանում է նշանակելի հանգստյան և առողջարանային գոտի, որտեղ կառուցված են մի քանի տասնյակ հանգստյան տներ, ճամբարներ, իսկ հանքային թերմալ ջրերի ու ցեխերի բազայի վրա գործում են առողջարաններ:
Վերջերս ՀՀ նախագահի ձեռամբ բացվեց Մարմարիկի հսկայական ջրամբարը, որի ջրերի ծփանքը, անկասկած, նոր հմայք ու գրավչություն են հաղորդում արդեն եղածին:
Սակայն, դառնանք մեր երազներից ու հիացական ոգևորությունից առ մեր հայրենի հարուստ բնաշխարհը, ինչը խելամիտ գործածության պարագայում կարող էր նաև մեր երեխաներինն ու թոռներինը լինել, և փորձենք նկարագրել, ինչ է սպասվում Հայսատանի այս գողտրիկ անկյունին:
Եվ այսպես, ցայս պահը հանքարդյունահանման նախապատրաստական գործընթացներ են ծավալվում.
ա. Հրազդանի մոլիբդենի հանքավայրը Գոլդեն օրե ՇՄԱԳ
Գտնվում է Հանքավան գյուղից 250մ հարավ-արևմուտք, Մարմարիկ գետի վերին հոսանքում: Հանքային մարմինը ձգվում է Մարմարիկի աջ ափով: Հանքավայրի մակերեսը կազմում է 10 կմ2 : Հանքավայրը կից է վերը նշված 4 հատուկ պահպանվող տարածքներին, որոնցից Հանքավանի ջրաբանական պետական արգելավայրը գտնվում է հանքավայրից ընդամենը 1.3 կմ հեռավորության վրա: Հանքարդյունահանումը նախատեսվում է իրականացնել բաց եղանակով: Հանքահանման ամբողջ տարածքը կկազմի մոտ 280հա: Հանքավայրի շահագործման ընթացքում կվնասվի առնվազն 100 հա անտառային տարածք:
բ. Թեժ սարի նեֆելինային սիենիտների հանքավայր
Ալումինա քորփորեյշն ՍՊԸ
Հանքավայրը գտնվում է Մեղրաձոր և Արտավազդ գյուղերի միջնամասում, Թեժ լեռան արևելյան ու հարավային լանջերին:
Հանքավայրի ընդհանուր տարածքը (Թեժագետի և Հարավային տեղամասեր) 125հա, նախատեսվում է շահագործել բաց եղանակով: Հանքավայրի մոտակա բոլոր ձորակներն ու հարթությունները օգտագործվելու են ջարդիչ-տեսակավորող կայանքի, մակաբացման, բերվածքային ապարների ու պոչամբարների համար:
Հանքավանի հանքային դաշտ
գ. “Այա Պավլե” տեղամասի ոսկու հանքավայր
դ. “Սառնաղբյուր”-ի ոսկու հանքավայր
ե. “Ցից քար”-ի ոսկու հանքավայր
Մեղրաձորի հանքային դաշտ
զ. “Զառ”-ի տեղամասի ոսկու հանքավայր
է. “Արջասար”-ի ոսկու հանքավայր
ը. “Նոր”-ի ոսկու հանքավայր
թ. “Լուսաջուր”-ի ոսկու հանքավայր
ժ. “Հարավային մաս”-ի ոսկու հանքավայր
Նշված բոլոր հանքավայրերի պեղումներն ու ուսումնասիրությունները, ինչպես նաև շահագործման տեխնիկա-տնտեսական հիմնավորումները իրականացվել են դեռևս նախորդ դարի 1960-1980-ականթվականներին, սակայն բանը դրանց շահագործմանը չի հասել` հաշվի առնելով այն բացասական հետևանքները, ինչը կարող էին թողնել բաց եղանակով արդյունահանվող հանքերը լեռներով պարփակված փոքրիկ այս ձորակի վրա, որը, ինչպես նշեցի, հարուստ է անտառներով, հազվագյուտ թփերով ու բուսատեսակներով, ծաղկաշատ մարգագետիններով, քաղցրահամ ու հանքային աղբյուրներով, թերմալ բուժիչ ջրերով ու ցեխերով: Տարածքը հանդիսանում է միջազգայնորեն ճանաչված ջրագոյացմանեզակի միջավայր, իսկ Մարմարիկ գետը` իր բազմաթիվ վտակներով,Արարատյան դաշտի ոռոգման, ասել է թե, Սևանի ջրերի խնայողական գործածության կարևոր գործոն է:
Նման քանակի հանքերի շաահագործումը խիստ կործանարար նախաձեռնություն է ոչ միայն տարածաշրջանի գյուղերի (Աղավնաձոր, Մեղրաձոր, Արտավազ, Փյունիկ, Հանքավան), Ծաղկաձոր ու Հրազդան քաղաքների բնակչության` նրանց սերունդների, այլև ողջ հանրապետության ազգաբնակչության համար:
Այսօրինակ սպառողական վերաբերմունքը զբոսաշրջության, առողջարարական ու հանգստի կազմակերպման հարուստ ավանդույթներ ու զարգացման լուրջ հեռանկարներ ունեցող տարածաշրջանի նկատմամբ միանշանակ պետք է դիտարկվի որպես ոտնձգություն ազգային անվտանգության ու Հայաստանի ապագայի հանդեպ:
Մովսես Մանուկյան, Առողջ Հրազդան բնապահպանական հասարակական նախաձեռնության խմբի անդամ
