Իջեք ներքեւ, խոսենք

  • Հասարակություն - 09 Հունիսի 2012, 12:15

Նոր կառավարության կազմավորման առիթով

Ամեն առավոտ տեղից վեր կենալիս մի տեսակ ծանրություն եմ զգում ուսերիս վրա: Պարզել եմ` դա կապ չունի ոչ մթնոլորտային եւ ոչ էլ սրտանոթային ճնշումների հետ: Սա ամենևին էլ վիրտուալ զգացողություն չէ, ինչը հիմա ընդունված է քաղաքական աշխարհում: Երջանկահիշատակ ծաղրանկարիչ Գ. Յարալյանը ժամանակին փորձել էր նկարել իմ այս զգացողությունը, ստացվել էր հետեւյալ պատկերը. նկարի առաջին պլանում իմ գլուխն է, որի վրա նստած է երկրի նախագահը, հաշվենք, որ դրա իրավունքը ես նրան տվել եմ: Նախագահի հրամանով ուսերիս վրա նստած է երկրի կառավարությունն իր նախարարական ողջ կազմով` վարչությունների եւ ծառայությունների պետերով, նրանց տեղակալներով, բաժինների վարիչներով: Ուսերիցս ու թևերիցս կախված են մարզպետներն իրենց անձնակազմով: Թվարկած բոլորի վրա նստած կամ էլ կախված են նրանց քարտուղարուհիներն ու մամլո ծառայությունները: Թիկունքիս կողմից կախված են ոստիկաններն ու դատախազները, դրանց գլխին էլ նստած են կամ, ով գիտի, գուցե ոտքերից կախված են դատավորներն ու փաստաբանները: Ահա այսպես առավոտյան վեր կենալիս ծանրությունն այդ կրում եմ, ինչպես մրցույթի պատրաստվող ծանրամարտիկը կկրեր օրօրի ծանրացող մարզաձողը:

Մի քանի մանրամասներ եւս: Յարալյանն եթե փորձեր նկարել, ասենք, գյուղնախարարությանը, ապա դրա հետ անպայման ուղիղ կապով պիտի կապեր իմ ստամոքսը: Բայց պիտի ասեմ, որ գյուղնախարարությունը հիմա ինձ պետք է գալիս ոչ այնքան սնվելու, որքան այդ սնունդից պաշտպանվելու համար: Այս նախարարության աշխատանքը թեև մեծապես կախված է եղանակից, բայց, անկեղծ ասած, ինքը մեզ համար առանձնապես եղանակ չի ստեղծում, մեզ կերակրողը ներկրողն է: Անձամբ ես նախարարության շենքի առջև կայանած թանկարժեք ֆիրմային ավտոմեքենաների թվաքանակի աճը նրանց հաջողակ լինելու ցուցանիշը չեմ համարում, նրանց պիտանի կամ անպիտան լինելը անասնագլխաքանակի աճի կամ նվազումի մեջ եմ տեսնում: Վերջերս ինձ մեծ ցավ պատճառեց այն տեղեկությունը, ըստ որի այս նախարարությունը առանց փորձարկումների այսպես կոչված էլիտար հացահատիկի սերմացու է սաղացրել գյուղացիների վրա` միլիոնների վնաս պատճառելով նրանց: Եթե օգնել չեն կարողանում, թող գոնե վնաս չպատճառեն:

Իմ ձեռքերն ու ոտքերը կապված են կապի եւ տրանսպորտի նախարարությունից: Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման ծրագիրն ինձ ուրախացնում է, սակայն այն նման է ծիածանի կամարի, որքան մոտենում ես, այնքան հեռանում է: Հիշում եմ` մանկությանս տարիներին մեզ համոզում էին, որ եթե ծիածանի կամարի տակով անցնենք, տղաները աղջիկներ կդառնան, աղջիկները` տղաներ: Հիմա մենք վաղուց դուրս ենք եկել այդ տարիքից: Չի ստացվում, եղբայր, ասեք` չի ստացվում: Իսկ երբ իրական չեն դառնում ծրագրերն և խոստումները, ապա այս նախարարության ծանրությունն ուսերիս վրա ամեն օր մեծանում է, եւ մեջս այն թոթափելու ցանկություն է առաջանում:

Իմ մարմնի բոլոր օրգանները` հյուսվածքներով, արյունատար անոթներով ու մազանոթներով միացած են առողջապահության նախարարությանը: Եվրոպայից ետ չմնալու համար այս նախարարությունը շարունակ նոր բաներ է մտցնում: Օրինակ` ընտանեկան բժշկությունը: Հիմա մարդիկ իրար ականջի ասում են`,,Եղբայր, իբր շատ ենք կարողանում մեր ընտանիքները պահենք, հիմա էլ ընտանեկան բժիշկներ պիտի պահենք:Աստված չանի բժշկի կամ ոստիկանի ձեռք ընկնես,,: Բայց լավ բաներ էլ կան այս նախարարությունում: Աշխարհը թե խոզագրիպից կամ թռչնագրիպից փրկենՙ` մեր բժիշկները կփրկեն, հիշում եմ մի ժամանակ մերոնք ՍՊԻԴ-ի բուժման դեղամիջոցը գտան, երևում էՙ հիմա էլ խոզագրիպի դեղամիջոցն են գտել, հաստատ գտել են, այլապես հենց խոզագրիպի կամ թռչնագրիպի մասին խոսք է գնում, մերոնք անմիջապես հայտարարում են, որ մենք դրանց դեմ բավարար չափով պատվաստանյութերով ապահովված ենք: Իսկ ԱՄՆ-ի գիտնականները լացուկոծ են դրել, թե խոզագրիպի հարուցիչը մուտացիայի է ենթարկվել, չգիտեն ինչ անեն: Չեմ հասկանում` մերոնք ինչի՞ են սպասում, թող մեր պատվաստանյութերը ծախեն ամերիկացիներին, մի քիչ հարստանանք, պետպատվերի հույսին չմնանք:

Թոքերս բնապահպանության նախարարության ոտքերի տակ են: Ես կուզենայի, որ այդ նախարարությունն ինձ ավելի մոտ լիներ: Ի՞նչ է գտել մայրաքաղաքի կենտրոնում, երբ իրեն ավելի շատ սպասում են բնապահպանական տեսակետից ամենախոցելի վայրերում: Եթե, օրինակ, գա մեզ մոտ, նախ` նախարարությունը կազատվի բնապահպանության հետ առնչություն չունեցող աշխատողներից: Համ էլ մի քիչ կկոփվի` մեզ հետ նույն օդը շնչելով ու ջուրը խմելով: Հրազդանի երկաթահանքի բացման մասին էլ թող մեր մոտից խոսի, համայնքներում թաքուն հասարակական լսումներ կազմակերպելու խասիաթին էլ վերջ տա, ոնց լինի 40 օրից հետո կիմացվի: ԱՄՆ-ի դեսպանից օրինակ վերցնելով գոնե մի օր էլ իրենք զբաղվեն շրջակա միջավայրի մաքրությամբ:

Գլխիս մեծ ու փոքր կիսագնդերի հետ է կապված կրթության եւ գիտության նախարարությունը: Աստծո սիրուն, ցնդեցինք բուհական և դպրոցական քննությունների հարափոփոխ նորամուծություններից: Եթե կընդունեն, մի խորհուրդ տամ իրենց` ուզում եք թեստերը գաղտնի մնան, ինչու եք տանում Անգլիայում տպագրելու, մեզ մոտ թերթեր կան, որ ոչ մեկը չի կարդում: Երկրում Աստծո օրը մեկ ակադեմիա է բացվում, իսկ մեր իսկական ակադեմիայի տեղն արդեն մոռացել ենք: Երևում է դպրոցները հիվանդ էին, որ բժշկին էին հանձնել, ահա թե ինչու հիմա դրանք վերակենդանացման բաժանմունքում են հայտնվել: Եթե դպրոցներում աշակերտներին չեն կարողանում կրթել ու դաստիարակել, ինչո՞ւ ենք ավելորդ ծախս անում, դպրոց պահում, չենք կարող, տանք մասնավոր կրկնուսույցներին, թող մարդիկ բիզնես անեն: Թե չէ, նորից եմ կրկնում, ավելորդ բեռ չեմ ուզում ուսերիս կրել:

Սիրտս ամբողջությամբ մշակույթի նախարարությանն եմ տրամադրել: Բացում եմ` մեջը դատարկ է, ճիշտ նույն ձեւով դատարկ են մարզերի եւ գյուղերի մշակույթի տները: Սիրտս կտոր-կտոր է լինում ռաբիս երգիչների մուղամներից, «երկու աստղերի» թաթալաբազություններից: Եթե չլինեն «Շանթ»-ի Ժողովրդական երգիչներն ու պարողները, ինձ կթվար, թե սիրտս կանգ է առել: Եթե մեր աչքի առջև քանդվում է Մաշտոցի փակ շուկան, եթե հիմա ով ասես մշակույթ է մշակում, ուրեմն մեզ հիմա մշակույթի նախարարություն պետք չէ, թող ուսերիցս վայր իջնի: Հիշում եմ` Խորհրդային տարիներին Հայկական ռադիոյին հարցնում էին` ,,Ինչու Հայաստանում ծովագնացության նախարարություն է ստեղծվել, չէ որ Հայաստանում ծով չկա,, , պատասխանում է `,, Իսկ ինչու Ադրբեջանում մշակույթի նախարարություն են ստեղծել,,: Իհարկե պետք չէ ընդհանրացում անել, Հայաստանում մշակույթ կա, միայն թե այդ մշակույթում նախարարության ներկայությունն ու բացակայությունը մենք չենք զգում: Այս մեսիջը վերաբերում է նաեւ համանման մյուս նախարարություններին:

Իմ թիկունքից կախված արդարադատության մարմինների մասին, ինչպես ընդունված է, կամ պիտի լավ խոսեմ, կամ չպիտի խոսեմ: Մեր մեջ ասած` իմ թիկունքն է մարմնիս ամենախոցելի տեղը: Չեմ հասկանում` եթե ճիշտ օրենքներ են ընդունվում, ո՞ւմ են պետք այսքան օրենք հսկողներն ու վերահսկողները: Շատ են խոսում կոռուպցիայից, նշում են, որ կոռուպցիան հիմնականում իրավապահների դիմակի տակ է թաքնված: Եթե դա ճիշտ է, ապա օձի կծածը օձի թույնով չի բուժվի:

Լսել եմ նոր նախարարություններ ու վարչություններ են շուտով բացվելու, կառավարության շենքերը քչություն են անում, չեն դիմանում: Բա իմ ուսերը ոնց դիմանան: Կարճ ասած` եթե առաջ լուռ ու անխոս կարողանում էի կրել ուսերիս վրա այս ամբողջ ծանրությունը, հիմա հոգնած ու խոնջացած մարմինս թեթեւացնել է ուզում այդ բեռը: Մեջս մի տեսակ տագնապ է ընկել` գուցե չկարողանամ այս բեռը տանել, տեղ հասցնել: Այդպես նավի բեռը թեթեւացնում են նավազները` նավի խորտակումից տագնապելով: Հիմա մեր նավը ճգնաժամի խութերի մեջ է: Մենք ստիպված ենք թեթևացնել մեր ուղեբեռը ոչ թե այն պատճառով, որ այդ բեռը մեզ պետք չէ, որ մենք կառավարիչներ չենք սիրում, որ մեր դուրը չի գալիս նրանց հագուկապը, նրանց բոյուբուսաթը, բառուպաշարը, այլ այն պարզ պատճառով, որ մեր երկրում որքան նրանք շատանում են, աղքատությունը դրանից չի պակասում. ըստ պաշտոնական վիճակագրության մեր երկրում հիմա արդեն երեք մարդուց մեկն է աղքատ, այդ աղքատների մեջ հաստատ նրանցից որևէ մեկը չի մտնում: Ավելորդ չեմ համարում ասել, որ մեր շատ հարազատ կառավարության աշխատակազմի թվաքանակի մեծությունը ուղիղ համեմատական է փոքր տարածքում հավաքված մեծաքանակ մարդկանց հրմշտոցին: Նախընտրական կամ հետընտրական մի փոքր ցնցում` նրանք իրար ոտնատակ կտան:

Մի քանի խոսք կառավարական շենքերի քանակի և օգտագործած տարածքների մասին: Դրանք նույնպես պիտի համապատասխանեցվեն առևտրի օբյեկտների տարածքների եւ աշխատողների թվի համար նախատեսված հարկավճարի տրամաբանությանը: Կառավարությունը նույնպես պիտի հարկ վճարի, նրա կողմից վճարվող հարկը պիտի լինի բաց եւ տեսանելի` թվաբանական գործողություններով հիմնավորված երկրին տնտեսական աճ ապահովող ցուցանիշներով: Կառավարությունը եթե չի կարող վճարել իր հարկը, ուրեմն թող մեր ուսերից վայր իջնի: Սովորաբար ժողովրդի ծառաները պիտի ժողովրդին ծառայեն: Ժողովրդի ծառան ժողովրդին իրեն ծառա չի կարգում: Եթե մեր «ծառաներին» ծառայող մեծաքանակ թիկնապահները փոխակերպվեն հողի մշակների, իսկ կառավարության շենքերում տեղադրված անվտանգության թանկարժեք տեխնիկան և տրանսպորտային միջոցները փոխանակվեն գյուղին հարկավոր գյուղտեխնիկայով, անշուշտ, հայոց հողն այլևս մշակների կարիք չի զգա:

Հայ մարդու նման հայոց հողն էլ ծուլացել, խամացել է:

Հիմա արդեն ժամանակը եկել է, որ նվազ պիտանի բեռը մեր ուսերից իջեցնենք եւ ինչպես մեր սիրելի դերասան Կարպ Խաչվանքյանը կասեր` «Իջեք ներքեւ, խոսենք, տեղ ենք հասել արդեն»:

Ամենաընթերցվածը