Ժողովուրդ թերթը տեղեկություն է հրապարակել ՀՀԿ գործկոմի վերջին նիստի մի հետաքրքրական դրվագի մասին: Ըստ թերթի, Սերժ Սարգսյանը նիստի ժամանակ դիմել է Հերմինե Նաղդալյանին. «Տիկին Հերմինե, հերիք է ընկերուհիներիդ ուղարկես ինձ մոտ` բանակցելու,- ասել է Սերժ Սարգսյանը` նկատի ունենալով իր տիկնոջը` Ռիտա Սարգսյանին: Պարզվում է` Հերմինե Նաղդալյանին ԱԺ փոխխոսնակ նշանակելու համար Սերժ Սարգսյանին միջնորդել է իր տիկինը, լոբբինգ է արել ԱԺ նորընտիր նախագահ Հովիկ Աբրահամյանը», գրում է Ժողովուրդը:
Առաջին տիկինների դերը երկրի հասարակական-պետական կյանքում բավական բազմաբնույթ է: Նրանք զբաղվում են առավելապես սոցիալական, բարեգործական, մշակութային հարցերով, փորձում դառնալ հասարակություններում այդ գաղափարների եւ դրանց հետ կապված արժեքների դրոշակակիր, քարոզիչ, օրինակ:
Հայաստանի Առաջին տիկին Ռիտա Սարգսյանն էլ զբաղվում է այդ գործերով, բարեգործական հիմնադրամներ ղեկավարում, հովանավորում ակցիաներ, փորձում օգնել հիվանդ երեխաներին, նաեւ մշակութային հովանավորություն իրականացնել եւ բարձրարժեք մշակույթ քարոզել:
Միեւնույն ժամանակ, կասկած չկա, որ Ռիտա Սարգսյանը որոշակի ազդեցություն կարող է ունենալ երկրի պետական կյանքի, պետական կառավարման ընթացքի վրա, առնվազն այնքանով, որքանով նա այդ պետական կյանքի թիվ մեկ դեմքի կողակիցն է:
Սովորաբար, աշխարհի որեւէ երկրում չկա Առաջին տիկնոջ այդօրինակ ազդեցության ֆորմալ մեխանիզմ, սակայն անկասկած է, որ գրեթե բոլոր երկրներում էլ Առաջին տիկիններն ունեն որոշակի ազդեցություն իրենց ամուսինների քաղաքականության, այդ քաղաքականության այս կամ այն հարցում նրանց որոշումների վրա: Ոչ ֆորմալ այդ իրավիճակը հատուկ է գրեթե բոլոր, անգամ ամենասահմանադրական եւ ժողովրդավարական երկրներին:
Խնդիրը սակայն ամենեւին էլ դա չէ: Ի վերջո, որեւէ ողբերգություն չկա, երբ պետական կառավարման գործընթացում լինում են նաեւ այդօրինակ ազդեցություններ: Խնիրը տվյալ պարագայում այլ է՝ Առաջին տիկնանց քաղաքական ազդեցությունների որակը, ինչպես է այն դրսեւորվում, հանրային օգտակարության ինչ աստիճանով:
Եվ այստեղ թերեւս պետք է արձանագրել, թե իսկ ինչ խնդիրներ ունի մեր հասարակությունը, ինչ հրատապ անհրաժեշտություններ կան հանրությանն օգտակար լինելու հարցում:
Օրինակ, վերջին օրերին Ազատություն ռադիոկայանը ռեպորտաժներ էր պատրաստել երկու հայաստանյան բազմանդամ ընտանիքների մասին, որոնց հայրերը նախկին ազատամարտիկներ են: Այդ ընտանիքներն ունեն տարրական մարդկային սոցիալական պայմանների՝ առողջության, բնակարանի, սննդի, հագուստի, աշխատանքի կարիք: Այդ ընտանիքների գոյության կարիքն ունի Հայաստանը, որպես ժողովրդագրական լուրջ խնդիրներ ունեցող պետություն: Ամենակարեւոր բանը, որի մասին երազում էին այդ ընտանիքները, բնակարանն է՝ մարդավայել չորս պատը:
Մեկ այլ հատկանշական օրինակ էլ մի քանի ամիս առաջ տեղի ունեցած մի ասուլիսն է: 2011 թվականի նոյեմբերին ասուլիս էին հրավիրել “Նորաշեն 2007” կոոպերատիվի խաբված բնակիչները, որոնք կոոպերատիվում բնակարան են պատվիրել, փողը վճարել, բայց որոնց բնակարանները հայտնվել են սնանկացած կոոպերատիվին պարտքով փող տված պաշտոնյաների ձեռքին: Բնակիչները հայտարարել էին, որ խոսքը մասնավորապես Հերմինե Նաղդալյանի եւ նրա ամուսնու՝ Արտաշատի հարկային կառույցի ղեկավարի մասին է, որոնք այդ վաշխառության շնորհիվ մոտ մեկուկես տասնյակ բնակարանի տեր էին դարձել, ըստ բնակիչների:
Այդ երկու, ամիսների տարբերությամբ օրինակները լավագույնս ի ցույց են դնում այն, որ բազմանդամ ընտանիքները տուն չունեն Հայաստանում, իսկ որոշ պաշտոնյաներ «ողողվում» են բնակարաններով:
Գուցե արժեր Առաջին տիկնոջը միջնորդել, որ ասենք ոչ միայն որոշ մարդիկ պաշտոն ստանան պետական համակարգում, այլ բազմանդամ ընտանիքներն առաջին հերթին ստանան բնակարաններ:
Ի վերջո, ԱԺ փոխնախագահի պաշտոնը թող մնա Հերմինե Նաղդալյանին, առավել եւս, որ խորհրդարանի ներկայիս որակի պայմաններում այդ պաշտոնը երեւի թե միայն նրան ու նմաններին է պետք, ոչ թե պետությանը, բայց բազմանդամ ընտանիքները գոնե թող բնակարաններ ունենան, որովհետեւ դա արդեն ոչ միայն այդ ընտանիքներին, այլ պետությանն է պետք, որովհետեւ պետության մարդասիրության եւ արժանապատվության խնդիր է, արժեքների խնդիր, ինչով որ զբաղվում են Առաջին տիկնայք:
