Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնների ազգային ցանցը (ՇՊԱԿ) և Փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման ազգային կենտրոնը (ՓՄՁ ԶԱԿ) սույն թվականի մայիսի 30-ին պաշտոնապես կնքեցին Համագործակցության Համաձայնագիր:
ՇՊԱԿ-ների ազգային ցանցի կողմից Համագործակցության Համաձայնագիր կնքեցին ցանցը կազմող կազմակերպությունները, ի դեմս Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի, Արմավիրի զարգացման կենտրոնի գործադիր տնօրեն Նաիրա Առաքելյանի, Գեղարքունիքի առևտրաարդյունաբերական պալատի լիազոր ներկայացուցիչ Արփինե Բաղդոյանի, իսկ ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից` գործադիր տնօրեն Վարազդատ Կարապետյանը:
Համագործակցության համաձայնագրի նպատակն է նպաստել փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) ոլորտում գործող ձեռնարկատերերի իրավական իրազեկության և հակակոռուպցիոն գիտակցության մակարդակի բարձրացմանը, աջակցել ՓՄՁ-ների խախտված իրավունքների պաշտպանությանը և ՓՄՁ ոլորտը կարգավորող օրենսդրության մեջ հակակոռուպցիոն մեխանիզմների ներդրմանը ուղղված բարեփոխումների իրականացմանը:
Միջոցառմանը ներկա են գտնվել ներկայացուցիչներ ԱՄՆ ՄԶԳ-ից, ՓՄՁ ԶԱԿ-ից, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայից, Արմավիրի Զարգացման կենտրոնից և Գեղարքունիքի մարզի առևտրաարդյունաբերական պալատից:
