Քաղաքական գործիչները նման են տակաշորերի: Նրանց էլ պետք է պարբերաբար փոխել, եւ նույն պատճառներով»:
Ֆրանսիական ասացվածք
Հանրապետության երկրորդ նախագահն իր վերջին ընտրաշրջանի քարոզարշավն սկսեց «Հրազդան» հեռուստաընկերության ուղիղ եթերում:
Վարողն ասաց`
- Պարոն նախագահի թեկնածու, ասում ենՙ նախագահը երկրի պատիվն է, իսկ ընդդիմությունը՝ երկրի հպարտությունը, Ձեր կարծիքով...
Այստեղ նախագահի թեկնածուն, երեւի ուղիղ եթերի լարվածությունը մեղմելու նպատակով, ընդհատեց վարողին եւ ժպիտը դեմքին վրա բերեցՙ
- Ո՞վ է ասել, ե՞րբ է ասել, որտե՞ղ է ասել:
Վարողն իրեն չկորցրեց.
- Այդ խոսքերն ասել է երկրի գլխավոր մարքսիստը, մեկ շաբաթ առաջ, Հանրային հեռուստատեսությամբ:
Հանրային հեռուստատեսության վկայակոչումը կարծես ազդեցություն գործեց, մի պահ լռություն տիրեց, օգտվելով դրանից, վարողն անմիջապես ավելացրեց.
- Պարոն նախագահի թեկնածու, ինչպիսի՞ ընդդիմություն կուզենայիք ունենալ:
Քոչարյանը շուտասելուկի նման կարճ կտրեց՝ կառուցողական:
Անկեղծ ասածՙ անցել են տարիներ, եւ ես երկար ժամանակ չեմ կարողանում պատկերացնել, թե ո՞վ եւ ինչպե՞ս է որոշում ընդդիմության կառուցողական լինելը: Եթե չկան հատուկ չափորոշիչներ եւ այդ խնդիրը լուծում է երկրի նախագահը, ուրեմն դա ճաշակի խնդիր է: Այդ դեպքում ամեն մեկս մեր ճաշակով էլ կարող ենք որոշել` այս կամ այն ընդդիմությունը կառուցողական է, թե` ոչ: Օրինակ, իմ կարծիքով, մեր երկրում կարող է լինել կառուցողական ընդդիմության միայն երկու տարբերակ:
Տարբերակ առաջին
Նախագահը երկրի Գլխավոր շենքի պատն է շարում, ներքեւում հավաքվել են մի խումբ մարդիկ, գոռում են.
- Ուստա, պատդ ծուռ է, ուստա, պատդ ծուռ է:
Դուրս է գալիս շենքի անվտանգության ծառայության պետը, հավաքվածներին ասում.
- Նախ նա ուստա չէ, այլ` Վարպետ, դուք նվաստացնում եք մեր երկրի Գլխավոր շենքը եւ նրա Վարպետին, երկրորդ, ո՞վ է ձեզ թույլ տվել հավաքվել էստեղ եւ խանգարել Վարպետի աշխատանքը:
- Ներողություն, սրանից հետո Վարպետ կասենք, պատահաբար անցնում էինք շենքի կողքով, տեսանք պատը ծուռ է, զգուշացրինք, ի՞նչ եք ասումՙ աչքերս փա՞կ ման գանք, չխոսե՞նք:
- Կոռեկտ չէ: Խոսելու եւ տեսնելու կուլտուրական ձեւեր կան:
- Լավ, սրանից հետո կասենքՙ մեծարգո Վարպետ, պատը ծուռ եք շարում:
Սկզբում Վարպետը ներքեւից լսվող ձայներին ուշադրություն չէր դարձնում եւ շարունակում էր իր գործը, հետո տեսնում է, որ աղմուկը շատանում է, նոր մարդիկ հավաքվում, գոռում են անընդհատ:
Վարպետը դադարեցնում է գործը, իր մոտ կանչում աշխղեկին, վերջինս շենքի գծագիրն ու մակետը դեմը դրած` նայում-նայում, ապա գլուխը բազմանշանակ տարուբերելուց հետո ասում է.
- Մեծն Վարպետ, ամեն ինչ ճիշտ է, բանի տեղ մի դրեք, ավարա-սավարա մարդիկ են, զբաղմունք չունեն, հավաքվել, խոսում են խելքից դուրս...
Վարպետը շարունակում է իր գործը:
Շուտով մեծ ամբոխ է հավաքվում, մարդկանց հոսքը չի դադարում:
Անընդհատ գոռալով, նրանք բացահայտ խանգարում էին:
- Ուստա, պատդ ծուռ է:
Վարպետը տարակուսած նայում է իր կողքին կանգնած քար ու ավազ տվող սեւագործ բանվորներին, ասում է.
- Տղերք, կարո՞ղ է էս մարդիկ ճիշտ են, հլա ձեզնից մի երեք հոգով հանձնաժողով կազմեք, իջեք ներքև, նայեք, իսկապե՞ս պատը ծուռ եմ շարում...
Սևագործ բանվորներից երեք հոգի իջնում են ներքև, նայում, քննարկում, նրանցից երկուսը գտնում են, որ ոչ մի ծուռ բան չկա, մեկն էլ փորձում է հակաճառել, հետո խոսքը հետ է վերցնում, մտածելովՙ «ախպեր, հիմա որ հակաճառեմ, միևնույն է` էս երկուսի խոսքն է անցնելու, իմ ինչ գործ, ես սևագործ բանվոր եմ, ինչ ուզում ենՙ թող անեն»:
Հանձնաժողովն իր որոշումը կայացնում եւ զեկուցում է Վարպետին:
Վարպետը հանգիստ խղճով շարունակում է իր աշխատանքը:
Սակայն հակառակի պես ներքևում չէին դադարում գոռում-գոչյունները:
- Ուստա, պատդ ծուռ է, ուստա, արած գործդ փուստ է:
Վարպետը մտածում էՙ գուցե հիմքից է սխալը, էս մարդիկ հո գիժ չեն, որ անընդհատ գոռում են: Կանչում է նախագծողին, որ ստուգի կառուցման ճշտությունը, գլխավոր դատախազին էլ հանձնարարում է ստուգել շինանյութերի որակը եւ ձեռքբերման օրինականությունը: Բոլորը խոսքերը մեկ արած հաստատում են. «Ամեն ինչ տեղը տեղին է, Վարպետ, պարզապես էս հավաքվածների մեջ նեյրոլինգվիստիկ արվեստին տիրապետող կրիմինալ տարրեր կան, դրանց մի մասն էլ չուզողություն է անում, երևում էՙ սրանց մեջ ձեր գործի վրա աչք ունեցողներ կան»:
Վարպետը շարունակում է իր աշխատանքը:
Ներքևում ավելի է սաստկանում աղմուկ-աղաղակը:
- Ամոթ, ամոթ, հեռացիր, ուստա...
Վարպետը քիչ է մնում իրեն կորցնի: Մտածում, մտածում, բջջային հեռախոսը վերցնում, զանգում է իր գործընկեր վարպետներին, որոնք սփռված են աշխարհով մեկՙ Ռուսաստանում, Եվրոպայում եւ այլուր:
Նրանք խոսքերը մեկ արած՝ ասում են. «Ախպեր, ժամանակ չունենք, մենք հազիվ մեր պատն ենք շարում, եղունգ ունես գլուխդ քորիր»:
Վարպետը խոր մտքերի մեջ է ընկնում: Երկար մտածելուց հետո որոշում էՙ շորերը փոխի, իջնի ներքև, ներքևից նայի իր շարած պատին:
Այդպես էլ անում է: Իջնում է ներքև, նայում, տեսնում է պատը ներքևից մի ուրիշ տեսակ է երևում, եւ հանկարծ նկատում է, որ պատի ուղղությունը պահող գծաթելի ձողն իր ենթավարպետները սխալ տեղ են ամրացրել, դրանից էլ պատը շարունակ ծուռ էր շարվում:
Վարպետը ենթավարպետների գլխավորին փոխում, կարգալույծ է անում և շարունակում շարի գործըՙ երկնիշ թվերի աճով: Նեքևից լսվող ձայները ժամանակ առ ժամանակ դադարում կամ սաստկանում են:
Տարբերակ երկրորդ
Նույնն, ինչ առաջին տարբերակում: Նորից գոռում-գոչյուն.
- Ուստա, արած գործդ փուստ է:
Վարպետն իր ենթավարպետներին ուղարկում է ներքև, ասելով. «Գնացեք, դրանց միջի ամենաակտիվներին կանչեք, թող գան վերև, հետները խոսելիք ունեմ»:
Քիչ անց ենթավարպետները հետ են դառնումՙ մի երկու-երեք ակտիվ գոռացողների ուղեկցությամբ:
Վարպետը նրանց ասում է.
- Ինչո՞ւ եք էս խեղճ ժողովրդին հետևներիցդ բերել էստեղ, գիտեք հանաք, մասխարա գո՞րծ է պատշարի գործը, հլա մի փորձեք մի քարը քարի վրա դնել:
- Լավ, էլի, Վարպետ, էդքան էլ մի դժվարացրեք, տվեք կիսրար շարենք, կարող է ավելի լավ ստացվի,- ժպիտը դեմքին խոսեց նրանցից ամենաջահելն ու ամենաուժեղը:
- Ընկեր, դու դեռ ջահել ես, շատ բան չես տեսել, քեզ թվում էՙ էս երկրի պատը որբի գլուխ է, ով ասես վրան վարսավիրություն կսովորի:
- Լավ, Վարպետ, գոնե ամեն մեկիս մի հարկ տվեք, շարենք, եթե չստացվի, մենք մեր կամքով էս շենքից դուրս կգանք,- շարունակում է նրանցից ամենատարեցը:
- Չէ, երեւում է, դուք չեք ուզում հասկանալ մի պարզ ճշմարտությունՙ էս շենքի պատը մի ձեռքով պիտի շարվի, հակառակ դեպքում շենքը փուլ կգա: Հասկացա՞ք...Լավ, ես ձեզ կանչել եմ ուրիշ բանի համար: Ես կարող եմ ձեզ փոդրատ գործ առաջարկել: Ձեզնից մեկին, օրինակ, կառաջարկեմ զբաղվել շենքի կապի, տրանսպորտի հարցերով, մյուսին` աշխատողների համար համերգներ ու շոուներ կազմակերպելով, երրորդին կառաջարկեմՙ զբաղվել մարդկանց թոշակի ու կրթության խնդիրներով: Ձեզնից մեկն էլ թող մի քիչ իր քեֆին ման գա, բիզնես-միզնես անի, հետն էլ բարեգործությամբ զբաղվի, էս երկիրը բարեգործ մարդու կարիք շատ ունի:
Տղերքն իրար երես են նայում, ասում.
- Ձեր առաջարկը, Վարպետ, լուրջ քննարկումների կարիք է զգում: Մենք առանձին - առանձին կմոտենանք:
Նրանք իջնում են ներքեւ եւ իրենց ժողովրդին ասում.
- Ժողովուրդ սիրելի, հանգիստ գնացեք ձեր տները, մենք ուստի հետ խոսեցինք, պայմանավորվեցինք, որ այսուհետև պատի շարի աշխատանքները մենք վերևից ենք վերահսկելու, երբեք թույլ չենք տա ոչ մի ծուռ պատ, հասկացա՞ք...
Հավաքվածների մի մասը ոգևորված, մի մասը գլխիկոր, քթերի տակ ինչ-որ բան քրթմնջալով, ցրվում, գնում են:
Շենքի կառուցումը շարունակվում է դարձյալ երկնիշ թվերով: Չգիտես ինչու սակայն, այդ թվերին որոշ մարդիկ չեն հավատում: Այս դեպքում էլ ներքևից լսվող ձայները ժամանակ առ ժամանակ սաստկանում կամ դադարում են:
Հ. Գ. Չենք բացառում, որ գոյություն ունենան նաեւ կառուցողական ընդդիմության այլ տարբերակներ, օրինակ` «շինիչ, քանդիչ, եվրոնորոգիչ»: Կառուցողական կարող են լինել նաեւ «արմատականն ու ծայրահեղականը», «հեղափոխականն ու պահպանողականը», «կենտրոնամետն ու ծայրամետը», «օրինացն» ու հորինածը, «բարգավաճն» ու սակավաճը...: Սրանք բոլորն էլ ժամանակի պահանջներից ելնելով ենթակա են փոփոխության. նրանց մի մասը կարող են Գլխավոր շենք ներս ու դուրս անելով հետևել շինարարությանը վերևից, մյուսները` դարանակալել երկրի Գլխավոր շենքի մերձակայքում և սպասել իրենց մուտքի ժամին, երրորդները` ինքնակեղեք լռությամբ տառապել իրենց նստավայրերում ու ժամանակի փոշու տակ մնալ: Իսկ լուռ մարդը նման է շենքի տակ դրված չպայթած ականի:
Անկախ ամեն ինչից, իշխանությանը միշտ անհրաժեշտ է ընդդիմություն, ինչպես մարաթոնյան վազքի դուրս ելած առաջատարին` հետապնդող վազորդը: Առաջնորդը հետապնդողի շնչառությունը միշտ պիտի զգա, հակառակ դեպքում` վազանցումով ոտնակոխ կարվի:
Իսկ ընդդիմության հաջողությունը կամ անհաջողությունը կախված է ոչ միայն երկրի Գլխավոր շենքը կառուցողի վարպետությունից, այլեւ վերևի եղանակի պայմաններից եւ ներքևի մթնոլորտային ճնշումից:
