Սոչիի Ադլերի շրջանի Չերեշնյա գյուղում տեղացի աղջիկներին են մոտեցել Օլիմպիական օբյեկտների շինարարությամբ զբաղված տղամարդիկ: Դաղստանցի տղամարդիկ փորձել են համառորեն ծանոթանալ աղջիկների հետ՝ սկսելով «ձեռք գցել» նրանց, գրում է Ռուսաստանի հայերի Երկրամաս թերթը՝ հղում անելով Կոմսոմոլսկայա պրավդային: Աղջիկներն էլ բողոքել են իրենց ընկերներին ու եղբայրներին: Հայ երիտասարդները հավաքվել են եւ որոշել են վրեժ լուծել: Բարկացած տղաները շարժվել են շինհրապարակ:
Բանվորները խուճապահար զանգել են ոստիկանություն: Երբ հատուկ ջոկատայինները ժամանել են, հակառակորդներն արդեն ակտիվորեն կռվում էին՝ քարերով, փայտերով: Ոստիկանները ստիպված են եղել կենդանի պատ կազմել հայ եւ դաղստանցի երիտասարդների միջեւ: Արցունքաբեր գազով զինված ոստիկաններն ու հատուկ ջոկատայինները 300-ից ավելի մարդ են ձերբակալել:
Սա աղջկա պատճառով առաջին բախումը չէ հայերի ու դաղերի միջեւ: Մայիսի 1-ին տեղի ունեցած կռվում, որին մասնակցել է 300 մարդ, ստացած վնասվածքներից մահացել էր տեկվանդոյի 23-ամյա սպորտի վարպետ Յուրի Գարանյանը:
Մայիսի 26-ին Ադլերի շրջանի ղեկավար Ժիգալկոն հանդիպման է հրավիրել տեղացի բնակիչներին միջադեպի հարցով: Ժիգալկոն կոչ է արել տեղացիներին հետեւել օրենքին, իսկ ոստիկանությունն արդեն հետաքննություն է սկսել: Նա կոչ է արել հարձակման դեպքում ոչ թե ինքնադատաստան տեսնել, այլ ոստիկանություն զանգահարել: Այդուհանդերձ, Ժիգալկոյին չի հաջողվել հանգստացնել բնակիչներին, նրանք շարունակում են ծայրահեղ դժգոհ մնալ:
