ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և 'EUROSTUDENT' նախագծի միջազգային համակարգող թիմի ղեկավար Դոմինիք Օրրը ստորագրել են երկկողմ պայմանագիր, որի շրջանակում այլ եվրոպական երկրների հետ Հայաստանի Հանրապետությունը կմասնակցի բարձրագույն կրթության բնագավառում ուսանողների սոցիալական և տնտեսական պայմանների, ուսուցման ձևերի և եղանակների, ինչպես նաև միջազգային շարժունությունն ուսումնասիրող հետազոտության աշխատանքներին: Ծրագիրը Բոլոնիայի գործընթացի համատեքստում հնարավորություն կընձեռի իրականացնել ազգային բարձրագույն կրթության չափանիշների համեմատական ուսումնասիրություն վերոնշյալ հարցերով և համադրել ստացված տվյալները Բոլոնիայի անդամ երկրների տվյալների հետ:
'EUROSTUDENT'-ը ստեղծվել է 1999 թվականին` նպատակ ունենալով աջակցել Բոլոնիայի բարեփոխումներին և նպաստել Եվրոպական Բարձրագույն Կրթական Տարածքի ստեղծմանը: Ընդհանուր առմամբ Կոնսորցիումի աշխատանքներին կմկասնակցի 30-ից ավելի երկիր, և 'EUROSTUDENT' ծրագրին մասնակցելու հրավեր են ստացել նաև Խորհրդային Միության նախկին այն երկրները, որոնք պատրաստ են ժամանակակից գիտահեն հասարակարգում բարելավել բարձրագույն կրթության ընդհանուր մակարդակը և այն հասանելի դարձնել հասարակության տարբեր խավերի ուսանողների համար:
'EUROSTUDENT' նախագիծն իրականացվելու է 2012-2015 թվականներին, իսկ դրանից հետո կարող է շարունակվել կողմերի համաձայնության դեպքում: 'EUROSTUDENT' նախագծի հինգերորդ կոնսորցիումին մեր երկրի մասնակցության համար կձևավորվի ազգային թիմ, որն ըստ արդեն հաստատված ժամանակացույցի կապահովի ծրագրի արդյունավետ իրականացումը:
ՀՀ կրթության և գիտության նախարարության մասնակցությունը 'EUROSTUDENT' հինգերորդ կոնսորցիումի աշխատանքներին հնարավորություն կընձեռի ստեղծել ուսանողների մշտադիտարկման չափելի մեխանիզմներ և գործիքներ, ինչպես նաև կապահովի ՀՀ բարձրագույն կրթության միջազգայնացման շրջանակի ընդլայնումը և ակտիվ համագործակցությունը Բոլոնիայի պայմանագիրը ստորագրած այլ անդամակից երկրների հետ, տեղեկացնում են ՀՀ ԿԳՆ-ից:
ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը կմասնակցի EUROSTUDENT նախագծի հինգերորդ կոնսորցիումի աշխատանքներին
- Հասարակություն - Չորեքշաբթի, 16 Մայիսի 2012, 13:02
