Հայաստանում բնակարան ստանալու համար հերթագրված է մանկատան 211 շրջանավարտ: Այս հերթը գոյացել է 2008 թվականից, երբ Վերահսկիչ պալատի աղմկոտ բացահայտումներից հետո դադարեցվեց «Պետական աջակցություն մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին»
ծրագիրը:
Հիշեցնենք, որ ըստ բացահայտումների` ծրագրին ուղղված բյուջետային հսկայական միջոցներ էին փոշիացվել, իսկ մանկատան շրջանավարտներին հատկացված բնակարանների մի մասը չեն համապատասխանել սահմանված չափանիշներին: Ծրագրի դադարից հետո մանկատան շրջանավարտները, չափահաս դառնալով, հայտնվում են փողոցում, ապրում անմարդկային պայմաններում:
Կան դեպքեր, երբ բանակից զորացրվելուց հետո մանկատանը մեծացած տղաները կացարան չունենալու պատճառով դարձյալ հետ են գնում մանկատուն: Օրինակ` նման դեպք կա Գավառի մանկատանը: Եվ դեռ հարց է, թե երբ պետությունը կկարողանա բնակարանով ապահովել նշված երիտասարդներին: Իսկ հերթը տարեցտարի աճում է:
Կառավարությունը մտադիր չէ շարունակել նախքան ՎՊ բացահայտումներն իրականացված վերոնշյալ ծրագիրը: Փոխարենն, ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանի, փորձում են խնդրին լուծում տալ այլ ճանապարհով: «Կառավարությունը որդեգրել է նոր քաղաքականություն` սոցիալական ֆոնդ ձևավորել և դրա հաշվին լուծել այդ խնդիրները: Այն ժամանակ այլ ձևով էր ծրագիրն իրականացվում, ներկայում բնակարանային ֆոնդ է ձևավորվում, և այդ ֆոնդից հատկացումներ են կատարվելու»,- Lragir.am-ին տեղեկացրեց Արթուր Գրիգորյանը:
Մարալիկում կառուցված սոցիալական բնակարանային ֆոնդից առաջիկայում մանկատան 14 շրջանավարտի բնակարան կհատկացվի: Նախորդ տարի Գյումրիում և Մարալիկում հատկացվել է 18 բնակարան, ինչն այնքան էլ մեծ թիվ չէ: Ներկայում չկան հստակ հաշվարկներ, թե երբ հնարավոր կլինի բոլոր հերթագրվածներին ապահովել բնակարանով:
Նախարարի խոսքով, մանկատան այն երեխաները, որոնք հնարավորություն չեն ունենա մի քանի տարի անց այդ բնակարանները գնելու և սեփականացնելու, նրանց հետ պայմանագրերն անհատույց օգտագործման պայմանով կերկարաձգվեն:
Ըստ Արթուր Գրիգորյանի` բացի ՎՊ բացահայտումներից, վերոնշայլ ծրագրի իրականացման համար խոչընդոտ էր հանդիսացել նաև բնակարանների գների թանկացումը:
«Պետբյուջեի հատկացումներն ու բնակարանների գները չէին համապատասխանում: Եղել է դեպք, երբ պետբյուջեից գումարը հատկացվել է, սակայն չեն կարողացել ձեռք բերել բնակարաններ, քանի որ դրանք թանկացել էին»,- ձախողված ծրագրի մանրամասները ներկայացրեց նախարարը:
Նշենք, որ բայցի մանկատան շրանավարտներից, Հայաստանում հաշվառված է նաև առանց ծնողական խնամքի մնացած 110 երեխա, ովքեր նույնպես բնակարանի կարիք ունեն: Այս երեխաների բնակարանային հարցերի լուծման ուղղությամբ նույնպես պետք է աշխատանքներ տարվեն:
