Բելգիայի հայ ուսանողությունը աջակցություն է հայտնում Հայաստանի բնապահպաններին

  • Հասարակություն - 27 Ապրիլի 2012, 09:35

Բաց նամակ Բելգիայից

Վերջին շրջանում մենք ականատես ենք, թե ինչպես է հայ առաջադեմ երիտասարդությունը և գիտակից քաղաքացին պայքարում Հայաստանում տեղի ունեցող բնապահպահպանական անօրինականությունների դեմ:

Բելգիայի հայ ուսանողությունը և երիտասարդությունը մեծ խանդավառությամբ հետևում են այս հիրավի հեղափոխական շարժմանը, որը կոչված է արթնացնել հայ հասարակությանը և ստիպել իշխանություններին հաշվի նստել երկրի իրական տիրոջ՝ ժողովրդի հետ:

Այսօր արդեն իսկ մի շարք հանքեր շահագործվում են բնապահպանական կանոնների կոպիտ խախտումներով: Կասկածից վեր է, որ մեր հայրենիքի ընդերքի անխնա շահագործումն առանց բնապահպանական անհրաժեշտ նորմերի, տեսանելի ապագայում կբերի աղետալի հետեւանքների՝ ջրի, օդի և հողի թունավորում,  անապատացում, գյուղերի դատարկում և ահագնացող արտագաղթ:

Հանքարդունաբերության հետագա ծրագրերի իրականացումը՝ շատ մոտ ապագայում հարցականի տակ կդնի մեր պետության և հայրենիքի գոյությունը: Հանդուրժելի չէ ´ և գալիք սերունդը չի ների նրանց՝ովքեր հանուն սեփական շահերի պարտադրում են մեր ժողովրդին այս չարագուշակ հեռանկարը:

Հետևաբար , մենք մեր զորակցությունն ու շնորհակալությունն ենք հայտնում այն բոլորին , ովքեր ամեն գնով պայքարում են Թեղուտի չնաշխարհիկ անտառների ոչնչացման  և Մաշտոցի պուրակում կրպակների ապօրինի տեղադրման դեմ:

Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին ամենայն պատասխանատվությամբ և լրջությամբ մոտենալ այս հույժ բախտորոշ խնդիրներին՝ այսօր, անհապաղ:

Թռչկանի հաղթանակը հույս է ներշնչում, որ վաղ թէ ուշ բոլոր խնդիրներն անպայման կստանան դրական լուծում  և քաղաքացիական պայքարը կպսակվի հաղթանակով:

«Հայասա» Բելգիայի հայ ուսանողական միություն

Ամենաընթերցվածը