L’UNIVERSITA E’NOSTRA

    • Հասարակություն - Երկուշաբթի, 16 Ապրիլի 2012, 15:23

«Ծիր Կաթինը իրականության մեջ գոյություն ունի մեր հոգում, դրա համար էլ այն տեսնում ենք», ասում էր Բորխեսը ու իր ստեղծագործություններից մեկում նշում հայելիների հրեշավոր հատկության մասին` բացատրելով մարդկանց թիվը բազմապատկելու դրանց հատկությամբ: Իսկապես, Թումանյան 42 հասցեն երազողների դեպքում այդ ծուռ հայելիները իրենց ահավոր գործն արել են: Ձեռագիրը նույնն է մեզ սնուցող ընդերքից մինչև համալսարան` մեր Alma Mater, հաստատվել է նյութի գերակայություն մշակութայինի նկատմամբ:

Մշակույթի հարատևության հիմքում ընկած է համալսարանական ինքնավարությունն ու ակադեմիական ազատությունները, քանի որ համալսարանի բուն առաքելությունը ապագայի արարման մեջ է, և հավանաբար այդ պատճառով է, որ այն համեմատում են սնուցող մոր հետ: Սերունդների ուսերին է ընկած պատմություն կերտելու պատասխանատվությունը: Երիտասարդության տարիներին անցյալից, միջավայրից և հաստատված մշակութային արժեքներին մարտահրավեր նետելու բնական պահանջից են ծնվել հասարակության թռիչքները հավատի, հասարակության կացութաձևի վերաբերյալ, ձևավորվել են ընդհանուր աշխարհընկալման նոր ձևակերպումներն ու սահմանումները, որոնք որպես կանոն առաջացրել են հեղափոխական կամ տրանսֆորմացնող փոփոխություններ և ապահովել հասարակությունների արդիականացումն ու տնտեսական զարգացումը:

Վերջերս ԵՊԼՀ շուրջ առաջացած մթնոլորտը մամուլում իր արձագանքն է ստացել, սակայն ես որպես դասախոս ու ադմինիստրատիվ աշխատող որոշել էի լռել, քանի որ այս ընթացքի քաղաքականացումը համալսարանականներիցս ոչ ոքի ձեռք չի տալիս: Սակայն մամուլում դեռևս անհաջող, բայց մի քանի քաղաքականացման փորձերից հետո որոշեցի խախտել լռությունս և գրել իրավիճակի մասին, բայց այս անգամ գրել որպես ԵՊԼՀ հայցորդ` գիտակցելով իմ համալսարանի վտանգված լինելու փաստը ու օրհասական պահը:

Երեք տարի է աշխատում եմ ԵՊԼՀ-ում ու այս կարճ ընթացքում հասցրել եմ մի քանի գիտական նախաձեռնություններում կատարել իմ համեստ հետազոտական ներդրումը, դասավանդել ու գործընկերներիս հետ աշխատել բուհի արդիականացման ու միջազգայնացման ուղղությամբ: Շատերը հավանաբար չգիտեն, որ բուհում ստեղծվել է միջազգային խմբագրակազմ ունեցող գրախոսվող գիտական պարբերական, որն ունի բոլոր նախադրյալները ժամանակի հետ դառնալու միջազգային ճանաչում ունեցող գիտահետազոտական քննարկումների հարթակ: Համալսարանը բոլոնյան գործընթացի շրջանակներում փորձարարական տարբեր գործընթացների միջոցով համապատասխանեցնում է կրթության կառուցվածքն ու բովանդակությունը արդի պայմաններին: Օրինակ` հետադարձ կապի գործուն մեխանիզմներ գործարկելով ուսանողների, ավարտական փուլ մտածների, շրջանավարտների հետ, ինչպես նաև սոցիալական գործընկերության մեխանիզմներ ստեղծելով գործատուների հետ:

Քչերը գիտեն, որ այս տարի Հայաստանում` ԵՊԼՀ-ում կկազմակերպվի Եվրոպական մայրաքաղաքների համալսարանական ցանցի համաժողովը նվիրված գիտակրթական համարկման խնդիրներին: Քչերը գիտեն, որ ԵՊԼՀ-ում վերջերս ստեղծվել է Թարգմանչական կենտրոն, որն ըստ էության նյութականացրել է կրթության որակի ու համապատասխանության վերացարկված գաղափարը` մեկնարկելով կրթության բովանդակության արդիականացումը ոչ միայն մեր բուհի շրջանակներում: Օրինակներն այնքան շատ են, որ կարելի է անվերջ թվել:

Մեր երկիրը տարիներ շարունակ խոսում է կրթության որակի և համապատասխանության կարևորության մասին, որը ենթադրում է արդիական մանկավարժական մեթոդներ, ժամանակակից տեխնոլոգիական միջոցների առկայություն և լայն կիրառում, արդյունքահենք կրթական գործընթաց, հետևաբար և ակադեմիական ազատություններ ու ինստիտուցիոնալ անկախություն: Սակայն այս ամենը զուգակցվում է ակտիվ փորձարարական շրջափուլ մտած, բարեփոխվող բուհի դեմ արշավով, որն, ի դեպ, հավատարմագրման շեմին է կանգնած:

Կրթության որակի ու համապատասխանության հայտարարությանը զուգահեռ պետությունը ի դեմս հիմնադրի և լիազորված մարմնի շարունակում է իր ձեռքում պահել «կառավարման փաթեթը»` տնօրինելով կառավարման խորհրդի ձայների 50 տոկոսը: Ավելին, եթե հաշվի առնենք տարիներ շարունակ ընթացած անառողջ գործընթացը, երբ ուսանողների իրավունքների պաշտպանությանը միտված ուսանողական խորհուրդը ստանձնել է նեղ խմբերի շահերի պաշտպանությունը, ապա կարելի է վստահաբար պնդել, որ այս ամենը հեքիաթ է:

Կրթությունը երիտասարդների և երկրների մուտքի տոմսն է դեպի ժամանակակից աշխարհ, մինչդեռ հնարավորությունները հավասար չեն, թե երկրների միջև, թե դրանց ներսում: Ի՞նչ կլինի նրանց հետ, ով մուտք չի գործի և թե ի՞նչ հետադարձ ազդեցություն կունենա մյուսների վրա, ցույց կտա ժամանակը և ֆուտուրիստների կանխատեսումները: Սակայն եթե չիրականացվի ակտիվ երիտասարդական քաղաքականություն, զարգացող երկրները, այդ թվում մանսավորապես Հայաստանը, վտանգում են իրենց մտավոր ներուժի պաշարների վերարտադրությունը, հետևաբար և կայուն զարգացումն ու մշակույթի բնականոն հարստացումը:

Երկրի առջև ծառացած մարտահրավերները ենթադրում են, որ բարեփոխման մեջ գտնվող ու հավատարմագրման շեմին կանգնած համալսարաններին պետությունը պիտի ցույց տա իր աջակցությունը և կարողանա արագացնել արդիականացման ու միջազգայնացման ընթացքը: Սակայն, հասկանալի չէ, թե ինչու՞ առանց հիմնավոր փաստերի համալսարանի համբավը վարկաբեկող հայտարարություններ են արվում: Պարզ չէ, թե ինչու՞ է ՀՀ կրթության և գիտության նախարարը փորձում գերազանցել սեփական լիազորությունները: Բայց շատ ավելի տարօրինակ է, որ նախընտրական պայքարի մեկնարկից առաջ ՀՀԿ-ն ի դեմս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, որի անդամ է նաև ՀՀ կրթության և գիտության նախարարը, հրապարակավ կուսակցական տոմս է հանձնում Որակի ապահովման ազգային կենտրոնի ղեկավարին: Սա այն կառույցն է, որը պիտի ապահովի բուհերի հավատարմագրման ընթացքը և այդ ամենում լինի անաչառ ու ցուցաբերի անկողմնակալ, ինչպես նաև մասնագիտական մոտեցում:Վերջին շրջանում շատ բաներ են մեկտեղվում և կասկածի տեղիք տալիս, որ Թումանյան 42 երազողները, որոնք զրկված են Ծիր Կաթնից, կկարողանան հարցին մոտենալ պետության ու հանրության շահի տեսանկյունից: Կապրենք, կտեսնենք:

Համալսարանի ապագայով մտահոգված հատվածն անհամբեր սպասում է երեքշաբթի օրը կայանալիք գիտական խորհրդի արտահերթ նիստին: Մինչ այդ, ԵՊԼՀ-ի ու ընդհանրապես համալսարանական ինքնավարության ու ակադեմիական ազատությունների մասին մտորելիս` հիշում եմ 1967 թ. աշնանը իտալացի ուսանողների կողմից երկրի կենտրոնական և հյուսիսային մասի համալսարանների գրավման մանրամասները, որոնց զարգացումը հանգեցրեց մարտի 1-ին Հռոմի համալսարանում բարիկադավորմանն ու դաժան դիմադրությանը` ցնցելով ողջ երկիրը: Տարիներ են անցել և վստահ եմ, որ մենք հետևություններ ենք արել այս պատմանական փաստերից: Հուսանք` մեր երկրում իշխանությունները առավել կառուցողական դիրքորոշում կորդեգրեն և կմիանան մրցունակ կրթություն կառուցելու կոլեկտիվ ջանքերին, այդ թվում նաև Թումանյան 42 հասցեում:

  1. Խմբագիրները սահմանում են խաղի կանոններ. հայտարարություն
    Հաշվի առնելով լրատվական դաշտում առկա իրավիճակը, երբ մամուլում հրապարակված լուրերն ու հոդվածները գրեթե վայրկյաններ անց հայտնվում են համացանցում
    11:12 23/05/2013
  2. Առևանգվել է սիրիահայ գրող Հակոբ Միքայելյանը
    ՀԲԸՄ Հալեպի տեղական վարչության ատենապետ Հակոբ Միքայելյանը Հալեպ-Բեյրութ ճանապարհին առևանգվել է ծայրահեղ իսլամիստական Ալ Նուսրա խմբի կողմից:
    10:08 23/05/2013
  3. Ամառային հանգստի մի քանի տարբերակներ
    Մի քանի տարբերակներ, թե որտեղ անցկացնել ամառային հանգիստը
    19:30 22/05/2013
  4. «Եվրատեսիլ»-ի կազմակերպիչները հաստատում են, որ Ռուսաստանը Ադրբեջանից չի ստացել և ոչ մի միավոր
    «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթի կազմակերպիչները մտադիր չեն լրացուցիչ կարգով ստուգել շվեդական Մալնե քաղաքում 2013թ.-ին անցկացված եզրափակչի տվյալները և վերանայել քվեարկության արդյունքները:
    12:35 22/05/2013
  5. Հրանուշ Հակոբյանի խորհրդավոր հետազոտությունը
    Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում խոսել է Եվրատեսիլի այսպես ասած «մութ» կողմերի մասին
    12:01 22/05/2013
  6. Հայաստանն այս տարի ևս միացել է Համաեվրոպական գրական գիշեր նախաձեռնությանը
    Միացյալ Թագավորության գրական գոհարները հայ դերասանները կընթերցեն մայիսի 23-ից -25-ը Երևանի տարբեր անկյուններում:
    11:30 22/05/2013
  7. Հունիսին խոշոր ցնցում է սպասվում Հայաստանում
    «Էվոլյուցիայի» հետեւանքներն այսօր ամենուր են՝ «էլիտայի» տեսքով՝ խորհրդարանում, կառավարությունում, հեռուստաեթերին
    11:28 22/05/2013
  8. «Սատանայի փաստաբանը»
    Խորհրդարանում ցանկացած հարցի քննարկում վեր է ածվում իսկական լեզվակռվի: Առավել եւս, երբ քննարկվում է կառավարության ծրագիրը:
    09:47 22/05/2013
  9. Ռուսաստանի հայերի միությունը եւ Սփյուռքի նախարարությունը հայտարարում են 2013թ. ստեղծագործական և գիտական աշխատանքի միջազգային մրցույթ
    ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ նպատակն է նպաստել Հայաստանի գիտական և ստեղծագործական մտավորականության գործունեության ակտիվացմանը, խթանել երկրի մտավոր կյանքի աշխուժացումը:
    19:41 21/05/2013
  10. Ձերբակալվել է Վրաստանի նախկին վարչապետը
    Վրաստանի իրավապահ մարմինները ձերբակալել են Ազգային միասնական շարժման գլխավոր քարտուղար, Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլուն:
    19:28 21/05/2013