Քաղաքապետ-Վարչապետ` 1:0

    • Հասարակություն - Չորեքշաբթի, 14 Մարտի 2012, 18:06

Վերջին օրերին Մաշտոցի պուրակում ծավալվող իրադարձությունները հայաստանյան հասարակական-քաղաքական կյանքի և քաղաքացի-իշխանություններ հարաբերությունների ուղղակի արտապատկերումն են: Այստեղ է երևում պետության ժողովրդավարականության և իշխանությունների հաշվետվականության աստիճանը, բացեիբաց մատուցվում է ՀՀ քաղաքացու և ՀՀ պետական մարմինների փոխգործակցության առկա մոդելը: Այստեղ ևս մեկ անգամ երևակվում է բազմաթիվ մտավորականների իրական դեմքը, ասել է թե` տարորոշվում է «մտավորական» սահմանման միջին հնչյունը` ըստ քաղաքացիական պայքարի նկատմամբ վերջիններիս արտահայտած դիրքորոշման: Միևնույն ժամանակ ՀՀ նախագահի ելույթում տեղ գտած դրույթը, թե «պետությունն իր վարած քաղաքականությամբ պետք է դառնա բոլորի հովանավորը` հավասարապես» կյանքի է կոչվում այս պահին Մաշտոցի պուրակում հանուն հանրային սեփականության և իրավահավասարության պայքարող քաղաքացիների կողմից. և որքան էլ զարմանալի չլինի, բայց վերջիններիս չեն միանում ՀՀԿ անդամները, հանդես չեն գալիս հատուկ հայտարարությամբ, չեն ձեռնարկում հստակ և անհապաղ քայլեր` վերոհիշյալ դրույթի կենսագործմանը նպաստելու համար: Ավելին, հանրային կանաչ սեփականության բետոնապատման կողմնակիցները ուշի ուշով հետևում են մի տխրահռչակ, զազրելի գործընթացի, որով ՀՀ կառավարությունը պարտրաստվում է հանրային այգին էլ ճանաչել «բացառիկ` գերակա հանրային շահ»` մի պիտակ, որը վերջին տարիներին քաղաքաշինական ապօրինությունների օրինականացման ամենաարդյունավետ գործիքն է դարձել: Հասարակության բողոքը գնդակի պես ատյանից ատյան ուղարկվեց և կարծես թե լուծումը գտել են` իհարկե, այս անգամ էլ` ոչ ի շահ հանրության: Սակայն սպասենք. այդ ամենը` երկրորդ խաղակեսում:

Մինչ այդ, ամփոփելով առաջին խաղակեսը, կատարենք մի կանի դիտարկում: Քաղաքացիների անձնուրաց պայքարի և արդեն իսկ շուրջօրյա նստացույցի վերածված ակցիայի լույսի ներքո վերաիմաստավորվում են հասարակության առջև «պարզերես» լինելու իր վերջին շանսերը սպառող քաղաքապետի հնչեցրած հայտարարությունները: Մասնավորապես քաղաքապետի այն հայտարարությունը, թե ինքը հերթապահում է Մաշտոցի այգում, մի քանի մեկնաբանության տեղիք է տալիս, եթե հաշվի առնենք, որ այգում մինչ օրս հերթապահել են միայն քաղաքացիական ակտիվիստներն ու ոստիկանության աշխատակիցները.

Մեկնաբանություն առաջին: Քաղաքապետն, իրոք, [անձամբ] հերթապահում է Մաշտոցի պուրակում, որպեսզի այնտեղ ոչ մի աշխատանք չկատարվի (սակայն նրան ոչ ոք չի տեսնում):

Մեկնաբանություն երկրորդ: Քաղաքապետը հերթապահությունն իրականացնում է ոստիկանների միջոցով, ովքեր չնայած օրեր շարունակ երկաթե արգելապատնեշներով «մասնակիորեն խոչընդոտում են պուրակի ճեմուղիներով զբոսնող քաղաքացիների անցուդարձը», սակայն միևնույն ժամանակ նույն պատրվակով փորձում են համոզել ակտիվիստներին այգու տարածքում վրաններ չտեղադրել:

Մեկնաբանություն երրորդ: Քաղաքապետը հոգեպես ակտիվիստների հետ է: Նա հոգով ու սրտով սատարում է նրանց և իր հերթապահությունն իրականացնում է այդպես` հեռավար կարգով:

Մեկնաբանություն չորրորդ: Քաղաքապետը հանձնարարել է, որ աշխատանք չիրականացվի, և այդ հանձնարարությունն ինքնին որակում է որպես «հերթապահություն», սակայն անձամբ չի այցելում այգի:

Մեկնաբանություն հինգերորդ: Քաղաքապետը պուրակի հարցով հերթապահում էր Կառավարության դռների մոտ, որպեսզի խնդիրը ներառվեր մարտի 15-ի նիստի օրակարգում և շուտափույթ լուծում ստանար գերակա շահի փրկարար հնարքի շնորհիվ:

Չնայած տարըմբռնումներ առաջացնող նման հայտարարություններին` քաղաքապետ Տարոն Մարգարյանն, այնուամենայնիվ, որոշակի առավելություն ունի վարչապետ Տիգրան Սարգսյանի նկատմամբ, եթե համեմատենք այդ երկու պաշտոնյաների մարտավարությունը կիբերտարածքում: Առավելությունը նրանում է, որ, օրինակ, քաղաքապետ Տարոն Մարգարյանի ֆեյսբուքային էջի պատասխանատուները դեռևս ավելի հանդուրժողական են և տեղադրված հղումներն ու տեղեկությունները «մասնակիորեն են խոչընդոտվում» և դա անում են, ասենք, տարոսիկ հիշեցնող ինչ-որ ծաղկեփնջի նկարների օգնությամբ: Այստեղից էլ կարելի է ենթադրել, որ քաղաքապետի էջը հավանաբար վերահսկում է երիտասարդ մի օրիորդ, ում թեթև ձեռքով քաղաքացիների կողմից քաղաքապետի պատին տեղադրվող հրատապ ահազանգերը հաճախ ընդմիջվում են ոչ միայն գովասանքի տեքստերով, այլև ռոմանտիկ նկարազարդումներով:

Մինչդեռ վարչապետ Տիգրան Սարգսյանի էջի պատասխանատուները շատ օպերատիվ կերպով խոչընթոտում են քաղաքացիների` նույնիսկ ամենաառարկայական դիմումների տեղադրումը վարչապետի էջում: Այսօր առնվազն մեկ դիմումի հղում փորձեցինք տեղադրել նրա ֆեյսբուքային էջում, սակայն հղումը համառորեն ջնջեցին: Մեզ հետաքրքիր է, թե ի վերջո վարչապետի ֆեյսբուքային էջի մոդերատորները երբ պիտի գլխի ընկնեն, որ բարձրաստիճան պաշտոնյայի էջից հանրության դիմումը «Hide անելը» (թաքցնել) նման է խնդիրն անտեսելու նպատակով գլուխն ավազի մեջ թաքցնելուն և որ նրանք այդպիսով միմիայն վնասում են վարչապետի վարկանշին` ընթերցողի երևակայությունը տեղափոխելով կենդանական աշխարհ:

Եթե կա հստակ դիմում` ուղղված կոնկրետ պաշտոնյայի, ապա նրա կամ նրա ներկայացուցիչների կողմից դրան չանդրադառնալու աննշան թվացող ժեստերն անգամ կարող են ամոթալի արարք համարվել: Անշուշտ, ներողություն ենք խնդրում խոսքը հուզական դաշտ տեղափոխելու և ամոթից խոսելու համար: Մենք գործնական ենք մնում մեր կողմից ցանկացած չինովնիկի ուղղված առարկայական դիմումների, դրանցում արդարացիորեն բարձրացված պահանջների և քաղաքացիական գիտակից գործողությունների շրջանակներում:

Պարզապես ակնկալում ենք ավելի հաշվետու կեցվածք հանրության առջև, ինչը ենթադրում է առնվազն միանշանակ հայտարարություններ մեր չինովնիկների կողմից, ինչպես նաև առավել ընդգծված հարգանք` մեր երկրում օրինականության և քաղաքացիական հասարակության հաստատման համար պայքարող քաղաքացիների անձնուրաց ջանքերի, ինչպես նաև իշխանությունների հետ նրանց երկխոսության քաղաքակիրթ փորձերի նկատմամբ:

  1. «Եվրատեսիլ»-ի կազմակերպիչները հաստատում են, որ Ռուսաստանը Ադրբեջանից չի ստացել և ոչ մի միավոր
    «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթի կազմակերպիչները մտադիր չեն լրացուցիչ կարգով ստուգել շվեդական Մալնե քաղաքում 2013թ.-ին անցկացված եզրափակչի տվյալները և վերանայել քվեարկության արդյունքները:
    12:35 22/05/2013
  2. Հրանուշ Հակոբյանի խորհրդավոր հետազոտությունը
    Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում խոսել է Եվրատեսիլի այսպես ասած «մութ» կողմերի մասին
    12:01 22/05/2013
  3. Հայաստանն այս տարի ևս միացել է Համաեվրոպական գրական գիշեր նախաձեռնությանը
    Միացյալ Թագավորության գրական գոհարները հայ դերասանները կընթերցեն մայիսի 23-ից -25-ը Երևանի տարբեր անկյուններում:
    11:30 22/05/2013
  4. Հունիսին խոշոր ցնցում է սպասվում Հայաստանում
    «Էվոլյուցիայի» հետեւանքներն այսօր ամենուր են՝ «էլիտայի» տեսքով՝ խորհրդարանում, կառավարությունում, հեռուստաեթերին
    11:28 22/05/2013
  5. «Սատանայի փաստաբանը»
    Խորհրդարանում ցանկացած հարցի քննարկում վեր է ածվում իսկական լեզվակռվի: Առավել եւս, երբ քննարկվում է կառավարության ծրագիրը:
    09:47 22/05/2013
  6. Ռուսաստանի հայերի միությունը եւ Սփյուռքի նախարարությունը հայտարարում են 2013թ. ստեղծագործական և գիտական աշխատանքի միջազգային մրցույթ
    ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ նպատակն է նպաստել Հայաստանի գիտական և ստեղծագործական մտավորականության գործունեության ակտիվացմանը, խթանել երկրի մտավոր կյանքի աշխուժացումը:
    19:41 21/05/2013
  7. Ձերբակալվել է Վրաստանի նախկին վարչապետը
    Վրաստանի իրավապահ մարմինները ձերբակալել են Ազգային միասնական շարժման գլխավոր քարտուղար, Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլուն:
    19:28 21/05/2013
  8. Սառնարանում սպանված երկու երեխաների մայրը ծննդաբերել է տարբեր տարիների
    Այսօր ռուսական լրատվամիջոցները հաղորդել են, որ երկու նորածիններին սառնարանում սպանած 30-ամյա Իրինա Տիմոշենկոն իր տղաներին ծննդաբերել է ոչ թե միևնույն օրը, այլ տարբեր տարիների:
    19:06 21/05/2013
  9. Հրանուշ Հակոբյանը գաղտնիքներ բացեց Եվրատեսիլից
    «Հենց ժյուրին եկավ, ժյուրին սկսեց խաղեր այդ ընթացքում, և ժյուրին կարողացավ մեր ձայների վրա ազդել: Դուք կարող եք փոքրիկ հետազոտություն անել, մենք դա արել ենք»,- նկատեց նախարարը:
    18:16 21/05/2013
  10. «Ապեր, ես էլ չեմ կարող», ասել է Սաշիկ Սարգսյանը
    Սերժ Սարգսյանը մի պահ հուզվում է, որ այդքան մարդ պատրաստ է կյանքը տալ հանուն հեղափոխության:
    17:55 21/05/2013