«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցացիան, Ֆրիդրիխ Էբերտ-Շտիֆտունգ հիմնադրամի աջակցությամբ Ծաղկաձորում կազմակերպել է եռօրյա սեմինար- քննարկումներ լրագրողական դաշտի ներկայացուցիչների համար՝ «Էկոլոգիական արդի հիմնախնդիրները լրագրողների աչքերով. Մարտահրավերները և լուծման ուղիները» խորագրով:
Էկոլոգիական հիմնախնդիրները այսօր կարծես թե միտում ունեն դառնալու քաղաքացիական կազմակերպված ակտիվիզմի հիմնական թիրախները: Այդպիսի միտում կա նաև ամբողջ աշխարհում, սկսած 68-ի երիտասարդական շարժումներից, երբ էկոլոգիական շարժումները կրկին առաջինն էին կայուն պրե-մոդեռն համակարգերը ռեկոնստրուկցիա անում:
Այսօր Հայաստանում նկատում ենք նմանատիպ մի բան: Ընդ որում, խնդիրն արդեն դուրս է եկել էկոլոգիական դաշտից ու արդեն տեղափոխվել է մշակութային-հասարակական դաշտ: Դրա վառ վկայությունը հենց Մաշտոցի այգում տեղի ունեցողն է: Եթե այգու ակտիվիզմի առաջին փուլում հիմնական թիրախները հենց էկոլոգիական ու իրավական հստակեցումներն էին, ապա այժմ արդեն ակցիան կրում է այլ բնույթ: Այն միտումը, որ սկսել են ելույթ ունենալ վերլուծաբաններ, գրողներ, հրապարակախոսներ, տեղում բազմաթիվ քնարկումներ են տեղի ունենում, այգին մեկնաբանվում է ասենք հայտնի գիտնականներ Հաբերմասի ու Ֆուկոյի տեքստերի կոնտեքստում, հենց դրա մասին է խոսում: Մաշտոցի այգու հանդեպ եղած սոցիալական հետաքրքրվածությունն էլ պտտվում է կրկին ոչ միայն իրավական, այլ ավելի շատ մշակութային-քաղաքացիական հարթություններում:
Այս ամենի կոնտեքստում ավելի ու ավելի է կարևորվում պրոֆեսիոնալ լրագրության դերը: Խոսքը ոչ միայն իրերն օբյեկտիվորեն ու անկողմնակալ ներկայացնելու մասին է, այլ նաև մեկնաբանման ու նոր հեռանկարներ բացելու: Եթե առաջին հայացքից ակտվիզմն ունի երկու կողմ ՝ բուն ակտիվիստներն ու քաղաքապետարանը, ապա ավելի խորը հայացքը ցույց է տալիս, որ հասարակություն/հայաստանցիներ-Մաշտոցի այգի կապն ապահովում են լրագրողները: Հենց նրանց ներկայացման ու մեկնաբանման արդյունքում է Մաշտոցի այգին ձևակերպվում որպես հանրային խնդիր, այդ ձևակերպումների մեջ է պարզ դառնում այգու խնդրի կուսակցականացումը, քաղաքականացումը, մշակութայնացումը:
Ծաղկաձորում ընթացող սեմինարն իր բնույթով արդեն իսկ խոսում է այն մասին, որ բուն ակտիվստական շարժումներից խնդիրն արդեն դուրս է եկել, թևակոխել պրոֆեսիոնալ էկոլոգիական ու լրագրողական քննարկումների դաշտ: Այսինքն կա պահանջարկ ոչ միայն հասկանալու, թե որ հանքից, որ այգուց ինչքան եկամուտ կամ ինչքան մաքուր օդ կարելի է ստանալ, այլ նաև թե էկոլոգիան ինչպես է տեղավորվում հասարակական նոր գիտակցության հեռանկարում, ու այդ հեռանկարի կառուցման մեջ լրագրողները ինչ դեր ունեն՝ ընդամենը հերթական աղյո՞ւսն են դնում, թե ամբողջ կառույցն են նախագծում:
Միաժամանակ քաղաքացիական ակտիվիզմի դիտարկումը պրոֆեսիոնալ մակարդակում ապահովում է լրագրողական նոր պրոֆեսիոնալ որակներ: Լրագրողն այլևս միայն լուր հայտնող, այս կամ այն կողմի համար պատվեր կատարող չէ, այլ լուրջ ակտոր, որի պրոֆեսիոնալիզմից է կախված նաև հանրային ցանկացած բանի՝ հանրային տարածքի, հանրային շահի, հանրային արժեքների ձևակերպման խնդիրը:
