Այսօր մեկնարկել է “Ի˚նչ ապագա ունի ժողովրդավարությունը և քաղաքացիական հասարակությունը” եռօրյա համաժողովը: Համաժողովը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի (ԲՀՀ) կողմից, ԲՀՀ մարդու իրավունքների և կառավարման գրանտային ծրագրի, ինչպես նաև Քաունթերփարթ Ինթերնեշնլ - Հայաստան կազմակերպության ԱՄՆ ՄԶԾ կողմից ֆինանսավորվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման մարմինների օժանդակության ծրագրի ֆինանսական աջակցությամբ:
Բանախոսներից Նյու Յորքի Բաց հասարակության հիմնադրամի միջազգային հարցերի գծով փոխտնօրեն Ռայնա Գավրիլովան անդրադարձել է աշխարհում 20 տարվա ընթացքում ժողովրդավարության փոփոխություններին: Նրա խոսքերով, քսան տարի առաջ կային ժողովրդավար և ոչ ժողովրդավար երկրներ, և բոլոր ռազմավարական գործիքները մի խմբի մեջ էին տեղավորվում, սակայն այսօրվա ժողովրդավարությունը բավականին բարդ է այն իմաստով, որ եթե այսօր ընտրություններն արդար և թափանցիկ անցկացվեն, չենք կարող ասել, որ այդտեղից ծնվեց ժողովրդավարությունը: Ուստի, նրա խոսքով, այսօր բարեխիղճ կառավարումը վերջին կարևորագույն նորությունն է:
Նրա խոսքով, այսօր աշխարհում մի շարք երկրներ կան, որտեղ, ցավոք, այլասերվել է ժողովրդավարության գաղափարը, միայն ժողովրդավարության այսպես կոչված “դրսի” կողմն է տեսնում: Նա նաև ասել է, որ օրինակ, 20 տարի առաջ Կենտրոնական Ամերիկայի, այդ թվում նաև իր համար ժողովրդավարությունը նաև հոմանիշն էր բարեկեցության, սակայն շատ կարևոր է, որ մարդիկ ժողովրդավարությունը բարեկեցության հետ չշփոթեն: Ռայնա Գավրիլովայի խոսքերով` երկու սերունդ դեռ կպահանջվի, որ մենք վերլուծենք ու հասկանանք դա:
