ԱՐՄԱՎԻՐԻ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ ՍՈՎԱՄԱՀ ԵՆ ԼԻՆՈՒՄ

  • Հասարակություն - 27 Մարտի 2011, 16:48
1981թ.-ից Արմեն Թադևոսյանը սկսել է Արմավիր մարզի կենդանաբանական այգու հիմնման գործընթացը: Կենդանիները բերվել են ՀՀ մարզերից և ԽՍՀՄ տարբեր այգիներից: 1991թ. սկսած այգին արդեն ունեցել է սեփական հողատարածք: Այժմ այգին զբաղեցնում է 8 հա տարածություն, ուր բնակվում են մի քանի տասնյակ կենդանատեսակներ: Այս ընթացքում այգու տարածքում տնկվել է մի քանի հազար դեկորատիվ ծառ: Նշենք, որ կենդանաբանական այգին կացարան է դարձել մարդու գործունեությունից տուժած և փրկված բազմաթիվ կենդանիների համար, այդ թվում` վիրավոր արջեր, մացառախոզեր, կզաքիս, տափաստանային կատու, քարարծիվներ, բվեճներ, սպիտակագլուխ անգղներ և այլն: Կենդանաբանական այգում բնակվում են նաև բազմաթիվ կենդանատեսակներ, որոնք ընդգրկված են ՀՀ Կարմիր գրքում:
 
Մինչ այժմ այգում բնակվող կենդանիների սննդի ապահովման հարցում իր մեծ ներդրումն ուներ ՀՀ ՊՆ Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական բրիգադը: Զորամասի ղեկավարությունը շաբաթական երկու անգամ ճաշի մնացորդներ էր տրամադրում կենդանաբանական այգուն: Սննդի ավելցուկը հնարավորություն էր տալիս սննդով ապահովել այգում կացարան ստացած կենդանիներին: Սակայն արդեն մեկ ամիս է, ինչ զորամասի հրամանատարությունը հրաժարվում է ճաշի մնացորդները տրամադրել կենդանիներին, ինչի արդյունքում կենդանաբանական այգում իրենց ապաստանը գտած բազմաթիվ կենդանիներ կանգնած են սովամահ լինելու վտանգի առջև:
 
Ս/թ մարտի 20-ին «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ին աջակցության խնդրանքով է դիմել Արմավիր քաղաքի կենդանաբանական այգու ղեկավար Արմեն Թադևոսյանը:
 
Գիտակցելով խնդրի շուտափույթ լուծման անհրաժեշտությունը` ս/թ մարտի 21-ին «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն բաց նամակով դիմել է ՀՀ Պաշտպանության նախարար պարոն Սեյրան Օհանյանին, որում նշվում է կենդանաբանական այգու կարևորությունը և ներդրումը Արմավիրի մարզի վտանգված կենդանատեսակների վայրի բնությունից դուրս պահպանման և մարզի բնակչության էկոկրթվածության մակարդակի բարձրացման գործում: Նամակին կից ՀՀ Պաշտպանության նախարարություն է ուղարկվել նաև Արմավիր քաղաքի ավելի քան 600 բնակչի ստորագրությամբ դիմումը:
 
Հուսով ենք, որ ՀՀ Պաշտպանության նախարարությունը սատար կկանգնի կենդանաբանական այգուն և օգնության ձեռք կմեկնի հասարակությանն ու բնությանը: Կոչ ենք անում բոլորին հնարավորության սահմաններում օգնել պարոն Թադևոսյանին` փրկել Արմավիրի կենդանաբանական այգին:
 Հարգանքներով` «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Ամենաընթերցվածը