ԱՐԱՐԱՏԻՑ ՍԻՈՆ

  • Հասարակություն - 05 Մայիսի 2010, 17:07
ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը շարունակում է կյանքի կոչել իր առաքելությունը` հովանավորելով հայ ժողովրդի պատմությունը աշխարհին ներկայացնող մշակութային նախագծերը: Որպես Արարատից Սիոն ֆիլմի հայաստանյան ցուցադրության հովանավոր, ընկերությունը հատկացրեց 10 միլիոն դրամ:
 
Այսօր Մոսկվա կինոթատրոնի ճեմասրահում տեղի ունեցավ մամուլի ասուլիս` նվիրված Վէմ մեդիա արուեստներ ստուդիայի նկարահանած Արարատից Սիոն վավերագրական ֆիլմի հայաստանյան պրեմիերային: Բանախոսեցին ֆիլմի կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը, պրոդյուսեր և սցենարի հեղինակ տեր Մեսրոպ քհն Արամյանը, գլխավոր օպերատոր Ռուբեն Գասպարյանը, ինչպես նաև` ֆիլմի հովանավորներից ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Flagship Ventures ընկերության տնօրեն Նուբար Աֆեյանը (ԱՄՆ) և Տրոյկա դիալոգի տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը:
 
Ֆիլմի պատմության հերոսը հայ ուխտավորն է, ով անցել է կյանքին սպառնալիքներով լեցուն ճանապարհներով և իրեն կոչել մահտեսի` մահը տեսնող: Այս մեծագույն հոգևոր սխրանքի և զոհաբերության շնորհիվ հայերն այսօր աշխարհի կենտրոնում են և քրիստոնեական գլխավոր սրբավայրերի հիմնական իրավատերերից են:
 
“Ամենուր, որտեղ հայ է եղել, ոսկե հետք է մնացել` շնորհիվ նրա աշխատանքի և մեծ ձեռբերումների”,- ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 
Պատմական կարևորագույն երկու` արարման եւ փրկության սարերի միջև հայերի անցած ուղու, մեծագույն հոգևոր սխրանքի  և զոհաբերության մասին պատմող վավերագրական ֆիլմի նկարահանող խմբի անդամներն ուխտավորների աչքով են տեսել Սուրբ Գերեզման տանող ողջ ճանապարհը: Վավերագրական ֆիլմը պատկերում է ուխտի ոգին, որը դարերի ընթացքում կերտեց և պահպանեց Սուրբ երկրի սրբատեղիներն ու վանքերը: Մեծ զոհողությունների և տառապանքների գնով ուխտավորները գալիս էին Սուրբ Երկիր` Աստծո երկրային ներկայությունը զգալու նպատակով: Ֆիլմը հանդիսատեսին թույլ է տալիս Սուրբ Գերեզմանը տեսնել ուխտավորների աչքերով: Կինոնկարում գործածված պատմական տվյալների զգալի մասը պահպանված չէ հայ պատմագրության մեջ, և մեր ինքնության կարևորագույն վկայություններ ու նշխարներ ցուցադրվում են առաջին անգամ:
 
“Այս ֆիլմը յուրօրինակ ուղերձ է համայն մարդկությանը: Աշխարհի ազգերը պետք է իմանան, որ դարեր շարունակ քրիստոնեությունը հայի համար ոչ միայն դավանանք էր, այլև աշխարհայացք, ազգային գոյության հիմք: Հայությունն իր գոյության ողջ ընթացքում ապացուցել է իր անմնացորդ նվիրվածությունը քրիստոնեական արժեքներին` չնայած բռնի հավատափոխության փորձերին, ցեղասպանությանը, պետականազրկմանը և ձուլման պարտադրանքին: Ֆիլմը նաև ուղերձ է մեզ` ժամանակակիցներս. մենք պարտավոր ենք լինել մեր նախնիների արժանի հետնորդներ ու հավատարիմ մնալ մեր դավանանքին` մեր ինքնությանը”, ավելացրեց Ռալֆ Յիրիկյանը:
 
Ֆիլմի նկարահանման նպատակով ստեղծագործական խումբը երեք անգամ այցելել է Իսրայել և մեկական անգամ` Եգիպտոս և Թուրքիա:  Ֆիլմի բնօրինակը անգլերենով է, ֆիլմի տեքստը կարդում է մեծանուն հոլիվուդյան դերասան Էյդան Քուինը: Ֆիլմում հնչում է ժամանակակից համաշխարհային կինոյի ամենահայտնի երաժիշտներից մեկի` Լիզա Ջերարդի, ձայնը:
 
Արարատից Սիոն ֆիլմը պատկանելության և արժանապատվության կոչ է հայ մարդուն` դուրս գալու փոքր ազգի բարդույթից և սեփական պատմության տերը դառնալու:
 
Ֆիլմը մտել է միջազգային ութ կինոփառատոների եզրափակիչ մրցանակային փուլ: Մայիսի 12-ից Միացյալ Թագավորությունում կայանալիք համաշխարհային պրեմիերայով սկսվում է ֆիլմի շրջագայությունը աշխարհում: Ֆիլմը ծրագրվում է ցույց տալ ամերիկյան, եվրոպական և ռուսական խոշորագույն հեռուստաալիքներով:

Ամենաընթերցվածը