Էլինա Ասրիյան. «Պատահական չի լինում, որ ինչ որ ժամանակահատված կոնկրետ մտքեր ու գաղափարներ է ծնում»

  • Հասարակություն - 16 Մայիսի 2018, 10:47
Արդեն 9-րդ անգամ ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում  անցկացվեց «Հոգեբանական վերնիսաժ-EXPO»-ն։ Այս ծրագրի նպատակն է  ՀՀ քաղաքացիներին ծանոթացնել հոգեբանական կենտրոնների ծառայությունների հետ։ «Հոգեբանական վերնիսաժը թիմային աշխատանք է, որն օգնում է մեր ուսանողներին գտնել իրենց աշխատաշուկայում, հնարավորություն է տարբեր բուհերի ուսանողներին ծանոթացնել հոգեբանության մասնագիտացումներին և նպաստել նրանց մասնագիտական կողմնորոշմանը»,-խոսքում նշեց hոգեբանական գիտությունների թեկնածու, միջոցառման գլխավոր կազմակերպիչ Էլինա Ասրիյանը։

Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան Ալեքսան Բաղդասարյանը, ԵՊՀ Ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Ավանեսյանը, դասախոսական կազմը, հայաստանյան հոգեբանական կենտրոնների ներկայացուցիչներ, ուսանողներ և այլք։

Թե ինչով է այս տարվա վերնիսաժը առանձնանում նախորդ տարիների կազմակերպված վերնիսաժներից, Էլինա Ասրիյանը նշեց, որ միջոցառումը ամեն տարի լրիվ այլ ձևաչափի և այլ տեսակի մեջ է իրագործվում։ «Կարծես թե մի քաղաք լինի, որը քո աչքերի առաջ ավելի ու ավելի գեղեցկանում, բարձրանում է»,-ասաց կազմակերպիչը։

Հրանտ Ավանեսյանը խոսքում նշեց, որ հոգեբանական վերնիսաժ անցկացնելու գաղափարը ծնվեց այն ժամանակ, երբ 2010 թվականին հիմնվեց Կառավարման և կազմակերպչական հոգեբանության մասնագիտացումը։ «Խնդիր առաջացավ իրազեկել՝ ով ենք մենք, ինչ ենք ուզում, ինչպես նաև համագործակցել այլ կազմակերպությունների հետ։ Վերնիսաժի նպատակն է համագործակցությունը, ուսանողների նախաձեռնողականությունը»,-հավելեց Ավանեսյանը։

Այս տարի Հոգեբանական վերնիսաժի կարգախոսն էր «Քայլ արա´»։ «Մենք այս կարգախոսը ուղեղային գրոհի միջոցով ստեղծել ենք մոտ երեք ամիս առաջ։ Եվ, հավանաբար,   պատահական չի լինում, որ ինչ որ ժամանակահատված կոնկրետ մտքեր ու գաղափարներ է ծնում։ Ստացվեց այնպես, որ մոտ երկու ամիս հետո մենք դա տեսանք փողոցներում, հրապարակում և կարծես համահունչ քայլեցինք այս կարգախոսի հետ»,-ասաց Ասրիյանը։ Խոսելով անցած տարիներին գրանցած հաջողությունների մասին՝ Էլինա Ասրիյանը նշեց, որ իրենք բոլոր «expo»-ներից հետո վիճակագրություն են անում։ «Այդ վիճակագրությունը արտացոլված է մի հոդվածում, որը տպագրվել է թունիսյան ամսագրերից մեկում։ Համաձայն այդ վիճակագրության՝ յուրաքանչյուր էքսպոյից հետո 5-ց մինչև 17 ուսանող անպայման գտնում են աշխատանք։ Սա, կարծում եմ, ամենամեծ հաջողություններից մեկն է»,-հավելեց նա։

Միջոցառման ավարտին և այս տարի առաջին անգամ տեղի ունեցավ մրցանակաբաշխություն,որի նպատակն էր առանձնացնել և խրախուսել հոգեբանության ոլորտում առկա ձեռքբերումները:

Մարիամ Ադամյան

Ամենաընթերցվածը