Երեք խոշոր գործադուլ մեկ օրում. Առաջին արդյունքները

    • Հասարակություն - 15 Մայիսի 2018, 18:19
Այսօր միանգամից երեք խոշոր գործարանների աշխատակիցներ գործադուլ են հայտարարել՝ բարձրացնելով իրենց խախտված իրավունքների հարցերը:

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները ղեկավարությունից պահանջում են բարձրացնել իրենց աշխատավարձը: Արդեն տեղեկություն կա, որ ղեկավարությունը խոստանում է 5 տոկոսի շրջանակներում բարձրացում ապահովել, բայց աշխատակիցները չեն նահանջում, 20 տոկոսանոց բարձրացում են պահանջում:

Հանքարդյունաբերության ոլորտի ևս մեկ ընկերության՝ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ի Արարատի ոսկու կորզման գործարանի աշխատակիցները նույնպես գործադուլ են արել՝ աշխատավարձի բարձրացման ու սոցփաթեթի տրամադրման պահանջով: Այս դեպքում ևս տնօրինությունից արձագանք կա, որ բարձրացում կլինի: Մասնավորապես, նշվում է, որ շուրջ 30 տոկոսով աշխատավարձը կբարձրանա:

«Արարատցեմենտ» ՓԲԸ-ի հարյուրավոր աշխատակիցներ այսօր վաղ առավոտից բողոքի ակցիա էին իրականացնում գործարանի դիմաց։ Նրանք պահանջում էին աշխատավարձի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։ Աշխատակիցները նաև գործադուլ էին հայտարարել և փակել գործարան տանող գլխավոր ճանապարհը։ Կոմբինատի տնօրինությունը 10 օր ժամանակ է խնդրել աշխատակիցներից՝ նրանց պահանջները բավարարելու համար:

«Արարատցեմենտ»-ը, ի դեպ, պատկանում է ԱԺ պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանին, ով պարբերաբար հայտարարություններ է անում այն մասին, որ քաղաքացու համար արժանապատիվ կյանք պետք է ապահովել: Ծառուկյանն աչքի է ընկնում բարեգործական ծրագրերով, բայց սեփական գործարաններում նրա աշխատակիցները չնչին աշխատավարձ են ստանում:

Հայաստանում համաժողովրդական շարժման ֆոնին նոր միտումներ են ի հայտ գալիս՝ մարդիկ գործատուներից պահանջում են բարելավել իրենց աշխատանքային պայմանները, իրենց խախտված իրավունքները:

Ամենաընթերցվածը