Մնաց սահմանների հարցը

  • Հասարակություն - 14 Մայիսի 2018, 20:26
Սփյուռքի նորանշանակ նախարարի գաղափարը՝ ստեղծել երկպալատ խորհրդարան, որոնցից մեկում կլինեն միայն սփյուռքահայեր, գովելի է, ուշագրավ և միևնույն ժամանակ հակասական ու խնդրահարույց: Բնական է, որ երիտասարդ նախարարը ձգտում է նախաձեռնողականության ճանապարհով բարեփոխել Հայաստանի պետական կառավարման համակարգը, ինչը գովելի է: Ուշագրավ է, քանի որ նախարարի առաջարկն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Հայաստան-Սփյուռք հարաբերություններն ինստիտուցիոնալ առումով կարգավորված չեն, և պետականաշինությանը նպաստելու սփյուռքահայերի կարողությունը պաշտոնական մեխանիզմներով կարգավորելու ձևաչափ չկա:

Այնուամենայնիվ առաջարկը նաև խնդրահարույց ու հակասական է, ինչ ավելի շատ հարցեր է առաջ բերում, քան պատասխաններ: Նախ, կազմակերպական առումով պարզ չէ, թե ինչպես և ովքեր են ընտրելու սփյուռքի ներկայացուցիչներին Հայաստանի խորհրդրանի իրենց համար նախատեսված պալատում. արդյոք սփյուռքի կազմակերպություններն ունեն ներուժ ներհամայնքային ընտրություն կազմակերպելու կամ ինչպես են տեղաբաշխվելու տեղերն ըստ համայնքների: Բանն այն է, որ եթե ամենախոշոր համայքներ ունեցող երկրների ներկայացուցիչներն ավելի շատ տեղեր ունենան, ապա հայկական սփյուռքի աշխարհագրությունը ներկայացված կլինի միայն այնքանով, որքանով, քանի որ կգերակշռեն ռուսահայերի ու ամերիկահայերի ներկայացուցիչները:

Մեկ այլ կարևոր է խնդիր է նաև, թե ով պիտի վարձատրի սփյուռքահայ խորհրդարանականներին իրենց կատարած աշխատանքի համար, Հայաստանի քաղաքացին, թե այն համայնքը, որն ընտրում է իր ներկայացուցչին կամ արդյոք Հայաստանի երկպապալտ խորհրդարանի սփյուռքահայ ներկայացուցիչները պիտի մշտական բնակության տեղափոխվեն հայրենիք, թե ոչ:

Այնուհանդերձ, առաջարկի խնդրահարույց լինելու էությունը ոչ այնքան վերոբերյալ փաստարկների մեջ է, որքան մեկ այլ հարցի: Սփյուռքահայերը փաստորեն ընտրվելու են օտարերկրյա քաղաքացիների կողմից և իրենք էլ լինելու են կամ բացառապես օտարերկրյա քաղաքացիներ կամ նաև օտարերկրյա քաղաքացիներ: Հայաստանի խորհրդարանը՝ օրենսդիր մարմինը, փաստորեն օրենքներ է ընդունելու օտարերկրյա քաղաքացիների կողմից ընտրված օտարերկրյա քաղաքացիների կողմից:

Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում առկա են իրենց կառավարման համակարգի առանձնահատկություններով պայմանավորված հանգամանքներ, որոնք ձևավորել են երկպալատ խորհրդարանի մշակույթ: Մեծ Բրիտանիայի դեպքում ստորին պալատը ձևավորում են քաղաքացիները ընտրության միջոցով, իսկ Լորդերի պալատում խորհրդարանականները նշանակվում են վարչապետի առաջարկով ու թագուհու համաձայնությամբ:

Միացյալ Նահանգներում վերին պալատում՝ Սենատում, յուրաքանչյուր նահանգ ունի քաղաքացիների կողմից ընտրված երկու ներկայացուցիչ: Կոնգրեսի վերին պալատի անհրաժեշտությունը ժամանակին պայմանավորված էր մեծ ու փոքր նահանգներին երկրի օրենսդիր մարմնում ձայնի հավասար իրավունք տալու հրամայականով:

Մեկ այլ երկրում՝ Իսրայելում, որի սփյուռքը մեծապես ներգրավված է հայրենիքի խնդիրների լուծման և նրան անվերապահ աջակցություն տրամադրելու հարցում, խորհրդարանը՝ Կնեսետը, միապալատ է և ձևավորվում է բացառապես քաղաքացիների կողմից: Ստացվում է, որ առաջադեմ երկրներում, որտեղ կա երկպալատ խորհրդարան՝ պատմական զարգացման օրինաչափություններով պայմանավորված կամ ամենաազդեցիկ սփյուռք ունեցող երկրներից մեկում՝ Իսրայելում, չկա նախադեպ, երբ օտարերկրյա քաղաքացիները զբաղվում են օրենսդիր գործունեությամբ:

Իհարկե, նախարարի առաջարկը հետագա պարզաբանումների և հիմնավորումների կարիք ունի, բայց անհրաժեշտ է նկատի ունենալ քաղաքացու ինստիտուտի զարգացման կարևորությունը, օտարերկրյա քաղաքացիների՝ երկրի կառավարման մեջ ուղղակի ներգրավվելու տրամախոսությունն ու հնարավոր վտանգները: Որտեղ է սկսվում Հայաստանն ու ՀՀ քաղաքացու տիրույթը, որտեղ են սկսվում ու ավարտվում հայկական սփյուռքի պարտավորություններն ու իրավասությունները: Գաղափարը կա, մնում է որոշել սահմանների հարցը:

ԳԱՐԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ

Ամենաընթերցվածը