Այսուհետ մոդայիկ է «անկառավարելի խուճուճը»

    • Հասարակություն - 13 Մայիսի 2018, 17:38
Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի սանրվածքը ամենամոդայիկն է՝ երիտասարդ աղջիկները վերջ են տալիս «ֆենած», հարթ մազերին եւ գերադասում բնական տեսքը:

Մոդան Հայաստանում հետաքրքիր փոփոխություններ է ապրել: Ճաշակով եւ ազատ ոճ գերադասող հայերն ընդամենը 10 տարի առաջ միայն սեւ էին հագնում եւ «խնամված» տեսք ունեին՝ այսինքն նույն ձեւով «դզած զարմացած» հոնքեր: Նրանք լսում էին ռաբիզ երաժշտություն եւ գերադասում Նիվա ունեցող, ծիծակ կոշիկներով քյարթու տղաներին:

Հետո, երբ վարչապետ նշանակվեց Տիգրան Սարգսյանը, ոճը փոխվեց, եւ միջոցառումներին սկսեցին հրավիրել դասական քառյակների: Երեւանի գույներն էլ շատացան՝ հայտնվեց կարմիրն ու կանաչը, իսկ աղջիկները սկսեցին սիրել նաեւ լավ փող աշխատող ծրագրավորողներին: Եւ քանի որ ծրագրավորողները հիմնականում որակյալ երաժշտություն են լսում եւ շատ պարզ են հագնվում, աղջիկներն էլ սկսեցին օգտագործել ավելի պարզ եւ ազատ ոճ:

Հենց այդ ժամանակ Հայաստանում թափ առան քաղաքացիական շարժումները՝ իրավունքի, ազատության համար: Զարգացում էր ապրում նաեւ ֆեմինիստական շարժումը, սակայն քանի որ Հայաստանում կանաց իրավունքները շատ ավելի լավ վիճակում էին, քան շատ այլ երկրներում, կանանց շարժումը կենտրոնացավ մի քանի խնդրի վրա. ընտանեկան բռնություն, սելեկտիվ աբորտներ եւ այլն:

Այդ շարժումները եւ ազատության շունչը բերեցին դրան, որ Ապրիլյան հեղափոխությունը Հայաստանում կայացավ լիիրավ հավասարության պայմաններում: Փողոցում հավասար կանգնած էին եւ տղամարդիկ, եւ կանայք: Դա ջարդեց կուռ քյարթու համակարգը, որովհետեւ քյարթուները ստիպված էին “ուրիշի” աղջիկների եւ “բոտանիկ” տղաների հետ ձեռք-ձեռքի տված փողոց փակել: Դրանից հետո էլ ի՞նչ քյարթու:

Հիմա հեղափոխական վարչապետը իրար հետեւից ջարդում է բոլոր կարծրատիպերը: Նա ուղիղ եթեր է մտնում հանրության համար նախկինում փակ Բաղրամյան 26-ից, կառավարությունից, ցույց է տալիս, որ անհնարինը հնարավոր է դառնում:

Մարդիկ էլ են դա ուզում՝ մայիսի 8-ին Արագածի լանջերից Հանրապետության հրապարակ էին բերել մի Կամազ ձյուն: Եթե անհնարը հնարավոր է, ուրեմն՝ թող հայերը մայիսին ձնագնդիկ խաղան, ասում էին նրանք:

Չսթափված գժուկների հեղափոխությունը կայացել է, համենայդեպս՝ մշակութաբանական առումով: Հիմա մոդայիկ են խուճուճ, ոչ թե հարթ մազերը:

Իսկ երիտասարդները, որոնք սովորել են համակարգչային եւ “Ցիվիլիզացիա”  խաղալով, հիմա նախարարներ են: Թող ոչ ոք չասի, որ նրանք չեն կարող կառավարել՝ այդ խաղերն առաջին հերթին սովորեցնում են համակարգային որոշումներ կայացնել: “Մեծերը” դրան սովոր չեն, նրանք միշտ խորհրդակցում են “վերեւների” հետ եւ սովորաբար որոշում չեն ընդունում:

Մշակութաբանական հեղափոխությունը կայացել է՝ քաղաքականությունն ու բարոյականությունը վերջապես իրար գտնում են. երկրի ղեկավարը ոտքով է գործից տուն գնում, իսկ հանրապետականները որոշում են կայացնում սատարել հեղափոխական վարչապետին այն բանից հետո, երբ բարոյական նախատինք են ստանում:

Ամեն ինչ իր տեղն է ընկնում՝ քաղաքականությունը պետք է բարոյական լինի: Եւ 20 տարվա չքաղաքականացնելու եւ «կեղտոտ» քաղաքականությանը չխառնվելու կոչերը պետք է գրողի ծոցն ուղարկել: Քաղաքականությունը մաքուր է, եթե այն իրականացնում են բարոյականապես մաքուր մարդիկ:

Ամենաընթերցվածը