Ռուսաստա՞նն է մեծ, թե Հայաստանը…

  • Հասարակություն - 12 Մայիսի 2018, 23:17
Այն հանգամանքը, որ Ռուսաստանը տարածքով աշխարհի ամենամեծ երկիրն է, երբեմն ստիպում է ռուսաստանցիներին փոքր երկիր բառակապակցությունն օգտագործել տարածքով փոքր երկրների մասին խոսելիս: Վերջին այդպիսի օրինակներից է ռուսահայերի՝ Հայաստանը գովազդող հայտնի հոլովակը, որտեղ ճանաչված հայերը երկու անգամ կիրառում են փոքր երկիր արտահայտությունը:

Ժամանակակից աշխարհում արագ փոխվում ու վերաիմաստավորվում են հին պատկերացումներն ու սահմանումները. մարդկության զարգացման տեմպերը թույլ չեն տալիս տևական ժամանակ կառչած մնալ նախկինում ունեցած համոզմունքներին:

Խնդիրն այն է, որ Հայաստանը փոքր է, իսկ Ռուսաստանը մեծ միայն տարածքով՝ քառակուսի կիլոմետրերով: Աշխարհի հզորների, օրինակ՝ Մեծ յոթնյակի շարքում զգալի թվով պետություններ տարածքով փոքր են, դիցուք՝ Մեծ Բրիտանիան կամ Գերմանիան, սակայն գլոբալ տերությանը հատուկ ծանրակշիռ աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական դեր ունեն:

Չափի տարբեր ընկալուլմներ կան, օրինակ՝ ֆինանսական շուկան, տնտեսական աճի տեմպերը, երկրի համախառն ներքին արդյունքը, սպորտային հաջողությունները, ժողովրդագրական միտումները, բանակի մարտունակությունը, որը ոչ միայն միջուկային զենքով է չափվում և այլն: Փորձենք հպանցիկ համեմատություն անել հասկանալու, թե որոնք են աշխարհի ամենամեծ երկրները: Ընդհանուր պատկերացում կազմելու համար բավական է ուսումնասիրել երկու կատեգորիա՝տնտեսական ցուցանիշներ և բարձրագույն կրթության ոլորտ:

Առևտրատնտեսական հարաբերություններում նույնպես գլոբալ տեղաշարժեր են տեղի ունենում կայծակնային արագությամբ: Եթե 20-րդ դարում այս իմաստով աշխարհի ամենամեծ երկրները Արևմուտքում էին, ապա հիմա ուժի կենտրոնը տեղափոխվում է Ասիա և այլ զարգացող տարածաշրջաններ: World Economic Forum-ի տվյալներով 2017 թվականին աշխարհի ամենամեծ տնտեսությունն ունեցող երկիրը Միացյալ Նահանգներն է, որին բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի շուրջ մեկ քառորդը: Նրան հաջորդում են Չինաստանը, Ճապոնիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան: Վերջին երեքը, զբաղեցրած տարածքով տասնապատիկ անգամ փոքր լինելով Ռուսաստանից, ավելի մեծ տնտեսություն ունեն, հետևաբար տնտեսական իմաստով ավելի մեծ երկրներ են:

Ուղեղների գլոբալ շրջանառության, իսկ զարգացող երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի դեպքում ուղեղների արտահոսքի հարցում կարևոր դեր են խաղում աշխարհի առաջատար համալսարանները, որոնք գրավում են թե՛ ուսանողների, թե՛ դասախոսների:

Չինական Shanghai Ranking Consultancy-ի վարկանիշային ցանկում գերակշռում են ամերիկյան բուհերը, այնուամենայնիվ ընդհանուր առմամբ քիչ չեն նաև տարածքով փոքր այնպիսի պետությունների հաստատություններ, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Գերմանիան, Շվեյցարիան, Բելգիան, Սինգապուրը: Փաստորեն տարածքով փոքր երկրները կարող են մրցունակ լինել կրթական տարածությունում և դառնալ առաջատար մասնագետներ պատրաստող կամ գրավող մեծ երկրներ:

Հայաստանի նոր ձևավորվող կառավարության կազմում շատ են արևմտյան կամ ռուսաստանյան կրթություն ստացած, հետբուհական կրթության խրթին ուղին հաղթահարած երիտասարդ կադրերը: Կառավարության արհեստավարժության, ինտելեկտուալ պոտենցիալի և երիտասարդական ավյունի տեսակետից Հայաստանը հավակնում է դառնալ առնվազն հետսովետական տարածում ամենամեծ երկրներից մեկը, եթե ոչ ամենամեծը:

Ըմբշամարտի, շախմատի, ծանրամարտի մեծ հաջողություններ ունեցող, քաղաքացիական կայացած հասարակությամբ, իր բնակչության ինտելեկտուալ կարողություններով հպարտացող Հայաստանը 21-րդ դարում կարող է լինել մեծ ու մրցունակ, իսկ երկրի զբաղեցրած տարածքը չափման միավորներից մեկն է միայն: Ժամանակն է, որ մեծ կամ փոքր երկիր լինելու հնացած պատկերացումներին փոխարինելու գան նոր ընկալումները ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում:

ԳԱՐԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ

Ամենաընթերցվածը