Հենց այդ մթնոլորտը ստեղծվեց` որևէ մեկը չի գնա այս երկրից. Արշակ Գասպարյան

    • Հասարակություն - 10 Մայիսի 2018, 18:02
Հայաստանում ամենակարևոր բանը, որ տեղի ունեցավ, այն է, որ քաղաքացու մոտ արթնացավ խոսք ասելու ու տեր կանգնելու զգացումը: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ, հոգեբան Արշակ Գասպարյանը:

«Ամենակարևոր բանը, որը տեղի ունեցավ՝ մարդն ասաց՝ ես չեմ ուզում: Եթե անգամ Սերժ Սարգսյանը Հայաստանի լավագույն նախագահն էր, պետության քաղաքացին ասաց՝ նույնիսկ եթե իդելական ես, ես չեմ ուզում քեզ: Վաղը քաղաքացին նույնը կարող է ասել Նիկոլին, ինձ, մյուսին: Սա շատ կարևոր իրադարձություն էր»,- ասաց հոգեբանը:

Նրա խոսքով՝ տարիներ շարունակ ասում էին՝ քաղաքացին դուրս չի գա, դա նաև ասում էին այն մարդիկ, ովքեր ուզում էին, որ մարդիկ դուրս չգային: Բացի այդ, երկրում հավատի կորուստ կար:

«Նախկին իշխանություններն ամենավատ բանը որ արեցին, միայն արտագաղթի ու աղքատության աճը չէր, այլ հավատի կորուստը: Կարողացել էին մարդկանց մեջ սերմանել, որ քաղաքացին անպիտան մեկն է: Բայց զարթնեց քաղաքացու ինքնագիտակցությունը, արթնացավ ես-ի ռեալիզացման, ինքնաիրացման պահաջմունքը, և ստեղծվեց այն միջավայրը, որտեղ բորբոքվեց այդ կրակը»,- ասում է մասնագետը:

Նրա խոսքով՝ այս ամենը նաև որոշակի ցասում էր, որը պայթեց: Այդ ցասումը միայն Սերժ Սարգսյանի անձի հետ կապված չէր, նախորդ տարիների դժգոհությունները կուտակվել էին:

«Այդ չբավարարվածության զգացումը, որ անձը պատկանելություն զգացում չուներ իր երկրի հետ, հանգեցրեց այս ամենին: Վերջապես այնպես եղավ, որ կարծես մարդու հոգին ու մարմինը միավորվեցին: Դա հետևյալ բնութագրումն ունի՝ քաղաքացին վերադարձավ իր բնօրրան, հասկացավ, որ իր կողքին փողոցը փակող անձն է ու իր պահանջը»,- նշեց նա:

Պետության կառավարման և քաղաքացու միջև այրված կամուրջն, ըստ մասնագետի, այս իրադարձությունների շնորհիվ վերականգնվեց: Դա շատ կարևոր քայլ է պետության մեջ ապրելու համար: «Ինչպես երեխան է ընտանիքում ունենում պատկանելության և պիտանիության զգացում, այնպես էլ քաղաքացին է պատկանելության զգացում ուզում ունենալ սեփական երկրում»,- հավելեց նա:

Արշակ Գասպարյանը հնարավորություն է տեսնում, որ այս իրադարձությունները կարող են նպաստել ներգաղթին:

“Այս շարժումը կարևոր բան ցույց տվեց, որ մարդիկ Հայաստանից փող չունենալու պատճառով չէին գնում: Հազարավոր քաղաքացիները, որ կանգնած էին հրապարակներում, նրանք միջին խավի մարդիկ էին: Այսինքն՝ բողոքի դուրս չէր եկել աղքատների մի խումբ և բունտ էր անում, թե մեզ պահեք: Ոչ, սա փողային ու սոցիալական խնդիր չէր, աղքատությունը չէր, որ գլուխ բարձրացրեց: Սա շատ ավելի բարձր արժեհամակարգի, արդարության զգացման և արդարադատության տենչի ալիք էր: Սա չես կարող չափել փողով: Եվ երբ երկրում այդ մթնոլորտը հաստատվի, հուսով ենք, որ բոլորը կհասկանան, որ ստեղծվել է պայման, որ պետք է հետ գալ Հայաստան: Այս երկրում ապրելը նախկին իշխանությունները դարձրել էին հերոսություն: Այսուհետ Հայաստանում ապրելը պետք է լինի պատիվ, երջանկություն, հենց այդ մթնոլորտը ստեղծվեց` որևէ մեկը չի գնա այս երկրից, մարդիկ մեղուների պես կվերադառնան իրենց փեթակ”,- ասաց նա:

Ամենաընթերցվածը