«Կենդանի գրադարան»

  • Հասարակություն - 13 Ապրիլի 2018, 17:55
Ապրիլի 12-ին՝ ժամը 16։00-ին Opera Suite հյուրանոցի Mozart սրահում տեղի ունեցավ «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն կողմից կազմակերպվող «Կենդանի գրադարան» միջոցառումը։

«Կենդանի գրադարանը» աշխարհում լայն տարածում գտած նորարական «Գիրք-Ընթերցող» հարթակ է, որը նպատակ ունի օգնել մասնակիցներին ընկալելու բազմազանությունը՝ իրենցից տարբերվող մարդկանց հետ իրական հանդիպումների միջոցով:

Միջոցառումը նպատակն է ստեղծել հարթակ, որը մարտահրավեր կնետի և կկոտրի սոցիալական կարծրատիպերը և նախապաշարմուքները իրական՝ դեմ առ դեմ զրույցի միջոցով:

«Կենդանի գրադարան»-ում գրքերը մարդիկ են, ովքեր իրենց պատմություններով կիսվեցին ընթերցողների հետ։ Միջոցառմանը մասնակցեցին 8 հյուր՝ այսպես կոչված «Գրքեր»։ Նրանք մարդիկ են, որոնց նկատմամբ Հայաստանում կան կարծրատիպեր և նախապաշարմունքներ։ Նրանք ազգային, կրոնական, սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներ են, ինչպես նաև հասարակության այլ անդամներ, ովքեր բախվում են թյուրըմբռնման, անարգանքի և կարծրատիպային ընկալումների:

«Գրքերը» «ընթերցողների» տրամադրության տակ էին ամբողջ միջոցառման ընթացքում, սիրով և ոգևորությամբ պատասխանում էին «ընթերցողներին» հուզող հարցերին՝ ուղղված հասարակության կողմից հաստատված ստանդարտներից տարբերվող մարդկանց՝ մարտահրավեր նետելով իրենց իսկ պատկերացումներին այդ մարդկանց մասին:

Միջոցառմանը այցելեցին առավել քան 100 երիտասարդներ ինչպես Հայաստանից, այնպես էլ եվրոպական մի շարք երկրներից։

Միջոցառումն անցավ բուռն և հետաքրքիր քննարկումներով: «Ընթերցողները» ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները՝ զրուցելով տարբեր աշխարհայացքներ ունեցող մարդկանց հետ: Վստահաբար կարող ենք նշել, որ «ընթերցողները», կարդալով այդ «գրքերը», բազում բացահայատումներ արեցին և սովորեցին նայել կյանքին ուրիշի աչքերով: Սա նաև հոյակապ հնարավորություն էր «գրքերի» համար լսելի դարձնելու իրենց կյանքի պատմությունները, հույզերը, մտքերը և ինչու ոչ վախերը:

«Հայ Առաջադեմ Երիտասարդություն» ՀԿ-ն (ՀԱԵ) հիմնվել է 2009 թվականին։ Կազմակերպության նպատակն է աջակցել և ոգեշնչել հայ երիտասարդներին՝ զարգացնելու իրենց սոցիալական առաջնորդության հմտությունները և դառնալ Հայաստանում դրական փոփոխությունների շարժիչ ուժ։ Կազմակերպությունը ձգտում է նպաստել այնպիսի հասարակության ձևավորմանը, որտեղ երիտասարդները ունեն առաջադեմ արժեքներ և պատրաստակամություն՝ իրականացնելու սոցիալական և քաղաքական փոփոխություններ իրենց համայնքներում։

Հայաստանում իր գործունեության շուրջ 8 տարվա ընթացքում ՀԱԵ-ն իրականացրել է ավելի քան 300 տեղական, մարզային և միջազգային նախագծեր, որոնց մասնակցել են շուրջ 20000 հայ և օտարերկրյա երիտասարդներ:

Ամենաընթերցվածը