Նազենի Հովհաննիսյանին վիրավորած տղամարդը ներողություն է խնդրել նրանից

  • Հասարակություն - 12 Ապրիլի 2018, 18:35
Հայտնի հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանին հայհոյած տղամարդն անձամբ գնացել և ներողություն է խնդրել նրանից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Նազենի Հովհաննիսյանը: 

«Նախ, խորին շնորհակալությունս բոլորին՝ անտարբեր չլինելու և օգնություն առաջարկելու համար։ «Արմենիա» հեռուստաընկերության մեր աշխատակիցներին ու անվտանգությանը՝ առանձնահատուկ շնորհակալություն։ Արդարության համար պիտի նշեմ, որ հայհոյող տղան եկավ հեռուստաընկերություն, ներողություն խնդրեց՝ պատճառաբանելով,որ շատ խմած է եղել ու չի գիտակցել արարքը։ Ուրախ եմ, որ արիություն է ունեցել սխալն ու գռեհիկ արարքը հրապարակավ ընդունելու և ներողություն խնդրելու։ Վստահ եմ, որ այս եղելության հրապարակայնացումը գոնե մի քիչ կփոխի մեր հասարակության մեջ արմատացած վատ սովորություններն ու ավելի քաղաքակիրթ դաշտ կբերի բոլորիս»,- գրել է դերասանուհին:

Սոցցանցերում ակտիվ տարածում է գտնում հայտնի հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի գրառումն այն մասին, որ նրա հետևից մի խումբ երիտասարդներ հայհոյանք էին հնչեցրել՝ վիրավորելով ու սպառնալից տոնով խոսելով նրա հետ: Նազենի Հովհաննիսյանը նաև հրապարակել է այդ երիտասարդների ավտոմեքենայի լուսանկարն ու փոքր տեսանյութ՝ ինչպես նրանք «Էրեբունի» բժշկական կենտրոնի բակում հավաքված ավտոմեքենայի բեռնախցիկի մոտ կենացներ են հնչեցնում ու ինչ-որ բան խմում: 

«Չկարողացա «չլսել», ասում եմ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈ՞Ւ ԵՔ ձեր խոսքերի համար, գոնե հասկանո՞ւմ եք ինչ եք ասում, կամ ԻՆՉԻ ԵՔ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ԴՈՒՔ...ԹԵ՞ ձեր «տղամարդկությունը» միայն կնոջ մեջքի հետևից հայհոյանքով է դրսևորվո՞ւմ: Ասում եմ հասկանո՞ւմ եք որ էստեղ ԿԱՆԱՅՔ ԾՆՆԴԱԲԵՐՈՒՄ ԵՆ, ու ցավոք, նաև ձեզ պես վիժվածքների»,- գրել էր Հովհաննիսյանը:

Խնդրի վերաբերյալ պարզաբանում էր ներկայացրել նաև ՀՀ ոստիկանությունը: «Դեպքը կրում է քաղաքացիաիրավական բնույթ և դիտարկվում որպես տվյալ անձին հասցված վիրավորանք՝ հրապարակային արտահայտություն հնչեցնելու ձևով: Քանի որ վիրավորանքը ապաքրեականացվել է, քաղաքացին իր շահերի պաշտպանության նպատակով կարող է քաղաքացիական հայցով դիմել դատարան: Ինչ վերաբերում է տվյալ դեպքում խուլիգանության հատկանիշների առկայությանը, ապա ՀՀ ոստիկանությունը հանցագործության մասին սահմանված կարգով հաղորդում ստանալու պարագայում իր իրավասությունների շրջանակում կպարզաբանի նաև այդ հանգամանքը», -նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Ամենաընթերցվածը