Արցախի Տիգրանակերտի թանգարանը պահանջված վայր է օտարերկրացի զբոսաշրջիկների համար

  • Հասարակություն - 12 Ապրիլի 2018, 17:18

Արցախի Տիգրանակերտի թանգարանը կլոր տարի լի է այցելուներով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանն ասաց, որ հիմնականում այցելում են զբոսաշրջիկներ Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, ինչպես նաև Ռուսաստանից: «Տիգրանակերտի թանգարանը երևանյան միջին թանգարանի այցելուներից ավելի շատ այցելուներ է ունենում»,-ասաց նա:

Պետրոսյանի խոսքով` թանգարանի ցուցանմուշներն ամեն տարի ավելանում են: «Մենք հնավայրերից պեղված նյութերը միանգամից թանգարան չենք տեղափոխում: Գտածոներն ուղարկվում են ԵՊՀ հնագիտության լաբորատորիա, որտեղ մշակվում է, մաքրվում և նոր արդեն թանգարայնացվում են: Իհարկե, լինում են նաև գտածոներ, օրինակ՝ քարե առանձին կոթողներ, որոնք միանգամից թանգարան են տեղափոխվում»,-ասաց նա:

Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավարն ընգծեց, որ հնագիտական գտածոների պահպանության համար թանգարանում ամեն հարմարություն ստեղծված է, բացի ջերմության կարգավորման համակարգից: «Հենց այդ պատճառով էլ թանգարանում մետաղ շատ քիչ է ցուցադրվում, քանի որ դրանք խոնավությունից ժանգոտվում և փառապատվում են»,-ասաց Պետրոսյանը:

Նա նշեց, որ 2017 թվականին Արցախի 10 հնագիտական հուշարձաններում հնագետները պեղումներ են իրականացրել: Ապրիլի 18-ին Ստեփանակերտում կկայանա անցած տարվա հնագիտական հետազոտությունների հաշվետվությունը:

Ամենաընթերցվածը