Փողայինի փոխարեն պարտքային աշխարհ է կերտված, որը հին տեսքով ու սկզբունքներով գոյատևել չի կարող

    • Հասարակություն - 11 Ապրիլի 2018, 22:31
Սխալմամբ Էյնշտեյնին վերագրվող այս կանխատեսումը կա՝ «Ես վախենում եմ այն օրվանից, երբ տեխնոլոգիաները կգերազանցեն միջմարդկային շփումները՝ որովհետև այդ աշխարհին կտիրի ապուշների սերունդը»։

Այն Էյնշտեյնինը չէ, բայց նրանում արծարծված միտքն իրոք մասշտաբային է և լուրջ կեցվածք ու վերաբերմունք է պահանջում։ Չնայած Ֆուտուրիստական այս հարցի բարձրաձայնումը համարվում է դավադրությունների տեսությանը հարող իբր միամիտների մենաշնորհն ու  “նորմալ” մարդուն վայել չէ, իմ աչքին առկա են բազմաթիվ ցուցիչներ, որ այդ օրն արդեն վաղուց վրա է հասել։

Եվ գոնե հիմա, թեկուզ ուշացումով, ինձ իմաստալից է թվում քննարկել թե այդ աշխարհը, թե նրան տիրացած “ապուշներին”, և թե նրանց, ովքեր հայտնվել են ապուշների իշխանության ներքո։

Մինչ սովետ միության փլուզումը, աշխարհի ամեն առաջավորը՝ մշակույթը, տեխնոլոգիաները, նորույթները, գալիս էին Արևմուտքից։

Միարժեքորեն պնդել, որ Սովետներն էին այն խթանը, որ իր վտանգներով ու սպառնալիքներով Արևմուտքին ստիպում էր բազմակողմանիորեն ռացիոնալ, առաջավոր ու ադեկվատ լինել, ես չեմ կարող։ Բայց հակված եմ մտածելու, որ այո, հենց երկու համակարգերի հզոր դիմակայությունն էր այն հզոր կարգավորիչը, որն աչալուրջ էր պահում գործող դերակատարներին ավելորդություններից ու անտրամաբանականից։

Եվ ներկայում էլ, հենց միաբևեռ, արդեն անհոգ դարձած աշխարհն է պատճառը, որ Արևմուտքը կորցրել է զգոնությունը, և զարգացման կենտրոնները տեղաշարժել է արևմուտքից դեպի արևելք, դեպի նոր զարգացող գիգանտները, ուր հոսեցին թե արևմտյան ներդրումները, թե տեխնոլոգիաներն ու կազմնակերպման ու կառավարման ամենաառաջավոր գաղափարները։

Տեղի է ունեցել առաջին հայացքից աբսուրդայինը՝ Արևմուտքն իր գիտելիքը, ինֆորմացիան, տեխնիկական ու արտադրական գաղտնիքները զիջել, հաճախ ուղղակի նվիրել է իր պոտենցիալ ախոյաններին՝ ակնհայտորեն, գոնե փիլիսոփայականով ու դեմոգրաֆիական առումով իրենից շատ ավելի կենսունակ երկրներին, տեղը ստանալով այլակրոն փախստականների ահռելի ալիք, որի հետևանքները դեռ փորձում են շղարշել։

Նորմալ տրամաբանությունից դուրս ձեռնարկվեցին անիմաստ, եթե ոչ ինքնակործան պատերազմները սերբերի դեմ, Իրաքի, Աֆղանստանի, Լիբիայի, Սիրիայի դեմ, ամեն անգամ ինչ որ շինծու մեղադրանքներով՝ իբր տեղական բռնապետ լիդերներին պատժելու պատրվակով։

Քաղաքական աբսուրդներին զուգահեռ, սկզբում տնտեսական, ապա քաղաքական հրապարակ մտավ նաև ֆինանսական օլիգարխիկ կոհորտան, որն իր ձեռքում կենտրոնացրեց համաշխարհային գլոբալ ասպարեզները՝ կառավարումը, փողը, պարտքը, մասս-մեդիան, ինտերնետը, հաղորդակցության ուղիները, ինֆորմացիոն հոսքերը, մեծածախ ու մանրածախ առևտուրը, նույնիսկ իրենց արբանյակներով տիեզերական նավիգացիայի ու կապի վերահսկումը։

Այդ մարդիկ ու իրենց ենթակա ահռելի կորպորացիաները ներկայում շատ ավելի հզոր են, քան պետությունները, ավելի հզոր են, քան հզորագույն պետությունների նախագահները։ Նրանց ձեռքում է լոբբիզմն ամբողջապես, և նրանք են “ընտրում” նախագահներին, նշանակում միջազգայնորեն ֆորմալ հարց լուծողներին։ Նրանք են դրդում պատերազմների ու կոնցեպտուալ միջազգային վայրիվերումների, որոնցում դժվար է հասկանալ վերջնական նպատակը։

Փաստացի, արդեն կյանք է մտել վարագույրի ետևում գործող հզոր կառավարիչների ու միջազգային արյունալի սցենարներ մշակող, մարդկայնորեն հրեշ- “ապուշների”, կամ էլ ապուշ ձևացողների սերունդը, որի վարքն է անհասկանալի։

Մեծ փողատերերը տարին տարվա վրա շատ ավելի են հարստանում, աղքատներն՝ աղքատանում։ Շուկան է փքվում ու դուրս գալիս թե փողային ու թե շուկայական տրամաբանություններից։ Փողն իր տեղը զիջում է պարտքին, որը ստրկական կախվածության դրսևորում է արդեն և որևէ կապ չունի կապիտալիզմի հետ։

Չինաստանն արտադրում ու արտահանում է այնքան, որ առավել ռացիոնալ լուծում չի տեսնում, քան եկամուտներով անբնակ քաղաքներ կառուցելը։ Վախենալով ապագա վայրիվերումներից, մեկ տրիլիոնից ավել ամերիկյան փոխառություններ է իր մոտ պահում, բայց և իրենով է արել աֆրիկյան հանքերը, տրանսպորտային ուղիներ է բացում դեպի տարբեր երկրներ՝ ազատ վաճառքի համար ու համառորեն, բայց առանց բարձրաձայնելու իրենն է առաջ տանում։ Չինաստանը սպասում է, որովհետև ներկա գլոբալ աբսուրդներին խառնվելն առնվազն խոհեմ չէ։

Մոտավորապես նույն ռեժիմի ու սխեմաների մեջ է Հնդկաստանը։ Ամեն երկիր փորձում է հասկանալ կատարվողն ու իրեն դիրքավորել այնպես, որպեսզի շահի և ճգնաժամերի դեպքում էլ քիչ տուժի։

Ռուսներն էլ, սովետ միությունից հետո, բազմաթիվ պարտադրված ռեժիմների մեջ են՝ Արևմուտքին ենթարկվելու, նրանց փողով օլիգարխ ու իշխանավոր դարձածներին ենթարկվելու, սանկցիաներին ենթարկվելու, առաջարկվող պատերազմներին ենթարկվելու, թոք շոուներիում Ռուսաստանն ու ռուսներին ձեռ առնող  լրագրողների ու մասնակիցների  նսեմացումներին ենթարկվելու, Պուտինի անձնական վախերից բխող հիմար հոխորտանաքներին հավատալու, ձեռ ու ոտք կապած գերու պես հազար ու մի այլ պարտադրանքներին ենթարկվելու։

Ես հաճախ նայում եմ այդ շոուների ետին պլանում նստած հանդիաստես մարդկանց դեմքերին և ապշած եմ, թե ինչ բացակայող ու տհաս հայացքներով մասսա է գոյացած Ռուսաստանում։ Այն բացարձակ նման չէ 40-50 տարի առաջվա իմ իմացած ռուսների ոչ դեմքերին ու ոչ էլ կեցվածքին։ Զոմբիների, անհասկացող-սպառողների խառնամբոխ է դա, որի ճակատագիրն իրոք անփառունակ է լինելու։

Բայց և, սթափ տրամաբանականի սահմաններում անհասկանալի ու անբացատրելի են նաև ամերիկացիների ու անգլիացիների ու մասամբ էլ եվրոպացիների դիրքորոշումները, իրենց արածն ու չարածը։ Որովհետև եթե հարուստների ու աղքատների տարամետում-դիվերգենցիան շարունակվի ներկա տեմպերով, շուկան ու փողը մեկուսանան իրարից այս  միտումներով, գլոբալացումն ընթանա զուտ շանտաժներով, պատերազմները հրահրվեն աներևակայելի ուղիներով երկրի ղեկավար դարձած աշխարհագրագետ Թերեզա Մեյի ու միջակ լրագրող Բորիս Ջոնսոնի պես մարդկանց շինծու մեղադրանքներով, ապա հեռու չէ այն օրը, երբ մածունին սպիտակ ասողը քաղաքական աշխարհում հաստատապես խելագար կհամարվի։ Միջին շերտը կվերանա բոլոր երկրներում, և ասպարեզը կմնա մի բուռ ստրկատերերին, դրանց միլիոնավոր դրոնակերպ-ռոբոտակերպ վերակացուներին և միլիարդավոր ստրուկներին։

Ես ունեմ իմ տրամաբանությունը կատարվողի վերաբերյալ, որը հաստատ սուբյեկտիվ է և անընդունելի է շատերին, բայց և այն թույլ է տալիս ինձ գոնե մասնակի հասկանալու ու կողմնոշվելու կատարվողում։

Ես այն կարծիքին եմ, որ ռուսներին որպես հերթական զոհի սպառումը գլոբալ խնդիրները չի լուծելու, որովհետև հին ռազմաքաղաքական տրամաբանությամբ շարժվելն այլևս անհնար է՝ թույլին հոշոտելն այլևս լուծում չէ ու չի կարող լինել։

Ես նաև համոզված եմ, որ ԱՄՆ-ն այն հզորագույն ֆինանսական-քաղաքական ու ռազմական ուժ-մահակ-լծակն է, որի միջոցով ինչ որ մարդիկ իրենց մոլուցքներն են բավարարում։

Ներկա ռազմաքաղաքական աշխարհի միակ տրամաբանություն է դարձել թույլին հոշոտելու նախնադարյան մշակույթ-վայրենությունը։ Եվ երկրների վարքը որոշող հիմնական պայման է դարձել նոր քավության նոխազ չդառնալու հիստերիկ վախը։

Սադամի, Միլոշևիչի ու Կադաֆիի ավարտված ճակատագրերն ու հիմա էլ Ասադի ու Պուտինի սպասվելիք ճակատագրերն այնպիսին են, որ ոչ մեկը չի փորձում նույնիսկ հպանց կասկածվի ոչ լոյալության մեջ։ Եվրոչինովնիկությունն ու առհասարակ արևմտյան պաշտոնյաների ահռելի բանակը թաղված է ուժեղների հաճոյանալու դեմագոգիայի ճահճում և մերժում է հիմնական ակնհայտը՝ Եվրոպայի մոտակա մահմեդականացումը, որը, թվում էր, թե արևմտյան անվտանգության համար մեկ մտահոգությունը պետք է լիներ։

Նույնը նաև այլ ասպարեզներում է, և ոչ միայն Եվրոպայում։ Տեղերում մասս-մեդիայով ընտրական պրոցեսների բացարձակ վերահսկման պարագայում, իսկ Եվրամիության դեպքում, ուղղակի ոչ ընտրովի եվրոչինովնիկների առկայության պայմաններում,   իշխանական պատասխանատվության հարցը փաստացի օրակարգից հանված է։ Տուսկի ու  Մոգերինիի պես խամաճիկներ են արդեն քաղաքական օլիմպում և նրանց միջոցով է կյանք մտնում մարդկությանը թելադրվող ներկան ու ապագան։

Իսկ թե ովքեր են այդ մարդուկներին կառավարում-թելադրում, դա ոչ միայն անհայտ, այլև ներկա աշխարհի ամենահիմնական տաբուապատ հարցն է։ Այդ մարդկանց ով լինելը քննարկելն ու բացահայտելը չկա՝ շարքային ես, բարի եղիր հիմա, կամ վաղը թնդանոթի միս  դառնալու, իսկ բացահայտելը քո իրավունքը չէ։

Որևէ երկրի իշխանության մաս ես, ենթարկվիր քեզ առաջարկվող ցուցումներին։ Վերին իշխանավոր ես, ուղեղ աշխատեցրու և ինքնուրույն արա քեզանից սպասվելիքը՝ ստիր, կեղծիր, մեղադրիր անմեղին, խաբիր, խառնիր, վախեցրու՝ իսկ թե ինչո՞ւ, դա քո գործը չէ։

Եթե պայմանականությունները մի կողմ դնենք ու ներկա սյուռեալիստականի փոխարեն ռեալիստականը ներկայացնենք, ապա պատկերը մոտավորապես այսպիսին է։

Homo Sapiens-ներիս մեջ լիքը անպաշտպան, սոցիալականի հույսով ու սոցիալական տրամադրված “խոտակեր” կա։ Հուսահատությունը համակել է մեր մեջի հենց Homo Socialis-Սոցիալական Մարդ թույլ “տեսակին”, իսկ Homo Predator-ը Գիշատիչ մարդը, ուժեղը, անխաթար է մնացած ու բարգավաճում է։ Եղածը գիշատիչների իդեալական արգելոց է, բա չբարգավաճե՞ն։

Ապասոցիալական այլ տարատեսակներն էլ՝ ասենք Սողուն մարդը, Անողնաշար մարդը,  Պնակալեզ մարդը, Սրիկա, կամ Տականք մարդիկ, համակարգի անհրաժեշտ դետալներն են։ Սրանք գիշատիչների ու խոտակերների միջև եղած այն միջնորդներն են, առանց որոնց գիշատիչը սոված կմնար։ Միջնորդն է, որ խոտակերին մատուցում է գիշատիչին, իր ոտքով հասցնում կառափնարան, հիպնոսում, նախապատրաստում հոշոտվելուն, որ հանկարծ վերջին պահին աղմուկ աղաղակ չլինի՝ խոտակեր ես, բարի եղիր հոժարակամ հոշոտվելու։

Մեծ, կոնցեպտուալ խնդիրն այն է, որ շարքային մարդն այլևս աշխատում է ոչ թե փող վաստակելու ու իր կյանքը հոգալու համար, այլ ծնված օրից արդեն իսկ իր վրա դրված պարտքերը փակելու համար։ Պարտքն էլ, ինչպես գիտենք, ստրկության նախապայմանն է։

Կապ չունի, թե ներկա ստրկությունն ինչ տեսք ու կառուցվածք ունի, թե քանի ստրկատիրոջը քանի ստրուկ է հասնում, թե քանի վերակացու կա “արանքում” ու քանի ձրիակեր։ Բոլորն են համակարգում ընդգրկված, և եթե մարդը շարքային միլիարդատեր է, դա չի նշանակում, որ ինքը ստրուկ չէ՝ Ոչ, ինքն էլ մի քիչ ավելի մեծ իրավունքներով ստրուկ է, ի տարբերություն բոմժերի, որոնք ևս գայատևում են հօգուտ համակարգի, որպես դիդակտիկա, որով կզսպեն համակարգի դեմ գնացողներին՝ թե տես քեզ էլ կսարքենք բոմժ, եթե համը հանես՝ Դոմենիկ Ստրաուս Կանի վառ օրինակը վկա։

“Աշխույժ, ձեռներեց, հասկացողներին” փողով, իսկ միամիտներին ու դանդալոշներին էլ՝ պարտքով, բոլորին են դարձրել ստրուկ։ Իսկ հոգեբանությունն էլ պնդում է, որ ստրուկի ուղեղում դիմացինին հասկանալու և նրա հետ համագործակցելու փոխարեն, նրան նախանձելու մեխանիզմ է լարած, որի դեմ ոչ մի խաղ չկա՝ ստրուկից “հզոր” քստմնելի էգո չկա:

Մինչևէ հիմա պետությունը գիտակից և ինքնաբավ մարդկանց ինքնուրույն կառավարվելու և ապրելու կենսունակ կառույցն էր, որը կարողանում էր և պաշտպանվել, և ռացիոնալ կերպով հարաբերվել հարևանների հետ՝ միաժամանակ ապահովելով ներքին ֆիզիկական, հոգևոր և ստեղծագործ կյանքի բոլոր պայմանները:

Հիմա պարտադրվում է պետության սկզբունքային նոր մոդել։ Ըստ դրա, ցանկացած պետություն այլևս միջազգայնորեն որոշում կայացնող ինչ որ անհայտ սուբյեկտների կալվածքն է, ուր բուտաֆորիկ է ամեն ինչը՝ իշխանությունը, իրավունքը, ճշմարտությունը, պատիժն ու խաղաղությունը։

Օրուելը գալիք աշխարհը տեսնում էր երեք գերուժերի մշտական անիմաստ պատերազմի ձևով։ Թե ինչպիսին կլինի հիմա առաջարկվող ու մեր աչքերի առջև կերտվող նոր աշխարհը, դեռ անհայտ է։ Բայց և փաստ է, որ արդեն իսկ փողայինի փոխարեն պարտքային աշխարհ է կերտված, որը հին տեսքով ու սկզբունքներով գոյատևել չի կարող։

Ամենաընթերցվածը