Ինչ գիտե Լապշինը. հուժկու պատասխան Հայաստանից

    • Հասարակություն - 07 Ապրիլի 2018, 15:42
Հայաստանի Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Զարմինե Զեյթունցյանը պատասխանել է իսրայելցի բլոգեր Լապշինի գրառմանը, որ նա սոցցանցում արել էր Հայաստանում զբոսաշրջության ոլորտի խնդիրների, մասնավորապես էժան հյուրանոցների եւ էժան ավիատոմսերի բացակայության մասին, ասելով, որ իր թոշակառու մայրը կարող է իրեն թույլ տալ 500 եվրոյով հանգստանալ մեկ շաբաթ ասենք Փարիզում, բայց Երեւանում այդ գնով հանգստանալ հնարավոր չէ:

Զարմինե Զեյթունցյանը 168 ժամի հետ զրույցում ասել է, որ Լապշինի գրառումը սիրողական է, Վրաստանի հետ համեմատությունը անտեղի, որ Լապշինը չի տիրապետում իրավիճակին, Հայաստանի զբոսաշրջության ոլորտում 18,5 տոկոս տարեկան աճին, եւ եթե օրինակ նրա թոշակառու մայրը չի մտել այդ 18,5 տոկոս աճի մեջ, ապա դա նրա խնդիրն է:

Լապշինի գրառումն անշուշտ սիրողական է, բայց հենց դրանով է այն հետաքրքիր եւ ուշադրության արժանի, որովհետեւ այն կարծիք է՝ Հայաստան զբոսաշրջային այց կատարած կոնկրետ մարդու կարծիք, գնահատական: Իհարկե, այն միակը չէ, կան նաեւ բազմաթիվ դրական գնահատականներ, բայց ոլորտի պատասխանատուների համար առնվազն հավասարապես, եթե ոչ ավելի կարեւոր պետք է լինի «սիրողական քննադատությունը»: Որովհետեւ այդ մարդիկ, ի տարբերություն օրինակ ոլորտի պաշտոնյաների եւ ընդհանրապես պետական քաղաքականություն իրականացնողների, անմիջապես իրենց «մաշկի վրա» են զգացել խնդիրները, հետեւաբար նրանց անգամ սուբյեկտիվ, իրականությունն ամբողջությամբ չարտացոլող տեսակետը կարեւոր է ոլորտի զարգացումը ավելի արագ եւ ծավալուն դարձնելու համար:

Վերջին հաշվով ինչի, եթե ոչ հենց այդպիսի սիրողական կարծիքների համար է պետք զարգացնել զբոսաշրջային ոլորտը, որ հնարավորինս նվազեն սիրողական բացասական կարծիքները եւ ավելանան սիրողական դրական կարծիքները Հայաստանի զբոսաշրջային գրավչության վերաբերյալ:

Օրինակ, երբ Լապշինն ասում է, որ Երեւանում կենտրոնում հնարավոր չէ գտնել 50 դոլարից ավելի էժան համարով հյուրանոց, պետք չէ դա ընկալել բացարձակ իմաստով եւ ասել, թե այսինչ հյուրանոցում կա: Խոսքն այն մասին է, որ քիչ կա եւ համարժեք չէ պահանջարկին, ու շատերն այդ պատճառով չեն կարողանում գտնել այդպիսի հյուրանոցներ: Ըստ այդմ, պետք է անել հետեւություն ու եզրակացություն, ոչ թե ասել, թե գուցե մենք մասսայական զբոսաշրջության երկիր չենք, Լապշինն ինչ գիտե:

Իսկ Զարմինե Զեյթունցյանը գիտե՞: Որովհետեւ այդ դեպքում պետք է հստակ ասել՝ մասսայական զբոսաշրջության ուղղությամբ աշխատո՞ղ երկիր ենք, թե՞ ոչ: Եվ ոչ թե հարց տալ, թե գուցե այդպես է, Լապշինն ինչ գիտե:

Այլապես ստացվում է «ռազբորկա», ինչը ամենեւին ողջախոհ չէ Հայաստանի հեղինակության, վարկի տեսանկյունից, առավել եւս պաշտոնյաների վարքագծի եւ ֆունկցիոնալ կարգավիճակի:

Ընդհանրապես, Հայաստանում պաշտոնյաների, նրանց մամուլի խոսնակների գերակշռող մասի վարքագծում՝ որեւէ քննադատության դեպքում, գերիշխում է «ռազբորկայի» տոնայնությունը, թե դու ով ես, կամ դուք ով եք, որ մեզ բան ասեք: Մինչդեռ, եթե անգամ քննադատությունը խիստ սուբյեկտիվ ու անհիմն է, պաշտոնյաների եւ նրանց խոսնակների լիակատար իրավունքն է իհարկե տեղը դնել քննադատողին, բայց առաջին հերթին հանրության առաջ մասնագիտական եւ էթիկական պատասխանատվությամբ, թեկուզ ի տարբերություն այդ պատասխանատվությունը չցուցաբերող քննադատների կամ ընդդիմախոսների:

Դա իհարկե առանձին խոսակցության նյութ է, առավել եւս, որ Զարմինե Զեյթունցյանի պատասխանի պարագայում չկա էթիկական անպատասխանատվության դրսեւորում, կա պարզապես խնդրի հանդեպ ոչ համարժեք մոտեցում, հատկապես երբ խոսքը մարդու մասին է՝ Լապշինի, որը հանրային կարծիք է ձեւավորում արտերկրի մի շարք շրջանակներում:

Ըստ այդմ, պետք է ձգտել գուցե հակառակին՝ Հայաստանի համար փորձել նաեւ արտաքին վարկի իմաստով օգտակար դարձնել բլոգերի այդ քննադատական գրառումը, թեկուզ օրինակ առ օրինակ, թիվ առ թիվ հենց նրա իսկ տիրույթում պատասխանելով քննադատությանը, պարզապես առանց «Լապշինն ինչ գիտե» կամ ինչ է հասկանում տոնայնության եւ տեքստի:

Առավել եւս, որ Հայաստանում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման խնդիրը ակնառու է, անգամ 18,5 տոկոս աճի եւ թվային 1,5 միլիոն զբոսաշրջիկի պարագայում, երբ դրանց մի զգալի մասը պարզապես սփյուռքահայեր են կամ Հայաստանից տարբեր տարիներին մշտապես հեռացած քաղաքացիներ:

Անշուշտ, այստեղ անհրաժեշտ է արձանագրել նաեւ, որ կոնկրետ Զբոսաշրջային կոմիտեն՝ Զեյթունցյանի գլխավորությամբ, ոլորտի համար մեծ հաշվով պատասխանատու է ընդամենը մոտ մեկ տարի, մինչդեռ առկա խնդիրները ունեն տարիների «կենսագրություն»: Այսինքն, օրինակ ի տարբերություն հարեւան Վրաստանի, որի հետ է հիմնական համեմատությունը, Հայաստանում ոլորտի ենթակառուցվածքային զարգացման ուղղությամբ կատարվող ներդրումները չափազանց քիչ են, ընդ որում ոլորտի գեներացման ուղղությամբ շատ թե քիչ աշխուժություն նկատվում է վերջին մեկ-երկու տարիներին:

Բայց, այդ ամենով հանդերձ, պետք է դուրս գալ նաեւ վիճակագրական ինքնապաշտպանության տրամաբանությունից եւ իրավիճակին նայել հենց «սիրողական» մակարդակով: Ընդ որում, դա վերաբերում է Հայաստանի պետական կառավարման բոլոր ուղղություններով պատասխանատուներին՝ վերից վար:

Ամենաընթերցվածը