«Հրանտ Մաթևոսյան» ամենամյա գրական մրցանակին արժանացավ Վազգեն Գաբրիելյանը

  • Հասարակություն - 12 Փետրվարի 2018, 15:34
Գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանի անվան ամենամյա մրցանակն այս տարի հանձնվեց գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Վազգեն Գաբրիելյանին:

Մաթևոսյանի ծննդյան կապակցությամբ Գրողների միությունը գեղեցիկ միջոցառումն անցկացրեց փետրվարի 12-ին Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում: Մտավորականները ծաղիկներ խոնարհեցին գրողի շիրմին:

«Առանց գրաքննադատության և գրականագիտության դժվար է պատկերացնել գրականությունը: Երբեմն անգամ գրողը լիարժեք չի կարող ասել, թե ինչ է ստեղծել: Անհրաժեշտ են գրականագետներ, փիլիսոփաներ, որոնք կբացահայտեն դա: Վազգեն Գաբրիելյանը նրանցից մեկն է: Նա Մաթևոսյանի և այլ գրողների ստեղծագործությունների բազմաթիվ հետազոտություններ է իրականացրել, մշտապես մասնակցել մաթևոսյանական ընթերցումների, կազմել ու խմբագրել դրանց ժողովածուները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Անդրադառնալով Հրանտ Մաթևոսյանին` Միլիտոնյանն ասաց, որ նա հայ ինքնության անցյալ, ապագա քարտեզը ստեղծող, շարունակող, լրացնող, խորացնող, պեղող արձակագիր է:

Վազգեն Գաբրիելյանը շնորհակալություն հայտնեց մրցանակի համար և շեշտեց, որ Հրանտ Մաթևոսյանը հրաշալի գրական ժառանգություն է թողել, որն ապրեցնում էր տարիներ առաջ և շարունակում է ապրեցնել: «Կարծում եմ` այն հատկապես կարևոր է մեր գրական զարգացման ընթացքի համար»,-ընդգծեց գրականագետը:

Հրանտ Մաթևոսյանի այրին` Վերժինե Մովսիսյանն ասաց` ուրախ է, որ մրցանակին արժանացավ իր ամուսնու պատանեկան ընկերը, բարեկամը, ում հետ Մաթևոսյանը որոշ ժամանակ վարձով է ապրել:

Նա նաև Մաթևոսյանի երազներից մեկը պատմեց: «Մեր գյուղի գերանների վրա նստել էինք ես, Թումանյանն ու Տոլստոյը, զրուցում էինք. հանկարծ Տոլստոյը վեր կացավ ու գնաց, Թումանյանն էլ հարցրեց, թե ի՞նչ ասացի, որ նա հեռացավ, և ես արթնացա»:

Մրցանակը հիմնել է Հայաստանի գրողների միությունը «Հրանտ Մաթևոսյան» մշակութային-բարեգործական հիմնադրամի, Մաթևոսյանի ընտանիքի, ՀՀ կառավարության աջակցությամբ: Այն շնորհվում է արձակագիրներին և գրականագետներին: Տարբեր տարիների այդ մրցանակին արժանացել են Լևոն Խեչոյանը, Վահագն Գրիգորյանը, Ռուբեն Հովսեփյանը, Ժենյա Քալանթարյանը և այլք:

Ամենաընթերցվածը