Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի բացման աշխատանքներն ընթացքի մեջ են

  • Հասարակություն - 12 Փետրվարի 2018, 11:15
Ամերիկահայ գրող, համաշխարհային գրականության կարկառուն ներկայացուցիչ Վիլյամ Սարոյանի կենսագրությունը, ստեղծագործական կյանքը, ճանապարհորդությունների, հուշերի մասին պատմող նյութերը, նկարները թվայնացված տարբերակով կներկայացվեն նրա տուն-թանգարանում, որի երկար սպասված բացումը նախատեսվում է իրականացնել օգոստոսի 31-ին` գրողի հոբելյանական 110-ամյակին: Այս կապակցությամբ  «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է «Սարոյան Հաուս» նախագծի օգնական Անժելա Ավագյանի հետ:

«Ներկայումս տուն-թանգարանի շինարարական աշխատանքները կանգ են առել, քանի որ բանակցություններ են իրականացվում Ֆրեզնոյի քաղաքապետարանի հետ, և այդ գործընթացը դեռ շարունակվում է: Հավանաբար, փետրվարի վերջին կամ մարտի սկզբին թույլտվություն կստանանք, և բարեկարգման փուլը կվերսկսենք»,-նշեց Ավագյանը և հավելեց, որ կարևորագույն նյութերի հավաքման աշխատանքները դեռ շարունակվում են:

Նա ընդգծեց, որ թանգարանը ստեղծելիս ձգտել են հնարավորինս հետաքրքիր ու բազմաբովանդակ տեղեկություններ, հոդվածներ հավաքել Սարոյանի մասին: Թանգարանը կլինի ինտերակտիվ և նորարարական լուծումներով հարուստ, թանգարանի ֆոլոգրամը այցելուներին կպատմի Սարոյանի կյանքի, ստեղծագործությունների մասին: Ցուցանմուշների մեծ մասը` նկարներ, Սարոյանի ճանապարհորդությունների վերաբերյալ հոդվածներ, նոթեր, կներկայացվեն թվայնացված տարբերակով:

Ավագյանի խոսքով` թանգարանի բացմամբ հետաքրքրվում են ոչ միայն հայերը, այլև օտարերկրացիները` առաջարկելով իրենց աջակցությունը:

«Ռենեսանս» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը 2016 թվականի դեկտեմբերին ձեռք է բերել Վիլյամ Սարոյանի տունը, որը հանվել էր աճուրդի:

Այդ իրադարձությունից հետո «Ռենեսանսի» հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը հիմնել է «Սարոյան Հաուս» նախագիծը` ցանկանալով գրողի տունը վերածել թանգարանի: Նախագիծը մշակելու համար հայտարարվել էր մրցույթ, որի արդյունքում հաղթել էր «Ստորակետ» ճարտարապետական ստուդիան` առաջարկելով ոչ ավանդական, նորագույն տեխնոլոգիական լուծումներով հագեցած նախագիծ:

Սարոյանն ու Սարոյանի հերոսները, նրանց պատմությունները 3D մակետավորմամբ կտեղավորվեն 114 մ2 տարածքում, որտեղ ժամանակին Սարոյանն է ապրել և ստեղծագործել:

 Զրուցեց Անժելա Համբարձումյանը

Ամենաընթերցվածը