Բարեփոխումները կարմիր գծերում են

  • Հասարակություն - 02 Փետրվարի 2018, 13:58
Մինչև սահմանադրական բարեփոխումները, ավելի ստույգ նոր սահմանադրության ընդունումը երկրի տնտեսությունը իր համար փափուկ վայրէջք էր կատարում: Այդ են վկայում պետական պարտքի, արտաքին պարտքի, կառավարության պարտքի, ներքին պարտքի դոլարային չափաբաժինները` ըստ ԱՎԾ-ի հրապարակած տվյալների: Բոլոր դեպքերում կառավարելի պարտք է` ըստ պատասխանատուների հայտարարությունների:

Սահմանադրական բարեփոխումների քողի ներքո ամեն ինչ արագացվեց, որպեսզի երկրի առաջընթացը թղթի վրա ակնառու լինի…, նպատակը մեկն էր` վերարտադրություն և վերջ:

Բարձրագույն իշխանությունում կադրերի տեղաշարժ է նշմարվում և կատարվում` ոմանք թոշակի են գնում, մյուսները թոշակից են գալիս, ոմանք գերդաստանով են հեռանում կերակրատաշտից, ոմանք գերդաստանով են գալիս…, ոմանք հրավերով են գալիս, ոմանք հրամանով են գնում…, և այսպես շարունակ բարեփոխումներ են արվում: Ի դեպ, նման բարեփոխումներ արվել են նաև խորհրդային տարիներին և դրանից հետո էլ:

Բարեփոխումների արդյունքում հերթական անգամ բարձրացվում է իշխանությունում գտնվողների աշխատավարձը, փոխվում է ծառայողական ավտոմեքենան, ուժեղացվում է թիկնազորը, թարմացվում է սպասարկող անձնակազմը, հիմնովին վերանորոգվում են նստավայրերը…, և այսպես շարունակ: Իրավական փակ ակտերով տրվում են սոցիալական լրացուցիչ երաշխիքներ:

Ի դեպ, արված բարեփոխումների արդյունքում առայժմ չի բարձրացվել կենսաթոշակառուների կենսաթոշակի չափը, չի ինդեքսավորվել նվազագույն աշխատավարձը: Նման «մանր-մունր» հարցերում իշխանությունները աշխատում են խնայողության խիստ ռեժիմով` մեկ լուման պետք է խնայել, որպեսզի իշխանավորների պաշտոնական հյուրախաղերի համար 100 հազարավոր դրամները և դոլարները փոշիացվեն:

Դժվարությունները մարդու համար են, և քաղաքացիների գերակշռող մասը այն հաղթահարում է հույսով, որ մի օր կգա իրական բարեփոխումների ժամանակը: Սակայն ստացվել է այնպես, որ ամեն մի «բարեփոխումից» հետո հիշում ես նախորդի առավելությունները:

2018թ. ապրիլի 9-ից հետո հայրենի կառավարությունը իր դռները կփակի ԶԼՄ-ների համար` դրանից բխող հետևանքներով: Նման ձևով իշխանության կարևորագույն թևը, ի դեմս գործադիրի, կկտրվի իշխանության 4-րդ թևից` լրատվությունից, որը ամեն դեպքում ապահովում էր որոշակի թափանցիկություն:

Ստացվում է այնպես, որ ապրիլի 9-ից հետո նոր սահմանադրությամբ երկրի նախագահը քաղաքացիների հետ առանձնապես շփվելու գործառույթներ չի ունենալու, վարչապետը կգործի Բաղրամյան 26-ում` նախկին ավանդույթներով, ԱԺ-ն նիստերը կանցկացնի երկաթյա պատնեշի ետևում, իսկ Հանրապետության Հրապարակում գործող փոխվարչապետները դռները փակելու են: Եվ սա սահմանադրական բարեփոխումների առավելություն է դիտարկվելու:

Այս պարագայում գուցե ակնառու էր նախորդ սահմանադրության առավելությունները: Նրանում ժողովրդավարական գործիքակազմի որոշ տարրեր տեսանելի էին:

Տեսակետ կա, որ դռնփակ նիստեր են անում շատ երկրների կառավարություններ: Կարծում եմ, այդ երկրները բաժանվում են հիմնականում 2 խմբի` ոչ ժողովրդավարական ի դեմս Հյուսիսային Կորեայի, որտեղ ամեն ինչ գտնվում է անխափան հսկողության տակ և ազգաբնակչությունը զոմբիացված է, և իրապես ժողովրդավարական ի դեմս Շվեդիայի և ԲենիԼյուքսի երկրների, որտեղ սոցիալական ապահովության մակարդակը այնքան բարձր է, որ քաղաքացիները անտարբեր են քննարկումների արդյունքների նկատմամբ: Նրանք ապրում են իրապես բարեկեցիկ երկրում:

Մեզ մոտ ստացվել է այնպես, որ ոչ միայն ավտոմեքենաներն են հայտնվել կարմիր գծերում, այլև առաջիկայում ողջ լրատվությունը` բացառությամբ պաշտոնականի:

Կարմիր գծերով ժողովրդավարություն ենք կառուցում:

Գառնիկ ՎաղարշակյանՀայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ 

Ամենաընթերցվածը