Շեյխ Սաուդ Բին Սաքր Ալ Քասիմին կայցելի Seaside Startup Summit UAE

  • Հասարակություն - 12 Հունվարի 2018, 13:39
2017 թվականի հոկտեմբերին, «Startup Armenia» հիմնադրամի և RAK «Incubation and Accelerator»-ի միջև կնքվեց համաձայնության հուշագիր, ըստ որի «Sevan Startup Summit»-ի ֆորմատով միջոցառում կանցկացվի նաև ԱՄԷ-ում։ Հետագայում հայտարարվեց, որ ԱՄԷ-ի Ռաս Ալ Խայմա էմիրությունում, փետրվարի 8-ից 12-ը տեղի է ունենալու Հայաստանի սահմաններից դուրս անցկացվող առաջին «Seaside Startup Summit»-ը։

Ծովային ոգեշնչող տեսարանի ներքո վրանային ֆորումի ֆորմատով կազմակերպվող սամմիթը խոստանում է անմոռանալի զգացողություններ պարգևել իր մասնակիցներին։ ԱՄԷ-ում տեղի ունեցող ամենամեծ բացօթյա ստարտափ միջոցառումը հյուրընկալելու է տեղական, տարածաշրջանային և միջազգային գործարարների, ստարտափների և ներդրողների։

Մենք ուրախ ենք հայտարարելու Շեյխ Սաուդ Բին Սաքր Ալ Քասիմիի Սամմիթին ներկա գտնվելու մասին։ Ներկա կլինեն նաև պետական կառույցների ներկայացուցիչներ Հայաստանից և ԱՄԷ-ից։

Տարբեր երկրներ ներկայացնող ստարտափների համար կլինեն հիմնական և ոլորտային մրցույթներ, որոնց նրանք կմասնակցեն կախված իրենց զարգացման մակարդակից և գործունեության ոլորտից։ Ստարտափները նաև հնարավորություն կստանան ոչ ֆորմալ պայմաններում իրենց գաղափարներները ներկայացնել ներդրողներին և տեղում ներդրումներ ստանալ։

Սամմիթի ընթացքում մասնակիցները հնարավորություն կստանան մասնակցելու բազում դասախոսությունների, խարույկի շուրջ ոչ ֆորմալ զրույցների, մրցույթների և ժամանցային միջոցառումների։

Միջոցառումը կազմակերպվում է «Startup Armenia» հիմնադրամի և տեղի գործընկեր «RAK Incubation and Accelerator»-ի կողմից։

Ամենաընթերցվածը